Սիրիայի քաղաքացիական լրագրողներին շնորհվել է Netizen 2012 մրցանակը

Սիրիայի քաղաքացիական լրագրողներին շնորհվել է Netizen 2012 մրցանակը

PanARMENIAN.Net - Սիրիայի քաղաքացիական լրագրողներին և ակտիվիստներին շնորհվել է Google-ի կողմից ֆինանսավորվող «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա «Netizen 2012» մրցանակը։

Սիրիայի Մեդիա կենտրոնի տեղական համակարգող կոմիտեն քաղաքացիական կամավոր լրագրողների շնորհիվ ամեն օր հավաքում է տեղեկություններ Սիրիայում տիրող իրավիճակի մասին, դրանք ստուգում և թարգմանում արաբերենից անգլերեն։

27-ամյա սիրիացի ակտիվիստ Ժասմինը, ով ապրում է Կանադայում, ընդունել է մրցանակը՝ Սիրիայում ապրող ակտիվիստների անունից։ «Այս մրցանակը ապացուցում է, որ մեր ձայնը լսվում է և մենք հաջողության ենք հասնում՝ տարածելով անկախության ձգտող միլիոնավոր սիրիացիների մասին պատմություններ»,-նշել է Ժասմինը։

Նշենք, որ բազմաթիվ սիրիացի լրագրողներ, ակտիվիստներ և բլոգերներ ձերբակալվում են կառավարության կողմից։ Սիրիայի կոմիտեն քաղաքացիական լրագրողների տեղեկությունները ստանում է մի շարք ռեսուրսներով և տարածում Facebook-ում։

«Netizen 2012» մրցանակաբաշխությունը կայացել է մարտի 12-ին Փարիզում՝ Կիբերգրաքննության դեմ պայքարի օրը։ Մրցանակի հավակնորդների թվում էին լրագրողներ և ակտիվիստներ Ռուսաստանից, Սիրիայից, Բրազիլիայից, Չինաստանից և աշխարհի այլ երկրներից։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով 2011-ին ձերբակալվել է մոտ 200 քաղաքացիական լրագրող, ինչըբ 30%-ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ 5 լրագրող սպանվել է։

2008-ից «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է Ինտերնետում խոսքի ազատության օրը կամ Կիբերգրաքննության դեմ պայքարի օրը։ Ինտերնետ հսկա Google ընկերությունը 2010-ից աջակցում է Netizen մրցանակաբաշխությանը։ Հաղթողը ստանում է 2500 եվրո մրցանակ։

2010-ին այս մրցանակը շնորհվել էր իրանցի կիբերֆեմինիստներին։

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջին օժանդակում են ԱՄՆ-ն և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---