ԷՋԵՒԻԹՆ ԱՍՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ ՆՐԱՆԻՑ

Թուրքիայի քաղաքական էլիտան խոստովանում է, որ Հայաստանի հետ սահմանների բացումն, առաջին հերթին, թուրք հանրության պահանջն է:

Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի վերջերս արված հայտարարությունը խիստ աղմկահարույց էր: Կառավարության ղեկավարը, որը նաեւ իշխող կոալիցիայում առաջատար ձախ դեմոկրատական կուսակցության ղեկավարն է, հավաստեց, որ եթե իր կուսակցությունը հաջողության հասնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը լիովին իրական կդառնա: Ինչպես հաղորդում է«Անադոլու» գործակալությունը, Էջեւիթն ասել է, որ իր կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի բացելու համար Հայաստանի հետ սահմանները: Հատկանշական է, որ այս խոսքերը նա կրկնել է մի քանի անգամ Հայաստանին սահմանամերձ շրջաններում նախընտրական ելույթների ընթացքում:
PanARMENIAN.Net - Այս արտահայտությունները մեկնաբանելով` Բաքվում հրատարակվող «525-րդ թերթը» ենթադրում է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման ոչ սովորական ճանապարհով վարչապետը փորձում է իր կողմը գրավել Կարսի բնակիչների համակրանքը եւ ձայները, որոնք վաղուց էին փորձում հասնել Հայաստանի հետ սահմանների բացմանը»: Սա լիովին հասկանալի կլիներ, եթե Էջեւիթի համաձայնությունը չհամընկներ դեռ երկու ամիս առաջ թուրք ձեռներեցների, հասարակական եւ քաղաքական գործիչների հանդեպ սկսված զանգվածային ճնշումների հետ, որոնք կողմ էին արտահայտվել Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Մասնավորապես, Իգդիր քաղաքի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Իգդիր Թաերի պաշտոնանկումը մեծ զարմանք առաջացրեց Եվրոպայում: Վարչապետի արված վերջին հայտարարությունը բոլորովին չի համընկնում նաեւ պետնախարար Ռեշադ Դոգրու հայտարարության հետ, որը պնդել է, որ «ոչ մի միջազգային կազմակերպություն, այդ թվում նաեւ Եվրամիությունը, չի կարող ստիպել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանները»:

Այնուհանդերձ, ակնհայտ է, որ «թուրքական քաղաքականության ակսակալի» հայտարարությունը Բաքվում անհանգստությամբ է ընդունվել: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը փորձել է հանգստացնել համերկրացիներին: Նա հայտարարել է, որ վերջերս Անկարա այցելության ժամանակ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի հետ քննարկել է Էջեւիթի հայտարարությունը, եւ վերջինս հերքել է այն լուրերը, թե երկրի ղեկավարությունը նախատեսում է բացել Հայաստանի հետ սահմանները:

Ամեն դեպքում, ուշադրության արժանի է այն փաստը, որ ընտրողների ձայների համար պայքարում որոշ թուրք քաղաքական գործիչներ Երեւանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու խոստումներով փորձում են առաջ անցնել մեկը մյուսից: Վերջերս Թուրքիայի ազգային անվտանգության Խորհրդի անդամ Հասան Կոնին հայտարարել է, որ եթե նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքում իշխանության անցնի արտաքին գործերի նախկին նախարար Իսմաիլ Ջեմի ղեկավարած «Նոր Թուրքիա» կուսակցությունը, ապա ընդամենը մեկ տարվա ընթացքում կլուծվի Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության ճանապարհների վերականգնման խնդիրը: Կոնիի խոսքերով, Ջեմը մտադիր է շարունակել Հայաստանի հետ բանակցությունները, որոնց արդյունքում, նրա կարծիքով, 10 տարվա ընթացքում կլուծվեն տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները:

Պարտադիր չէ հավատալ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած խոստումներին: Փորձը ցույց է տալիս, որ դրանք հազվադեպ են իրականանում: Սակայն, այնուամենայնիվ, կարեւոր է նշել, որ թուրք քաղաքական գործիչների խոստումներն ուղղված են ոչ թե Արեւմուտքին կամ հայերին, այլ հենց իրենց հայրենակիցներին: Սա նշանակում է, որ Թորքիայի քաղաքական էլիտան սկսում է գիտակցել, որ Հայաստանի հետ սահմանների բացումն առաջին հերթին թուրք հանրության պահանջն է:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---