Արարատ Զուրաբյան. «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» միասին կգնան ընտրությունների

Արարատ Զուրաբյան. «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» միասին կգնան ընտրությունների

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինք կկազմեն առաջիկա ընտրություններում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Ազատ դեմոկրատների» անդամ Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ մնացել է միայն ձևակերպում տալ դրան: Ըստ նրա, հավանաբար դաշինքի մասին կհայտարարվի «Ազատ դեմոկրատների» մարտի 11-ին կայանալիք համագումարում: «Այդ օրը կներկայացվի նաև ընտրացուցակը կամ ցուցակի ձևավորման սկզբունքները»,-ասել է նա:

Զուրաբյանը նշել է, որ ընտրացուցակը դեռ չի քննարկվել, սակայն նշեց, որ այն կկազմվի համամասնական սկզբունքնով՝ 50/ 50: Նա հավելել է, որ դաշինքի մասին պաշտոնական հայտարարությունից հետո կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ցուցակ կազմելով, ինչպես նաև ցուցակում այլ քաղաքական ուժերի ու առանձին անձանց ընդգրկման շուրջ:

Զուրաբյանը պատասխանել է այն հարցին, թե ինչու են կուսակցությունները դաշինքով գնում ընտրությունների, ինչը ենթադրում է 7-տոկոսանոց արգելքի հաղթահարում, ոչ թե մի կուսակցության ցուցակով, ինչը ենթադրում է միայն 5-տոկոսանոց շեմի հաղթահարում: «Որովհետև մենք տարբեր քաղաքական ուժեր ենք…Եթե մենք միասնական լինեինք բոլոր հարցերում, մենք կմիավորվեինք որպես միասնական քաղաքական ուժ»,-ասել է նա, չբացառելով, որ ապագայում դա կարող է տեղի ունենալ:

Ինչ վերաբերում է ընտրություններում դաշինքի շանսերին, ապա Զուրաբյանը նշել է, որ նրանք մասնակցում են հաղթելու համար: Ինչ վերաբերում է հոռետեսներին, ապա Զուրաբյանը հիշեցրել է, որ հոռետեսներ կային նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականության վերադառնալու հարցում: Նա նշել է, որ Տեր-Պետրոսյանի թիմի անդամներից շատերը հիմա նրանց կուսակցությունում են: «Վստահ եղեք, որ ձեզ նոր անակնկալներ են սպասում»,-ասել է Զուրաբյանը ժպտալով:

 Ուշագրավ
---