11 մարտի 2012 - 17:27 AMT
Քոֆի Աննանը սկսել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների երկրորդ փուլը

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը սկսել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Քոֆի Աննանը Մերձավոր Արևելքում է գտնվում սիրիական ճգնաժամից ելքի ուղիներ փնտրելու նպատակով:

Բաշար Ասադի հետ Աննանի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել երեկ Դամասկոսում: Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայում չի կարելի հաջողությամբ քաղաքական երկխոսություն անցկացնել, քանի դեռ երկրի տարածքում գործում են զինված ահաբեկչական խմբավորումներ: «Սիրիան պատրաստ է օժանդակել կատարվող իրադարձությունները լուծելու ուղղությամբ ցանկացած ազնիվ ջանքերին,- ասել է Սիրիայի նախագահը:- Քաղաքական երկխոսությունը կամ քաղաքական գործողությունները չեն կարող հաջողված լինել, քանի դեռ գործում են ահաբեկիչների զինված խմբեր և քաոս տարածում՝ ապակայունացնելով իրադրությունը»: