Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը

Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակներ հանձնվեցին 2011թ. երիտասարդական տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կառույցներին։

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ մրցանակները հզոր եռանդ են հաղորդելու երիտասարդներին իրենց հետագա աշխատանքներին։ «Մրցանակաբաշխության ամենակարևոր նպատակն է խթանել ու խրախուսել երիտասարդության շրջանակում ակտիվությունը, ինքնակազմակերպման ձեր բոլոր դրսևորումները, որովհետև դրանով իսկ դուք ավելացնում եք մեր հասարակության ինքնակազմակերպման կարողությունները, որն ամենալուրջ խնդիրն է այսօր քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում։ Գաղտնիք չէ, որ երբ մշտապես խոսվում է հասարակության սիներգիայի մասին, Հայաստանը մատնանշվում է այդ սիներգիայի դեռևս ցածր պոտենցիալ ունեցող երկրների շարքում, իսկ դա նշանակում է, որ այդ նոր պոտենցիալը, նոր մտածողությունն առաջին հերթին պետք է ձևավորվի ձեր մեջ։ Եվ այս մրցանակաբաշխությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն շատ հետաքրքիր երիտասարդական շարժումներ, և մենք պարտավորված ենք զգում բացահայտել և խրախուսել այդ շարժումները»,- նշեց ՀՀ վարչապետը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շեշտեց, որ Հայկյան մրցանակաբաշխությունն այսուհետև լինելու է շարունակական, մեծանալու է մրցանակակիրների բանակը։ Կ. Ավագյանը հավաստիացրեց նաև, որ ուշադրության են արժանանալու բոլոր այն կազմակերպությունները, որոնք աշխատելու են նվիրումով և ներդրում են ունենալու երիտասարդական ոլորտում։

Նշենք, բոլոր մրցանակակիրներին արժեքավոր նվերներ էր պատրաստել մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր Samsung ընկերությունը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---