7 մարտի 2012 - 10:03 AMT
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը ուղղաթիռով մեկնել է Սյունիք՝ Սուրիկ Խաչատրյանին ու Մաքսիմ Հակոբյանին հաշտեցնելու

ՀՀԿ գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը երեկ, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի ավտոբուսի, ուղղաթիռով էր Սյունիք մեկնել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանի այցի նպատակը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին հաշտեցնելը: Նրանք տևական ժամանակ է` չեն շփվում միմյանց հետ: Եվ անգամ Աբրահամյանին չի հաջողվել հաշտեցնել նրանց, քանի որ Մաքսիմ Հակոբյանը չի զիջել: Աբրահամյանը նշել է, որ դա պետք է արվի գոնե հանուն ՀՀԿ-ի, Հակոբյանն էլ բացատրել է, որ ինքը ՀՀԿ-ին հարգում է, բայց կմտածի:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Հակոբյանի հետ, ով չի ընդունել իր ձևակերպումը` հաշտեցնելու մասով. «Ինչի՞ պիտի մեկ ուրիշը գա հաշտեցնի, եթե մենք նույնիսկ ընկերներ ենք, շատ մոտ ընկերներ ենք եղել, բայց հիմա դառել ենք սովորական ընկերներ, դրա կարիքը չկա»: Հակոբյանը հավելել է, որ երեկ Աբրահամյանի և Խաչատրյանի հետ հանդիպել է, սակայն դա աշխատանքային հանդիպում է եղել: