28 փետրվարի 2012 - 18:36 AMT
Գեղարքունիքի մարզը կարող է լուրջ առաջընթաց ունենալ անասնապահության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում այսօր մասնակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր և Կարճաղբյուր համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի ժողովին: Ներկայացնելով գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող կառավարության ծրագրերը, նախարարը անցյալ տարվանից մեկնարկած և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը դրանցից մեկն է համարել, նշելով, որ վերջինիս շրջանակներում արդեն ստեղծվել են 33 կոոպերատիվներ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

«Հացահատիկի շտեմարան համարվող Գեղարքունիքի մարզը արոտավայրերի արդյունավետ օգտագործման պարագայում կարող է լուրջ առաջընթաց ունենալ նաև անասնապահության ոլորտում: Կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, կբարեկարգվեն ճանապարհները, կկառուցվեն խմոցներ, կլուծվի ջրարբիացման և կաթի մթերման կայանների հարցը: Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը տոհմային գործի բարելավումն ու մթերատվության բարձրացումն է, որը պետք է կայանա արհեստական սերմնավորման ճանապարհով»,- ասաց նախարարը, ծրագրի իրականացման համար կարևոր նախապայման դիտարկելով կոոպերատիվների ստեղծումը:

Լսելով ՀՀ գյուղնախարարին ու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի ղեկավար Գագիկ Խաչատրյանին, քննարկման մասնակիցները լավատեսություն հայտնեցին, որ ծրագրի իրականացման արդյունքում կկարողանան վերականգնել անասնապահության երբեմնի բարձր ցուցանիշները: Կարևորվել է ծրագրի շրջանակներում ավելի մատչելի գնով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը, ինչի կարիքն այսօր խիստ զգացվում է գյուղերում: Գյուղտեխնիկայի մասով նախարարը տեղեկացրել է, որ այն նախարարության գերակա խնդիրներից է:

«Խնդիրները շատ են, սակայն հանրապետության նախագահի հանձնարարությամբ հաջողվել է լուծել դրանց մի մասը:

Կառավարության կողմից իրականացված ծրագրերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ անցյալ տարի մեզ հաջողվեց ոլորտում ապահովել 14,1 տոկոսանոց աճ: Նման ծրագրերը լինելու են շարունակական: Այս տարի գյուղացին ազոտական պարարտանյութի 1 պարկի դիմաց կվճարի 6000 դրամ: Մնացած գումարը կսուբսիդավորի պետությունը: Ավելին, այն կհասցվի մինչև համայնքներ:

Նույնը վերաբերում է նաև դիզվառելիքին, որի 1 լիտրի համար գյուղացին կվճարի 350 դրամ, մնացած մասը կսուբսդավորի պետությունը: Աշնանը կշարունակվի գյուղացիական տնտեսությունների հացահատիկի էլիտար սերմացուի բաշխումը, իսկ ապրիլ ամսից կմեկնարկի ցածր տոկսադրույքներով վարկրի տրամադրումը»,- նշել է նախարարը: