ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԱՐԴԵՆ ԱՇՆԱՆԸ

Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի զեկույցն կհրապարակվի այս տարվա հոկտեմբերին:

Ավարտվեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողների այցը Բաքու: Ինչպես եւ խոստացել էին, երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչները հրաժարվեցին ընդունել Անդրեաս Գրոսսին եւ Մարտինես Կասանին: Այսպիսով, պաշտոնական Բաքուն հավատարիմ մնաց եվրոպական կառույցներին հակասելու քաղաքականությանը, որոնք բավարարված չեն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքով:
PanARMENIAN.Net - Իշխանությունների դեմարշն ավելի սաստկացրեց զեկուցողների բացասական տրամադրվածությունը, որոնք մարդու իրավունքների լուրջ խախտման վերաբերյալ բավականաչափ տեղեկություններ էին հավաքել իրավապաշտպանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում: Առկա բոլոր հիմքերը վստահություն են ներշնչում, որ մոնիտորինգի խմբի վերջնական հրապարակվող զեկույցն ավելի քան անհարմար կլինի Բաքվի իշխանություններին: Ադրբեջանում այդ կարծիքը շատերն են կիսում: «Արդեն այսօր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներին անհրաժեշտ է բացատրություն գտնել, թե ինչու Ադրբեջանի վերաբերյալ զեկույցն այդքան խիստ երանգներով է հնչելու»,-գրում է Բաքվում հրատարակվող «Էխո» թերթը: «Գրոսսի հայամետ դիրքորոշումը, որը հիմնավորված է միայն նրա երբեմնի հայ պատգամավորի օգնական լինելով, արդեն իսկ անուժ է եւ քաղաքացիներին չի բավարարի: Ինչքա՞ն կարելի է արտաքին քաղաքականության սեփական ձախողումները արդարացնել հայկական Սփյուռքի հզորությամբ»: Մեր կողմից ավելացնենք, որ հայ պատգամավորին Գրոսսի նվիրվածության մասին առասպելը հորինող Իլհամ Ալիեվը նեղություն չկրեց այդ առասպելի իսկությունը հաստատող որեւէ ապացույց ներկայացնել: Մեր տեղեկություններով Գրոսսն իրոք աշխատել է շվեյցարական խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Ռուֆիի աշխատակազմում: Ծագումով հրեա Ռուֆին իր հայկական ծագման մասին տեղեկությունը զարմանքով է ընդունել:
Ամբողջովին հօդս ցնդեցին ադրբեջանցիների պատրանքներն այն մասին, թե յուրօրինակ «անհնազանդության քայլեր» ցուցաբերելով` կարելի կլինի փափկեցնել Եվրոպայի Խորհրդի դիրքորոշումը քաղբանդարկյալներին անմիջապես ազատ արձակելու պահանջի հարցում: ԵԽԽՎ ղեկավարները բավականին կոշտ արտահայտվեցին դեմարշի վերաբերյալ` հասկացնելով, որ Ադրբեջանը չի կարող հուսալ, թե զեկուցող Անդրեաս Գրոսսը կփոխարինվի: Այն, որ հենց Գրոսն է շարունակում առաջնային դեր խաղալ Ադրբեջանի հարցով մոնիտորինգի խմբում, հաստատվեց նաեւ այցի ընթացքում: Գրոսսի գործընկեր Մարտինես Կասանը, որին Բաքվում համարում են Ադրբեջանին առավել հավատարիմ քաղաքական գործիչ, փաստորեն մի կողմ էր քաշվել: Բաքվում անցած հանդիպումներին նրա մասնակցությունը սիմվոլիկ բնույթ էր կրում: Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար Սարդար Ջալալօղլին, պատմելով զեկուցողների հետ հանդիպման մասին, ասաց. «Այնտեղ էր Գրոսսը, նրա օգնականը եւ մի ակնոցավոր մարդ»: Այդ լռակյաց ակնոցավոր մարդը Կասանն էր:
Փաստաթուղթը, որում կշարադրվեն զեկուցողների եզրակացությունները, նախատեսվում է հրապարակել այս տարվա հոկտեմբերին: Դա նշանակում է, որ արդեն աշնան վերջին Եվրոպայի Խորհրդի կողմից ճնշման հետ կապված լուրջ խնդիրներ են սպասվում Ադրբեջանին: Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը նորից դառնում է այժմեական:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---