ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ ՇԵՇՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԽՈՍԵԼԸ ՎՏԱՆԱՎՈՐ ՉԷ

Ղազախստանի տարածաշրջանային գերտերության դերի հավակնությունները լիովին ձեռնտու են Հայաստանին

Վերջերս Ալմաթիում տեղի ունեցավ առաջին Եվրասիական մեդիա ֆորումը, որի աշխատանքներին մասնակցում էր մայրցամաքի չորս տասնյակ երկրների զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողական ընկերությունների ավելի քան երկու հարյուր ներկայացուցիչ: Իր ծավալներով նախադեպը չունեցող այդ միջոցառման կազմակերպման նախաձեռնողը «Խաբար» լրատվական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան էր: Նա գլխավորում էր եվրասիական մեդիա ֆորումի անցկացման կազմկոմիտեն եւ նույնանուն միջազգային հիմնադրամը: Սակայն հենց իր` Նազարբաեւայի խոսքերով, նրան հազիվ թե հաջողվեր ստեղծել նման գործունյա կառույց եւ այդպիսի բարձր մակարդակով անցկացնել ֆորումը, եթե իր նախաձեռնության իրականացմանը մասնակցություն չունենային երկու հայ` Հայստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որն այժմ գլխավորում է Քեմբրիջի համալսարնին կից գործող «Եվրասիա» կենտրոնը, եւ լրագրողական միությունների միջազգային համադաշնության գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը:
PanARMENIAN.Net - Կոնգրեսի նախապատրաստությունը տարվում էր երեք կազմակերպական կենտրոններում` Ալմաթիում, Մոսկվայում եւ Լոնդոնում: Ղազախստանի մայրաքաղաքում աշխատանքը համակարգում էր ինքը` Դարիգա Նազարբաեւան, ԱՊՀ երկրների պատասխանատուն էր Ջազոյանը «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության նախագահ ադիլբեկ Շալախմետովի հետ, իսկ արեւմտյան գործընկերների հետ բոլոր կապերը կարգավորում էր Հայաստանի նախկին վարչապետը, որի եւրոպական ամենատարբեր կառույցներում ունեցած ընդարձակ կապերը բավականին օգտակար եղան: Ո'չ Սարգսյանը, ո'չ էլ Ջազոյանը պաշտոնապես չէին ներկայացնում Հայաստանը. առաջինը վերջին տարիներին ապրում եւ աշխատում է Լոնդոնում, երկրորդը` Մոսկվայում: Չնայած սրան, ակնհայտ է, որ կոնգրեսի կազմակերպման գործում նրանց առանձնահատուկ դերն ընկալվում էր որպես եվրասիական ինտեգրացման գործընթացներին մեր երկրի ակտիվ մասնակցության մղում: Ի դեպ, կոնգրեսի աշխատանքին մասնակցող յոթ հայերից միայն երկուսն էին Հայաստանից: Բայց հայկական միասնական խումբը ամենաներկայացուցչականն էր ֆորումում: (Ուշագրավ է, որ նախկին Խորհրդային Միության երկրներից միայն Ադրբեջանն էր, որ ներկայացված չէր կոնգրեսում):

Միջազգային ֆոնդ ստեղծելը եւ առաջին եվրասիական մեդիա ֆորում անցկացնելը զուտ լրագրողական համագործակցությանը կոչելու միջոց չէր: Դարիգա Նազարբաեւայի, որին, ի դեպ, շատերն անվանում են երկրորդ կամ երրորդ մարդը Ղազախստանում, հաջողությամբ կենսագործված նախաձեռնությունը կարող է դառնալ տարածաշրջանում քաղաքական իրավիճակի վրա ներգործող միջոց: Միանգամայն ակնհայտ է, որ նման հսկայածավալ ֆորումի անցկացումը, որին իրենց ներկայությամբ պատիվ էին արել ոչ միայն նախագահ Նազարբաեւը, այլեւ` Իրանի ղեկավար Մուհամադ Խաթամին, Ղազախստանի` որպես տարածաշրջանային գերտերության դերի հերթական հայտն էր: Դարիգա Նազարբաեւայի հավաստումներն այն մասին, որ հետագա կոնգրեսները նույնպես անցկացվելու են Ղազախստանում ամենից առաջ ընդգծում են միջոցառման քաղաքական նշանակությունը: Այսպիսով, Ղազախստանն ասես դառնում է եվրասիական մեդիա հանրության կենտրոնը: ֆոնդի համահիմնադիրները, որոնց թվում են ինչպես Արեւմուտքի, այնպես էլ արեւելքի հեղինակավոր կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները, ամենեւին էլ դեմ չեն սրան:

Միանգամայն բնական է, որ Աստանայի հեգեմոն հավակնությունները անհանգստացնում են մասնավորապես պակիստանցիներին եւ թուրքերին: Ղազախստանի տարեց տարի աճող ազդեցությունը կարող է հանգեցնել այն բանին, որ Աստանայի քաղաքականությունը կդառնա միանգամայն ինքնուրույն գործոն, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել բոլորը: Սա, իհարկե, ձեռնտու չէ այն հարեւաններին, որոնք մտադիր են եղանակ ստեղծել նախկին Խորհրդային Միության այս հատվածում: Իսկ Հայաստանին, ընդհակառակը, նման հեռանկարը միանգամայն բավարարում է: Չէ որ Ղազախստանը, որն իր չափերով ութերորդն է աշխարհում եւ չորորդը` եվրասիական պետությունների շարքում, մեր բարեկամ երկիրն է, որի հետ ունենք գործընկերային կապեր ԱՊՀ-ի եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում: Չնայած ֆորումն անցկացվում էր «Անկարա» անունով հինգաստղանի հյուրանոցում, ակնհայտ է, որ Աստանան ձգտում է խուսափել մեզ ոչ բարեկամ Թուրքիայի կախվածությունից: Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ղազախստանի առաջնայնությունը կարող է խոչընդոտել մայրցամաքի այդ հատվածում թուրքական ազդեցության ուժեղացմանը:

