ՔՎՈՏԱՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ

Սովորական սպառազինումների սահմանափակման մասին պայմանագիրն իմաստազրկում է Ադրբեջանի սկսած սպառազինման մրցավազքը:


Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնել են մի քայլ, որով աշխարհին ցուցադրում են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի պատրաստակամությունը: Հեյդար Ալիեւը որոշել է զգալիորեն մեծացնել բանակի ֆինանսավորումը: Հաջորդ տարի պետական բյուջեում 12 տոկոսով կաճեն զինված ուժերի պահպանման համար նախատեսվող ծախսերը եւ կկազմեն մոտ 140 միլիոն դոլար: Շարունակելով մոտեցող պատերազմի մտապատրանքը ձեւավորել հանրության մեջ, Բաքվի իշխանավորները շեղում են ժողովրդի ուշադրությունը ծանր սոցիալական խնդիրներից:
PanARMENIAN.Net - Երեւանում նույնպես աճել են բանակին ուղղված ծախսերը: 2003 թ.-ին Հայաստանի զինված ուժերի բյուջետային ծախսերը այս տարվա համեմատ կավելանան հինգ տոկոսով եւ կհասնեն մինչեւ 77 միլիոն դոլարի: Այսպիսով, Ադրբեջանում պաշտպանության համար ծախսվում է մոտ երկու անգամ ավելի, քան Հայաստանում: (Նշենք, որ խոսքը միայն Հայաստանի մասին է: Միեւնույն ժամանակ Ղարաբաղն ունի սեփական զինվորական բյուջեն): Ադրբեջանում թվերի այս տարբերությունը հակված են ներկայացնել որպես Երեւանի հանդեպ Բաքվի տնտեսական առավելության արդյունք, որն, իբրեւ թե, իվիճակի չէ անհրաժեշտ միջոցները հատկացնել բանակին: Ներքոշարադրյալ թվերն հստակորեն ցույց են տալիս նման պնդումների անհիմնավորվածությունը: Վիճակագրական տվյալները վկայում են, որ Ադրբեջանը ռազմական նպատակներով ծախսում է համախառն արտադրանքի 2,8 տոկոսը, այն դեպքում, երբ Հայաստանը ծախսում է միայն 0,9 տոկոսը: Հաջորդ տարի պաշտպանության ծախսերն Ադրբեջանում կկազմեն բյուջեի ծախսի շուրջ 10 տոկոսը, իսկ Հայաստանում` միայն վեց տոկոսը: Սա նշանակում է, որ պաշտոնական Երեւանը, վստահ լինելով բանակի պատրաստվածության վրա, իմաստ չի տեսնում չափազանց ռազմականացնել տնտեսությունը այլ կարեւոր ոլորտների հաշվին, մասնավորապես ` սոցիալականի:
Իսկ Բաքվի ղեկավարները սովորույթ են դարձրել սովից մեռնող փախստականների վրա աչք փակել: Փողերը, որոնք կարող էին օգտագործվել բնակավայրեր կառուցելու համար, Հեյդար Ալիեւը նախընտրում է ծախսել ռազմական պոտենցիալի աճեցման վրա, այն հաշվարկով, որ Հայաստանը նույնպես ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը` զգուշանալով ղարաբաղյան հակամարտության գոտում հավասարակշռությունը չխախտելուց: Ալիեւի խորհրդականների կարծիքով, տանուլ կտա նա, ով առաջինը կանգ կառնի: Բաքվում ենթադրում են, որ Հայաստանին ստիպելով առավելագույն միջոցները ծախսել պաշտպանության վրա, Ադրբեջանը կկարողանա հասցնել նրան տնտեսական ճգնաժամի: Սակայն, միեւնույն ժամանակ նրանց չի հետաքրքրում հենց Ադրբեջանի տնտեսական ճգնաժամը: Ամենեւին հասկանալի չէ, թե ինչով է հիմնավորված «ծայրահեղ իրադրություններում գոյատեւելու»` կողմերի կարողությունների մասին եզրակացությունը: 1994 թ.-ին, չնայած շրջափակմանը, էներգետիկ ճգնաժամին, երկրաշարժի հետեւանքներին եւ մարդկային ռեսուրսների սակավությանը, հայերը հաղթեցին պատերազմում: Կարծես թե Բաքվում սկսում են այս մասին մոռանալ...
Բացարձակ թվերի մեջ առավելություն ունենալու անուրջները շեղել են ադրբեջանական վերլուծաբաններին: Նրանք նույնիսկ դադարել են գիտակցել, որ որոշակի սահմանից հետո սպառազինման մրցավազքը լրիվ անիմաստ կդառնա: Չէ որ պարզապես իրական չէ հավերժ մեծացնել ռազմական պոտենցիալը, քանի որ այդ գործընթացին ուշադիր հետեւում են օտարերկրյա փորձագետները:
Կովկասյան պետությունների զինապահեստները խստորեն սահմանափակված են եւ կարգավորվում են «Եվրոպայում սովորական սպառազինումների մասին» պայմանագրով: Հայաստանի եւ Ադրբեջանի համար նախատեսված քվոտաները նույնն են: Երկու կողմերին էլ թույլատրված է ունենալ 285-ից ոչ ավել հրատանային սարքավորումներ, 220 տանկ, 220 զրահամեքենա, 100 ռազմական ինքնաթիռ եւ 50 ուղղաթիռ: Ադրբեջանը գրեթե լրացրել է թույլատրված քանակը: Որոշ տեղերում հակառակորդից առաջ անցած Հայաստանը նույնպես շուտով ստիպված կլինի կանգ առնել: Իսկ Ղարաբաղի բանակի պարունակության մասին միջազգային փորձագետներին ոչինչ հայտնի չէ: Պայմանագրում նույնպես ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հրթիռ եւ գնդացիր պետք է ունենա չճանաչված պետությունը: Հենց այստեղ էլ պաշտոնական Բաքուն ամենամեծ խնդրի առաջ է կանգնում...
Սպառազինման վերահսկման ամերիկյան գերատեսչության տվյալներով, վերջին ինը տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է ավելի քան 46 տոկոսով: Հայաստանի այդ ցուցանիշն առավել համեստ է: Սակայն պետք է նկատի ունենալ այն փաստը, որ Հայաստանի զինված ուժերի ռազմական պատրաստվածությանն ուղղված ծախսերը բյուջեով չեն սահմանափակվում: Բանակի ֆինանսավորման ծավալները ներկայացնող թվերը մեկնաբանելով` Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «գոյություն ունեն ֆինանսավորման այլ աղբյուրներ»: «Մենք ունենք գործընկերներ, որոնց հետ ռազմական համագործակցության եւ ռազմա-տեխնիկական օգնության համապատասխան պայմանագրեր են կնքել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նախարարը որպես օրինակ ներկայացրել է երկու գաղտնի պայմանագրեր, որոնք ստորագրվել են Ռուսաստանի փոխվարչապետ Միխայիլ Կասյանովի վերջերս Երեւան այցի ժամանակ: Սերժ Սարգսյանը նաեւ հիշեցրել է, որ հայկական սփյուռքը «որոշակի օգնություն է տրամադրում կոնկրետ պետական ծրագրերի միջոցով, այդ թվում եւ` պաշտպանությանն ուղղված»:
Այսպիսով, ակնհայտ է, որ մոտակա տարիներին դժվար թե Բաքվին հաջողվի իր օգտին փոխել ուժերի հավասարակշռությունը: Ադրբեջանի համար բավականաչափ դժվար կլինի սպառազինման մրցավազքում գերազանցել Հայաստանին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---