Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպության հետ միասին մարտի 3-ին կազմակերպում է գիտաժողով` նվիրված ռազմական բժշկության կայացմանը, անցած ուղուն և հետագա զարգացման հիմնախնդիրներին:
Ռազմական բժշկությունը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության բանակի կայացմանը զուգընթաց։ Որպես Հայոց բանակի ստորաբաժանում 1992թ.-ին ստեղծվել է ռազմաբժշկական վարչությունը, որն էլ ձեռնամուխ է եղել Երևանի Կենտրոնական և կայազորային հոսպիտալների ծավալմանը։
ՀՀ սահմանամերձ շրջաններում և արցախյան ազատամարտի տարիներին շուրջ 11 հազար ազատամարտիկներ ենթարկվել են տարբեր աստիճանի բարդության վիրահատությունների։ Նրանցից մոտ 8.900-ը կրկին ռազմի դաշտ է վերադարձել։ Առավել ծանր վնասվածքներով վիրավորները տեղափոխվում էին Նոր Նորքի «Շտապ օգնության» հիվանդանոց (այժմ` «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ), «Էրեբունի» բժշկական կենտրոն, Հանրապետական հիվանդանոց, Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։
1994 թվականի մայիսին կազմավորվեց ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետը։ Անցած տարիների ընթացքում ֆակուլտետը 472 շրջանավարտ է տվել, նրանցից 30-ը` գերազանց առաջադիմությամբ։ Համալրելով ՀՀ-ի զինված ուժերի տարբեր զորամիավորումները, նրանք մեծ պատասխանատվությամբ են կատարում հայ զինվորին առողջ պահելու իրենց պարտքը։ Ռազմական բժշկության ոլորտում կատարվում են նաև գիտական հետազոտություներ նվիրված զինված ուժերի բուժապահովման բազմաթիվ հիմնախնդիրներին, պաշտպանվել են 5 դոկտորական և 14 թեկնածուական թեզեր։
Գիտաժողովին ներկայացված գիտական հոդվածներում արծարծվում են ՀՀ ԶՈՒ անձնակազմի առողջական վիճակի պահպանման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռազմական բժշկագիտության կատարելագործմանը վերաբերող թեմաներ։ Ամփոփ ձևով ներկայացված են տեղային պատերազմների բուժապահովման հիմնահարցերը, վերլուծված են դրանց հնարավոր լուծման ուղիները, մեթոդներն ու տարբերակները:
Գիտաժողովի հանդիսավոր բացմանը կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հայոց բանակի գեներալներ, սպաներ և, իհարկե մեծաթիվ բժիշկներ։
Սահմանամերձ գոտիների և արցախյան գոտեմարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար ավելի քան 90 բժիշկներ կարժանան տարբեր պարգևների։