Աշխարհում ավելի ու ավելի հստակ է դրսեւորվում այն գիտակցումը, որ թուրքական հարուստ մշակույթը Անթալիայում ստեղծված, հայերի, հույների եւ արաբների կողմից բռնի ներկրածը չէ: Արեւելքի թուրքալեզու ժողովուրդները, ի տարբերություն Արեւմուտքի իրենց ազգակիցների, ինքնուրույն են ստեղծել իրենց մշակույթը: Ղազախների օրինակը վկայում է, որ արեւի տակ տեղ գրավելու ձգտումը առավել դյուրին է, երբ առաջնորդվում ես համամարդկային արժեքներով եւ ո'չ թե հակադրվում ես դրանց: Ու թեեւ ղազախներն աշխարհում ավելին չեն, քան հայերը, նրանք ունեն բոլոր հնարավորությունները թուրքական աշխարհի առաջադեմ ազգերից մեկը դառնալու համար:

Եվրասիական մեդիա ֆորումի հռչակած գլխավոր նպատակներից մեկը «Արեւմուտքի եւ Արեւելքի երկխոսության հրապարակի ստեղծումն է»: Չգիտեմ` որքանով է այդ խնդիրը հասանելի, բայց ակնհայտ է, որ Արեւելքի եւ Արեւմուտքի հայկական Սփյուռքի կառույցների երկխոսության կայացմանը ֆորումն իսկապես օգնել է: Կոնգրեսի աշխատանքի օրերին Ղազախստանում մեր դեսպան Էդուարդ Խուրշուդյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ֆորումի հայ մասնակիցների հանդիպումը Ալմաթիում բնակվող մեր հայրենակիցների հետ: Համայնքի առաջնորդների հետ զրույցի ընթացքում ձեռներեց եւ հրատարակիչ Ասատուր յուզելյանը Մեծ Բրիտանյայից խոստացավ աջակցել երկրի «հարավային մայրաքաղաքում» հայկական մշակութային կենտրոն կառուցելու համար միջոցներ հայթաթելու գործին: Շինարարության համար քաղաքապետարանն արդեն տարածք է հատկացրել: Մարտի վերջին տեղի ունեցավ հիմքի առաջին քարի տեղադրման հանդիսավոր արարողությունը:

Այժմ Ղազախստանում գործում է հայկական ազգային-մշակութային ինը կազմակերպություն: Դրանցից ամենամեծն Ալմաթիում է: Քաղաքում եւ նրա արվարձաններում ապրում է մոտ 4000 հայ: 1991 թվ.-ին հիմնադրած նրանց «Լույս» կազմակերպությունը գլխավորում է Ղազախստանի ամենամեծ գինու գործարանի տնօրեն Ռուդիկ Մնացականյանը: Հանրապետությունում մեկ այլ հայտնի գինեգործ, «Բախուս» ընկերության նախագահ Արտուշ Կարապետյանը նույնպես համայնքի ակտիվ գործիչներից է: Մշակութային կենտրոնի աշխատանքներին մասնակցում են գեներալ Վաչագան Վլասյանը, Ալմաթիի լավագույն թատրոններից մեկի գլխավոր ռեժիսոր, Ղազախստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Աբդրեասյանը, աշխարհում առաջին ույգուրական թատրոնի հիմնադիր Սերգեյ Բոշյանը... Ղազախստանում հայերը միշտ էլ իրենց դրսեւորելու հնարավորություն են ունեցել: Բավական է հիշատակել, որ ղազախական առաջին ղեկավարը` Ղազախական ԽՍՀ-ի ԺողԿոմԽորհի նախագահը Լեւոն Միրզոյանն էր: Արտյոմ Վարդանյանն իր ժամանակին զբաղեցնում էր հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: Պետշինի նախագահն էր Ստյուարդ խաչատուրովը, Ավտոճանապարհների նախարարի առաջին տեղակալն էր Միխայիլ Տեր-Վարդանովը, Կապի նախարարի տեղակալը` եորգի Առաքելովը: Եվգենի Եժիկով-Բաբախանովը, որն 1991-93թ.թ.-ին երկրորդ մարդն էր նորանկախ Ղազախստանի կառավարությունում, նույնպես մեր հայրենակիցն է:

Թեեւ մեծ է Երեւանի եւ Աստանայի միջեւ հեռավորությունը, բայց մեր կապերը բավականին սերտ են: «Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունները նման են պլատոնական սիրո»,- վերջերս Ալմաթիի «Կոնտինենտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի դեսպան Էդուարդ Խուրշուդյանը: Նրա դեպքում պլատոնական սերը վերաճել է իրականի: Դրա վկայությունը դիվանագետի երկու զավակներն են, որոնք հավասարապես նման են հայ հորը եւ ղազախուհի մորը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---