ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՎԱՌՈԴԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

Բաքուն Անկարային «երկնագույն վառելիք» կմատակարարի զենքի դիմաց

Անցած ձմեռն Ադրբեջանի համար ավելի մեղմ եղավ, քան նախորդը: Էներգետիկ ճգնաժամն այնքան լրջորեն չանդրադարձավ երկրի տնտեսության եւ սոցիալական կյանքի վրա, որքան նախորդ երկու տարիներին: Այնուհանդերձ, բնակարաններում հովհարային անջատումները մասսայական բնույթ էին կրում: Նույնիսկ Բաքվում ծայրամասերի բնակիչները օրերով էլեկտրական լույս չէին տեսնում: Տեղական թերթերը գրում էին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին: Ընդդիմության կանխատեսած սոցիալական պայթյունից հնարավոր եղավ խուսափել մեծ ջանքեր գործադրելով: Եվ այս ամենը մի երկրում, որը փորձում է աշխարհին համոզել, թե ածխաջրածնային վառելիքի հումքի անհատնելի պաշարներ ունի:
PanARMENIAN.Net - Ինչ-որ մեկն էլ հավատում է սրան: Եվ չնայած շատ անդրազգային ընկերություններ, համոզվելով, որ Արեւելյան Անդրկովկասի ընդերքում նավթի եւ գազի հանքավայրերի առկայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` միֆ, դադարեցրել են իրենց գործունեությունը Ադրբեջանում, այնուամենայնիվ Էներգակիրների փոխադրման հավակնոտ նախագծերը դեռեւս գրավում են արտասահմանյան ներդնողներին: Նավթի եւ գազի մտացածին պաշարները հնարավորություն տվեցին Բաքվի ղեկավարներին իրենց երկրի յուրահատուկ նշանակության մասին լեգենդներ տարածել եթե ոչ աշխարհով մեկ, ապա` թեկուզ տարածաշրջանում: Շահարկելով «չսպանված արջի մորթին»` Ադրբեջանի ղեկավարությունը վճռեց իրականացնել արկածախնդրային մի պլան, որը հղի է ողջ Հարավային Կովկասում եւ հարակից շրջաններում իրադրության կայունությունը խախտելու վտանգով:
Խոսքը Բաքու- Թբիլիսի- Էրզրում գազատարի շինարարության նախագծի ստվերային կողմի մասին է: «GazetaSNG.ru» տեղեկատվական-վերլուծական ինտերնետ-պորտալի խմբագրությունը օրերս հետաքրքրական մանրամասներ է հրապարակել այդ նախագծի ռազմա-քաղաքական կողմի վերաբերյալ: Ռուսական էլեկտրոնային ազդեցիկ լրատվամիջոցի տվյալներով, գազատարի շինարարության շուրջ բանակցությունների վերջնական փուլում թուրքական կողմը ներկայացնում էր ոչ այլ ոք, այլ` երկրի ռազմական ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուսեյն Կիվրիկոգլին: Նկատեք, որ ոչ թե տնտեսության կամ էներգետիկայի նախարարը, այլ` հենց գլխավոր շտաբի պետը:

