ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ, եթե մինչեւ 2004 թվականի կեսը պաշտոնական Բաքուն չկատարի ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները: Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեի անդամ Մալքոլմ Բրյուսի «Քաղբանտարկյալները Ադրբեջանում» զեկույցի բանաձեւում, որը քննարկվելու է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում: Չնայած վերջերս Ադրբեջանում համաներման շնորհիվ Եվրախորհրդի ցուցակից որոշ քաղբանտարկյալների ազատ արձակմանը` զեկույցը պարունակում է կոշտ շեշտադրումներ, գրում է Բաքվի «Զեռկալո» թերթը: Ինչպես ասվում է զեկույցում, «2001 թվականին Եվրախորհրդին Ադրբեջանի անդամակցումից ի վեր երկրի իշխանությունները անհետեւողական են եղել քաղբանտարկյալների հիմնախնդրի լուծման հարցում եւ չեն վերացրել այդ կատեգորիայի անձանց հայտնվելու պատճառները: Եթե Ադրբեջանի իշխանությունները մոտ ժամանակներս վճռական քայլեր չձեռնարկեն այդ ուղղությամբ, ապա երկիրը կարող է հայտնվել Եվրախորհրդի կողմից պատժամիջոցների կիրառման սպառնալիքի տակ»: Ընդ որում ընդգծվում է, որ քաղբանտարկյալների առկայությունը անհամատեղելի է Եվրախորհրդին Ադրբեջանի անդամակցման հետ: «Իրավապաշտպանների կողմից կազմված 716 քաղբանտարկյալների ցուցակին հարկավոր է ավելացնել եւս 88-ի անունները, որոնց գործերը տարբեր պատճառներով «մոռացվել են», սակայն նույնպես պետք է համարվեն քաղաքականապես պատճառաբանված»,- նշվում է փաստաթղթում: Փաստաթղթում ընդգծվում է նաեւ, որ Ադրբեջանում հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների առնչությամբ ձերբակալվածներից ոմանք կարող են համարվել քաղբանտարկյալներ, ինչը «ծայրահեղ մտահոգություն է» առաջացնում: «ԵԽԽՎ-ն գտնում է, որ եթե քաղբանտարկյալների խնդիրը չլուծվի մինչեւ 2004 թվականի աշնանային նստաշրջանը, ապա Ադրբեջանի ներկայությունը Եվրախորհրդին կհասնի կրիտիկական սահմանին»,- ընդգծվում է բանաձեւում: Միաժամանակ վեհաժողովը խնդրում է ԵԽ անդամ-երկրներին «չափազանց զգույշ» լինել Ադրբեջանի քաղաքացիներին Բաքվին հանձնելու հարցումները քննարկելիս, քանզի նրանք կարող են հետապնդվել քաղաքական մոտիվներով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---