29 փետրվարի 2012 - 15:09 AMT
2012-ին կստեղծվի ՀՀ էլեկտրոնային կոմերցիայի օրենսդրություն

ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված էլեկտրոնային առևտրի ոլորտի խնդիրներն ուսումնասիրող և լուծումներ առաջարկող միջգերատեսչական հանձնաժողովը, ներկայացնելով իր առաջարկները կառավարությանը, վեր է հանել 9 խումբ խնդիրներ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց միջգերատեսչական հանձնաժողովը համակարգող, ՀՀ էկոնոմիկային նախարարության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Ըստ Վահե Դանիելյանի, այս տարի էկոնոմիկայի նախարարությունը միջազգային օրենսդրությանը համապատասխան կմշակի էլեկտրոնային կոմերցիայի օրենսդրություն։

«Ուսումնասիրելով էլառևտրի դաշտի խնդիրները, հասկանալի է դառնում, որ դրանց լուծումը կարևոր է ՀՀ տնտեսության զարգացման համար։ Էլեկտրոնային առևտրին խոչընդոտողը մաքսային, հարկային և վճարահաշվարկային համակարգերում օրենսդրական ձևակերպումների բացակայությունն էր»,-նշեց Վահե Դանիելյանը, օրինակ բերելով էլառևտրի դեպքում մի քանի խնդիրներ՝ մաքսային արժեքի ձևակերպման, բեռի մաքսային հայտարարագրերի պարզեցման, մաքսային փաստաթղթերի լրացման, էլ.գործարքի չեղարկման և այլն խնդիրներ։

Բոլոր այս խնդիրների լուծման առաջարկները պատրաստ են և սպասում են կառավարության քննարկմանը։

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգացնելու նպատակով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ձեռնամուխ է եղել իրավական դաշտի կարգավորման խնդիրների լուծմանը։ 2011թ. հոկտեմբերից միությունը՝ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ, իրականացնում է էլեկտրոնային առևտրի բնագավառում պետական քաղաքականության և իրավական դաշտի բարեփոխումների ծրագիր: