ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՀԱՅԿԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

«Պարտքի դիմաց ներդրումներ» գործարքը ձեռնտու է ե'ւ Մոսկվային, ե'ւ Երեւանին:

Ավերտվել է Ռուսաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության այցը Երեւան: Հայաստանի մայրաքաղաքից Միխայիլ Կասյանովն իր հետ տարավ հարյուր միլիոն դոլար, ավելի ճիշտ` փաստաթուղթ, որը հաստատում է հայկական հինգ ռազմավարական օբյեկտների հանդեպ Ռուսաստանի սեփականության իրավունքը: Վերջապես, լուծվեցին լրագրողների անվանած «պարտքի դիմաց ներդրումներ» գործարքի հետ կապված բոլոր հարցերը: Երեկվանից Հայաստանն այլեւս պարտք չէ Ռուսաստանին:
PanARMENIAN.Net - Պարտքը ժամանակին կուտակվել էր Մոսկվայի տրամադրած կրեդիտը չվճարելու պատճառով: Մեկուկես տարի առաջ Երեւանն առաջարկել էր վճարման ոչավանդական կարգ, որը փոխշահավետ կլիներ երկու կողմերին էլ: Առաջարվել էր պարտքը մարել մի քանի շահութաբեր ձեռնարկությունների բաժնետոմսերը փոխանցելով պարտատիրոջը: Հայաստանի ներկայացրած ցուցակի մանրամասն ուսումնասիրումից հետո, ռուսական փորձագետներն ընտրել էին հինգ օբյեկտ, որոնց իրական արժեքը կազմում էր պարտքի չափը: Այդ ձեռնարկություններն են Հրազդանի հիդրոէլեկտրակայանը, ռոբոտների արտադրության «Մարս» գործարանը եւ երեք ինստիտուտ, որոնք հիմնականում զբաղված են ռազմաարդյունաբերական ոլորտում, դրանք են` Մաթեմատիկական մեքենաների, ավտոմատացված ղեկավարման համակարգերի եւ նյութագիտության գիտահետազոտական իստիտուտները: Այս բոլոր արդյունաբերական եւ գիտական օբյեկտները սերտորեն կապված են Ռուսաստանի հետ, քանի որ դրանք ինտեգրվել են համագործակցություն ենթադրող մեկ միասնական համակարգի մեջ:

Հուլիսի 17-ին գույքի փոխանցման կարգի մասին համաձայնագիր էր ստորագրվել: Սակայն, այստեղ չէին ամրագրվել ոչ բոլոր հարցերը: Երեկ հայ-ռուսական համագործակցության միջպետական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը բանակցությունների արդյունքում ստորագրեցին համաձայնագրի իրականացման արձանագրություն: Մինչեւ տարվա վերջ կավարտվեն գույքային փոխանցումները, եւ հայկական կողմին կմնա միայն հետեւել Ռուսաստանի վերցրած պարտականությունների կատարմանը, որոնք առնչվում են հինգ ռազմավարական օբյեկտների զարգացմանն ուղղված ներդրումային միջոցներին: Առաջին հերթին, այս գործարքում Երեւանին ձեռնտու է այն հանգամանքը, որ ռուսների օգնությամբ ժամանակին բավականին հզոր ձեռնարկությունները եւ ինստիտուտները կրկին կաշխատեն: Իսկ դա ենթադրում է նոր աշխատատեղեր եւ լրացուցիչ հարկերի մուտք պետական բյուջե:

Մամլո-ասուլիսում Միխայիլ Կասյանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավորվում է ապահովել իրեն անցած ձեռնարկությունների լիարժեք արտադրողականությունը: Նրա խոսքերով, Մոսկվան մտադիր է օգտագործել այդ ձեռնարկությունները էլեկտրոնային եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում իր ծրագրերն իրականացնելու համար: Վարչապետը նշել է, որ մինչեւ 2003թ.-ի ապրիլը կլուծվեն ներդրումների եւ պատվերների հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը: Հաջորդ տարվա սկզբին պարզ կդառնա, թե ով է ղեկավարելու այս օբյեկտները: Հայտնի է, որ Հրազդանի ՀԷԿ-ը ցանկանում է ձեռք բերել ՌԱՕ ԵԷՍ-ը, իսկ «Մարս» գործարանի ղեկավարման իրավունքը, որոշ տեղեկությունների համաձայն, հավակնում է ստանալ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ղեկավարած ընկերությունը: Միխայիլ Կասյանովը չի բացառում, որ Ռուսաստանին անցած արդյունաբերական եւ գիտական օբյեկտները հետագայում կմասնավորեցվեն: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, որ Երեւանին նման հեռանկար չի սպառնում:

Առանձին կլուծվեն Հրազդանի ՀԷԿ-ի նոր կառուցվող հինգերորդ բլոկին առնվող հարցերը: Այն առավել հզոր եւ ժամանակակից կլինի: Ռուսաստանի կառավարությունը քննարկում է հինգերորդ բլոկի ձեռք բերման հնարավորության հարցը: Ամենայն հավանականությամբ, այդ հարցը կլուծվի 2004թ.-ին: Վճարման ձեւերի մասին առայժմ խոսք չկա, սակայն, ակնհայտ է, որ կառավարությունը կնախնտրի վճարել ոչ կանխիկ դրամով: Արդեն ստուգված սխեման կարող է կիրառվել նաեւ ՀԷԿ-ի կառուցվող բլոկի դեպքում: Ընդհանրապես, Հայաստանի հետ պետական պարտքի հարցի լուծման գործարքի ձեւն ընդունելի է ե'ւ Պուտինի, ե'ւ Կասյանովի համար: Երեւանում վարչապետը հայտարարել է, որ պարտքերի մարման այս ձեւն ապագայում Ռուսաստանը կօգտագործի նաեւ այլ երկրների հետ:

Երեւանում ստորագրվել է եւս երկու փաստաթուղթ: Դրանք են` գաղտնի տեղեկատվության պահպանման մասին միջպետական համաձայնագիրը եւ Բնապահպանության նախարարությունների միջեւ կնքված հումքի եւ ջրային ռեսուրսների օգտագործման համագործակցության մասին համաձայնագիրը: Այցի ընթացքում Միխայիլ Կասյանովը հանդիպել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հետ, ելույթ է ունեցել Սլավոնական համալսարանի ուսանողների եւ դասավանդողների մոտ, այցելել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած հայերի ցեղասպանության զոհերի հուշակոթողը: Վարչապետը բանակցություններ է վարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս նախատեսում է մեկնել Մոսկվա դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի հրավերով: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի նախագահի այցի ժամանակ նույնպես տնտեսական հարցերը ուշադրության կենտրոնում կգտնվեն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---