Հայաստանն ունի միլիոնավոր հատորներով գրականություն, իսկ թվայնացումը բավական բարդ գործընթաց է։ Այսպես նշեց այսօր կայացած մամլո ասուլիս ժամանակ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։
«Մենք 2001-ին սկսեցինք թվայնացնել Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Ազգային գրադարանի, Գիտաբժշկական գրադարանի և Գիտապալատի գրադարնները։ Այժմ մենք ունենք մոտ 1 միլիոն թվայնացված գրառումներ»,-նշեց նա և ավելացրեց, որ թվայնացման գործընթացը սկվել է էլեկտրոնային քարտարանների ձևավորումից։
«Էլեկտրոնային քարտարանները հեշտացրել են գիրք որոնելու գործընթացը։ Էլեկտրոնային քարտարանում գրքի անվանման հետ միասին կա նաև գրքի նկարագրությունը, այն կազմելը կրկին բարդ գործընթաց է»,- ասաց տնօրենը։
Տիգրան Զարգարյանի խոսքով, էլեկտրոնային քարտարանների ձևավորմանը հաջորդում է տեքստային նյութերի թվայնացումը։ Յուրաքանչյուր գրքի թվայնացում պահանջում է յուրաքանչյուր էջի նկարում, մշակում, տեղադրում ինտերնետում, արխիվացում։ Ապա նաև պահանջվում են հզոր սերվեներ, համապատասխան ծրագրային ապահովում, գրադարանավարների վերապատրաստում։ Տիգրան Զարգարյանի խոսքով, Հայաստանի գրադարանների թվայնացման գործընթացին աջակցում է Բաց հասարակության ինստիտուտը, մշակույթի նախարարությունը, ԳԱԱ-ն, կառավարությունը և այլն։ Սակայն, թե որքան ֆինանսավորում է մինչ օրս հատկացվել այս գործընթացի համար, ՀԱԳ տնօրենը չնշեց։
Հայաստանի ազգային գրադարանը ամենախոշոր պահոցն է 7 միլիոն գրքերով։ Ըստ ՀԱԳ տնօրենի, կան գրքեր, որ խունացել են, կան գրքեր, որոնցից 1 օրինակ կա։ «Թվայնացումն առաջին հերթին լուծում է մեր գրականության ապահովագրման խնդիրը։ Այս 10 տարվա ընթացքում մենք հասցրել ենք թվայնացնել մեր հայ գրականության ընդամենը 1-2%-ը»,-նշեց Տիգրան Զարգարյանը։
Տիգրան Զարգարյանը տեղեկացրեց նաև, որ յուրաքանչյուր թվայնացված գիրք տեղադրվում է ՀԱԳ, ԳԱԱ, ԵՊՀ օնլայն գրադարններում և վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԳԱԱ գիտական աշխատանքները կարդում են նաև դրսում՝ ԱՄՆ, Եվրոպայում և այլն։