Նախագահ Հեյդար Ալիեւը եւ գեներալ Կիվրիկոգլին պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Ադրբեջանը Թուրքիային գազ է մատակարարելու` 1000 կուբամետրը 30 դոլարով: Սա ավելի քան երկու անգամ էժան է այն գնից, որով այսօր Ադրբեջանը գազ է մատակարարում Վրաստանին եւ գրեթե հինգ անգամ ցածր է համաշխարհային շուկայում գործող միջին գներից: Միամիտ կլիներ կարծել, թե պաշտոնական Բաքվի նման առատաձեռնությունը բխում է թուրքալեզու երկու ազգերի միջեւ բարեկամական կապերի առկայությունից: Իրականում ադրբեջանական կողմի զիջումները պայմանավորված են պարտքի տակ չմնալու ձգտմամբ: Ադրբեջանի դաշնակիցը մոտակա հինգ տարիների ընթացքում պատրաստվում է մոտ 60 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա տրամադրել իր հյուսիս-արեւելյան եղբայրներին: (Ճիշտ այսքան գումար են զիջել ադրբեջանական գործընկերները, եթե նկատի ունենանք երկնագույն վառելիքի մատակարարման նախատեսվող ծավալները): «Զենք` գազի դիմաց» նոր ծրագրի շրջանակներում Անկարան 2007 թվականից հետո մտադիր է զգալիորեն մեծացնել Բաքու ներմուծվող զենքի ծավալները: «GazetaSNG.ru»-ի տվյալներով, Ադրբեջանը ընդհանուր առմամբ 170 միլիոն դոլարը գերազանցող զենք եւ ռազմական տեխնիկա կստանա:
Գների նման հսկայական զիջումների հենց այս փաստն ինքնին պետք է որ միջազգային հանրության կասկածներն առաջացներ: Ինչպես հայտնի է, ոչ այնքան վերջերս Համաշխարհային բանկը Վրաստանից կտրուկ պահանջեց, որպեսզի վերջինս ադրբեջանական «Շահ Դենիզ» տարածքից Վրաստանով անցնող բնական գազի գազատարի համար առավել բարձր սակագներ հաստատի: Հակառակ դեպքում ՀԲ-ն սպառնում էր ֆինանսակական որեւէ աջակացություն չցուցաբերել Վրաստանին: ՀԲ-ի երաշխավորագրերի համաձայն, պաշտոնական Թբիլիսին արդյունքում հայտարարեց, որ սակագները պետք է համապատասխեն միջազգային չափանիշներներին, որը կազմում է 5-ից 10 դոլար` 1000 կուբամետր գազ փոխադրելու համար: Մինչդեռ վրացիները նախապես համաձայն էին տարիֆային չափը սահմանել 2 դոլար: Անհասկանալի է, թե Բաքվի ինչպիսի փոխադարձ զիջումների վրա էին հույս դնում Թբիլիսիում: Բայց փաստ է, որ այն ժամանակ միջազգային ֆինանսական ինստիտուտները նկատեցին անհարթությունը եւ կանխեցին քաղաքական նպատակներով արգելված տնտեսական մեթոդներին ապավինելու փորձերը:
Անհասկանալի է, թե ինչու Վրաստանի դեպքում ՀԲ բավականին ուշադրություն եւ հաստատակամություն դրսեւորեց, իսկ Ադրբեջանի եւ Թուքիայի հանդեպ` ոչ: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի սպառազինումը չափազանց վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Եվ հարցը միայն այն չէ, որ Բաքվում վերջին ժամանակներս առավել որոշակի են հնչում ղարաբաղյան խնդրի ուժային լուծման կոչերը: Ղարաբաղ բոլորովին էլ լարվածության միակ օջախը չէ, որը կմղի Ադրբեջանին զինված հակամարտության: Պաշտոնական Բաքվի վարած քաղաքականության արդյունքում երկիրը թշնամական հարաբերություններ ունի գրեթե բոլոր հարեւանների հետ: Սպառիզման վազքարշավը, որում ներգրավված է Ադրբեջանը, չի կարող չանհանգստացնել Թուրքմենիային, որի հարաբերությունները Բաքվի հետ շատ հեռու են նորմալ լինելուց: Նոր զինամթերքի կուտակման կիրքը առավել անհանգստացնում է Իրանին: Անցած տարի Կասպից ծովում վիճելի նավթահանքի հանդեպ Բաքվի հավականությունների շուրջ ծագած հակամարտությունը պատերազմի մեծ վտանգ էր պարունակում: Կասկած չկա, որ եթե այդ ժամանակ Բաքուն տիրապետեր Թուրքիայի խոստացած զենքին, նրա արձագանքը Թեհրանի բավականին տեղին կոշտ վերջնագրի հանդեպ այդքան զուսպ չէր լինի: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի Իրանի եւ Ադրբեջանի բախման հեռանկարը, եթե նկատի ունենանք Միացյալ նահանգների նախագահի վերջերս արած հայտարարությունը «չարի բոռերի» մասին եւ սրա հանդեպ Մոսկվայի արձագանքը: Ժամանակակից զինամթերքին տիրապետելով` Ադրբեջանը կարող է դառնալ Էյֆորիայի զոհը, որը հղի է իրականության զգացումի կորստով: Եւ այդ ժամանակ նա կարող է նոր պրովակացիաների դիմել, որը կարող է հանգեցնել մեծ տիրությունների միջեւ գլոբալ հակամարտությունների:

Հատկանշական է, որ Բաքվում չեն թաքցնում ակնկալվող թուրքական սպառիզման մատակարարման փաստը: Ահա ինչ է գրում Բաքվի «Զերկալո» թերթը. «Հայամետ լոբբիի առկայության արդյունքում, ԱՄՆ-ի կողմից ադրբեջանական բանակի վերասպառազինման հնարավորությունները սահմանափակ են: Այդ իսկ պատճառով Ամն-ը պետք է Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության մեջ հիմնվի կողմերի հավասար հարաբերակցության սկզբունքի վրա: Իսկ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը տարածաշրջանում, այս հարցում լրիվ ազատ է»: Եվ Թուրքիան մտադիր է արդեն մոտակա ամիսներին օգտվել այդ ազատությունից: Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արդեն կազմել է այն զինամթերքի ցանկը, որն առաջին հերթին կցանկանար ստանալ «Զենք` գազի դիմաց» ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, Ադրբեջանը ձգտում է շուտափույթ ձեռք բերել թուրքական արտադրության «Աթիլլա» ինքնագնա հրթիռային կոմպլեքսներ:

Ադրբեջանին մատակարվելիք թուրքակաան ռազմական տեխնիկայի ծավալները իրոք որ ազդեցիկ են: Բայց բանն այն է, որ մասնակցությունը սովորական սպառազինման սահմանափակումների պայմագրերին Ադրբեջանին թույլ չի տալիս իր տարածքում նման քանակությամբ զենք եւ տեխնիկա ունենալ: Այդ կապակցությամբ ռուսական ԶԼՄ-ը մտավախություն են հայտնում, որ արդյունքում ձեռք բերված զինամթերքը կհայտնվի այսպես կոչված «վտարված երկրներում»: «Բացառված չէ, որ արդյունքում Ադրբեջանը կփորձի վերավաճառել «ավելորդ» զենքի մի մասը այն երկրներին, որոնք համապատասխան օրինական ճանապարհներ չունեն դրանց ձեռք բերելու համար»,- գրում է «Gazeta.SNG.ru»-ն: Այստեղ տեղին է հիշել անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիկտոր Իլյուխինի արած սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ ինքն ունի տվյալներ այն մասին, որ Ադրբեջանը «Թալիբան» շարժման զինված ուժերին եւ չեչենական գրոհայիններին զենքի մատակարման մասնակից է: (Իլյուխինը կոնկրետ փաստեր էր ներկայացրել Պակիստանի տարածքով թալիբներին T-50 մակնիշի 150 տանկի տրամադրման մասին): Հետաքրքրական է` ինչ կզգան ԱՄՆ-ի պետդեպարտամենտում Անկարային եւ Բաքվին հովանավորողները, եթե նրանց ռուս գործընկերների մտավախություններն իրականանան...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---