21 հունվարի 2004 - 19:13 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ
2004 թվականին Վրաստանի տարածքով հայկական բեռների երկաթուղային փոխադրումների սակագինը մնացել է անփոփոխ անցյալ տարվա համեմատությամբ եւ տատանվում է մեկ տոննայի դիմաց 16 դոլարի սահմաններում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել հայկական «Ապավեն» էքսպեդիտորական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու դեռեւս այդ պաշտոնի թեկնածու եղած ժամանակ արած այն հայտարարությունը, թե վրացական երկաթուղով հայկական բեռների տարանցման սակագինը չարդարացված բարձր է, եւ կա այն կիսով չափ կրճատելու հնարավորություն, Գ.Աղաջանյանը նշել է, որ «ամեն ինչ հնարավոր է», սակայն այդ ուղղությամբ առայժմ ոչ մի տեղաշարժ չկա: Հիշեցնենք, որ 2003 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սահակաշվիլին հայտարարել էր, թե վրացական երկաթուղու սակագինը հայկական բեռների համար անարդարացիորեն բարձր է: Նրա խոսքերով, առաջին հերթին Վրաստանի նոր կառավարությունը կնվազեցնի սակագները, որոնց բարձրացումը «այդ ոլորտում կոռուպցիայի հետեւանք է»: Մ.Սահակաշվիլու կարծիքով, կոռուպցիայով են պայմանավորված նաեւ Սեւ ծովով Բաթում-Փոթի-Իլյիչովսկ լաստանավային փոխադրումների բարձր գները: