26 հունվարի 2004 - 18:09 AMT
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 25-ին Թբիլիսիում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Պաուէլին: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ համագործակցության հարցեր զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման գործում, որտեղ Հայաստանի ներգրավվածությունը ԱՄՆ պետքարտուղարը դրական է գնահատել: Կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին` առանձնակի ուշադրություն դարձնելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Նախարարները դրական են գնահատել հայ-թուրքական երկխոսությունը եւ ԱՄՆ դերը այն գործնական արդյունքների վերածելու մեջ: Քննարկվել է նաեւ Իրաքում ներկա իրավիճակը: Վ.Օսկանյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ակտիվ կերպով մասնակցելու Իրաքի հետպատերազմյան վերականգնման ծրագրերին, մասնավորապես տեխնիկական եւ հումանիտար բնագավառներում: Օսկանյանը եւ Փաուէլը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի եւ հեռանկարների վերաբերյալ: Կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով կոնկրետ արդյունքների հասնելու հնարավորությունը, ինչպես նաեւ կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների շարունակությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը Թբիլիսիում քննարկվել են նաեւ Օսկանյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Սողոմոն Պասսիի հանդիպման ընթացքում: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գտնվում էր Թբիլիսիում Վրաստանի նորընտիր նախագահ Միխաիլ Սահակաշվիլու երդման արարողությանը մասնակցելու նպաստակով: