28 փետրվարի 2012 - 17:40 AMT
Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱԺ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչների` Լեհաստանի ուսանողական ազգային միությունների զարգացման հանձնաժողովի ներկայացուցիչ Մարեկ Բարանսկու, Ռումինիայի ուսանողական ազգային միության նախագահ Դանիելա Ալեքսեի և Ֆինլանդիայի ուսանողական ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Սալենեի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Ասատրյանցը:

Հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան են այցելել` ուսումնասիրելու Հայաստանի կրթական համակարգը, պարզելու բուհերի կառավարման գործընթացին ուսանողների ներգրավվածության աստիճանը, նրանց խնդիրները, Եվրոպական ուսանողական միության չափորոշիչներին Հայաստանի կրթական համակարգի համապատասխանութան աստիճանը:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` Արտակ Դավթյանը նշել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը զբաղվում է նաև երիտասարդությանը և կրթությանը վերաբերող հարցերով: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային` անդամակցելու Եվրոպական ուսանողական միությանը: