24 փետրվարի 2012 - 13:26 AMT
Գագիկ Հարությունյան. Իրանում պատերազմի դեպքում, Ադրբեջանը նախ և առաջ մտածելու է իր անվտանգության մասին

Իրանում պատերազմի դեպքում, Ադրբեջանը, նախ և առաջ, մտածելու է իր անվտանգության, այլ ոչ թե Ղարաբաղի մասին: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Նորավանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության մեջ Իրանի ներգրավվածության մասին ադրբեջանցիների տարածած հայտարարություններին, Հարությունյանն ընդգծել է. «Ղարաբաղյան հակամարտության մեջ Իրանի ներգրավվածության մասին ադրբեջանցիների հայտարարությունները քարոզչության դրսևորում են»: «Ընդ որում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարվածությանը»,-հայտարարել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանում և հակամարտությունում Ռուսաստանի դերին, Հարությունյանը նկատել է, որ Նիկոլայ Բորդյուժայի վերջերս արված հայտարարություններն ապացուցում են, որ ՌԴ հաստատակամ է տարածաշրջանային հակամարտություններում ակտիվ գործունեություն ծավալելու գործում:

Օրերս տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ չի խառնվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դրա համար գոյություն ունեն համապատասխան միջազգային մեխանիզմներ, որոնք պետք է աշխատեն այս շատ բարդ խնդրի վրա: Պատասխանելով հակամարտության ճգնաժամային զարգացման դեպքում կազմակերպության դիրքի մասին հարցին, Բորդյուժան ասել է.«Հայաստանը կազմակերպության լիարժեք անդամ է և անհրաժեշտության դեպքում կստանա անհրաժեշտ օգնություն»:

Ընդ որում, Բորդյուժան ընդգծել է, որ «ՀԱՊԿ ունի ոչ միայն ուժային, այլ նաև քաղաքական և խաղաղապահ պոտենցիալ` ղարաբաղյան հակամարտության ճգնաժամային զարգացմանն արձագանքելու: «Ամեն ինչ կախված է իրավիճակի կոնկրետ գնահատումից»,-ասել է նա: