«HSBC Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին կուտակել այն փոխարժեքով, որով հետագայում ծրագրում են ծախսել այդ գումարը: «Սա իդեալական տարբերակ է, եթե չեք պատրաստվում սպեկուլյացիայի դիմել: Եթե ցանկանում եք բնակարան գնել, ասենք Իսպանիայում, կուտակեք եվրոյով, եթե Հայաստանում` դոլարով կամ դրամով»,-մարտի 5-ին Երևանում հայտնել է նա:
Ինչպես հայտնել է բանկիրը, «HSBC Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրանցվել է դրամային ավանդների աճ` մինչև 28 տոկոս:
«Կա միտում, որ մարդիկ ավելի շատ սկսել են խնայել դրամով, և այստեղ կարևոր դեր են խաղացել առաջարկվող դրամային ավանդները»,-հավելել է նա: Այս առնչությամբ Գևորգ Թարումյանը հավելել է, որ երկրում դոլարիզացման մակարդակն անկում է ապրել, և եթե այսպես շարունակվի, դա դրական ազդեցություն կունենա դրամային վարկավորման վրա:
Իր հերթին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը ընդգծել է, որ փոխարժեքի սպեկուլյացիայով զբաղվողները պետք է պատրաստ լինեն նրան, որ կարող են նաև կորուստներ ունենալ: