«Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսում ներկայացվելու է Վրուբելի «Իսպանացի պարուհին» կտավը

«Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսում ներկայացվելու է Վրուբելի «Իսպանացի պարուհին» կտավը

PanARMENIAN.Net - «Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսը, որը բացվելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ պարտեզի սրահում մարտի 1-ին, ներկայացված է 24 ստեղծագործությամբ Հայսատանի Ռուսական արվեստի թանգարանի պահոցներից. դրանք միավորվում են մեկ ընդհանուր թեմայով` կանանց դիմանկարներ և ծաղիկներ: Ցուցահանդեսի վառ գունապնակը լուսավոր զգացումներ է արթնացնում` կապված գարնան զարթոնքի, արևի ու ջերմության գալուստի հետ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ցուցադրությունը ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, ինչպես նաև սովետական շրջանի մի շարք ականավոր նկարիչների արվեստը, այդ թվում այնպիսի անուններ, ինչպիսիք են` Միխայիլ Վրուբելը, Եղիշե Թադևոսյանը, Եվգենի Լանսերեն և այլոք:

Ցուցահանդեսում ներկայացվելու է Վրուբելի «Իսպանացի պարուհին» կտավը, որը երկար տարիներ պահվում է թանգարանում:

Ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Ռուսական արվեստի թանգարանի համատեղ նախաձեռնությունն է, որով նշանավորվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ներթանգարանային համագործակցության ծրագիրը:

«Կարծում ենք, պատահական չէ, որ թանգարանների շարքում առաջինը ներկայանալու պատիվը տրվեց Ռուսական արվեստի թանգարանին, քանի որ Գաֆէսճեան արվեստի կենտրոն և Ռուսական արվեստի թանգարան (Ա. Աբրահամյանի հավաքածու) մշակութային օջախները միավորող առանձնահատկություններն ակնհայտ են: Երկու թանգարաններն էլ հիմնված են մասնավոր հավաքածուների վրա, որոնք իրենց պատմական հայրենիքին նվիրաբերել են երկու մեծ բարերար` Արամ Աբրահամյանը և Ջերարդ Գաֆէսճեանը: Այս հայրենասերների ճակատագրերը միանգամայն տարբեր են, սակայն նրանց մարդկային նկարագրերը միավորող շատ կարևոր հատկանիշերից են սերը դեպի արվեստը և հայրենիքը, որով և նրանք առաջնորդվել են՝ կատարելով իրենց ազգանվեր քայլը» - նշում է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---