24 փետրվարի 2012 - 17:47 AMT
Facebook-ը ֆիլտրու՞մ է Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բովանդակությունը

Հանրահայտ Facebook սոցիալական ցանցում առկա զրպարտող բովանդակությունը ֆիլտրող oDesk ընկերության նախկին աշխատակիցը հրապարակել է կայքի ֆիլտրացիայի կանոններ-հրահանգները։ Դրանցից մեկն է եղել՝ արգելափակել ցանկացած բովանդակություն վերաբերող Քրդիստանին և Քրդիստանի բանվորական կուսակցությանը։ Այս մասին հաղորդում է Rudaw-ը։

The British Daily Mail-ը գրում է, որ մարոկացի աշխատակից Ամինե Դերկաոյուն հրապարակել է այդ տեղեկությունը ամերիկյան ասեկոսեների կայք Gawker-ում։

Այդ կանոնագրքում արգելվում է որևէ քննադատություն Քեմալ Աթաթյուրքի նկատմամբ, Քրդիստանի քարտեզների հրապարակում և Թուրքիայի դրոշի այրում։ Ավելին, հրահանգներում նշվում է, որ որևէ աջակցող գրառում վերաբերող Քրդիստանի բանվորական կուսակցությանը և նրան լիդերին, կարող է դառնալ պատճառ Facebook հաշիվի արգելափակման:

Facebook-ի բովանդակության մոդերացիան կատարվում է 50 հոգանոց թիմի կողմից՝ Մեքսիկայից, Թուրքիայից, Հնդկաստանից և Ֆիլիպիններից։

Twitter միկրոբլոգային հարթակում քրդերը հայտնել են իրենց զայրույթը կանոնագրքի նկատմամբ և առաջարկել են գրաքննության ենթարկել թուրք աշխատակիցներին։

Ինչպես գրում է Der Spiegel պարբերականը իր հոդվածում, Facebook-ը թվում է, թե ունի նաև հատուկ կանոններ Գերմանիային և Թուրքիային վերաբերող՝ երկու երկրների հետաքրքրություններից բխող։ «Հոլոքոստի դրժումը, ինչպես նաև Աթաթուրքին վերաբերող բոլոր քննադատությունները ՝ վիզուալ և տեքստային, պետք է ջնջվեն, այդ թվում և այն բովանդակությունը, որն աջակցում է քուրդ ահաբեկիչների խմբավորմանը և Քրդիստանի բանվորական կուսակցության ղեկավարին»,-նշվում է հոդվածում։

Կանադայում քուրդ հասարակության ակտիվիստ Դոգան Դոգանը պատմել է Rudaw-ի խմբագրությանը, որ իր Facebook էջերը փակվել են ավելի քան 5 անգամ. «Երբ դու հրապարակում ես ցանկացած բան Թուրքիայի դեմ, երբ քննադատում ես Թուրքիան և անգամ հիշատակում կամ ակնարկում Հայոց Ցեղասպանությունը, Facebook-ը անմիջապես փակում է քո հաշիվը»։

Դոգանը նշել է, որ Facebook-ը փակել է հազարավոր անդամներով այն բոլոր էջերը, որը նա ստեղծել էր քրդերի միասնության համար։ «Նրանց թիրախն են հատկապես քրդերը։ Բայց ինչու՞ են այսպես անում։ Ես կապվել եմ Facebook-ի ադմինիստրացիայի հետ երեք անգամ, սակայն երբեք չեմ ստացել որևէ պատասխան նրանցից»,-ասում է Դոգանը։

Դոգանը հավատում է, որ եթե քրդերն ունենային իրենց երկիրը, Facebook-ը չէր կարողանա այդպես վարվել իրենց հետ։