ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԴԵՌԵւՍ «ՎԵՐԱՁԵւՈւՄ» ԵՆ ՔԻ-ՎԵՍԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ

Բաքվի ԶԼՄ-ի տարածած տեղեկատվությունը, թե Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են լիովին նոր սկզբունքներ, չի համապատասխանում իրականությանը:

Ապրիլի վերջին, մայիսի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը ղարաբաղյան հակամարտության կողմերը ներկայացնող երեք պետությունների մայրաքաղաքներ: Ստացված տեղեկությունների համաձայն, հաշտարարները մտադիր են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել հակամարտության կարգավորման նոր տեսակետներ: Սակայն, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ միջնորդների առաջարկներն արմատապես նոր սխեմաներ, նախկին քննարկումները հակասող տարբերակներ են ներառում:
PanARMENIAN.Net - Միաժամանակ, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ պնդում են, թե մարտի սկզբին Վաշինգտոնում կայացած համանախագահների վերջին հանդիպման ընթացքում մշակվել են սզբունքորեն նոր առաջարկներ: Իբրեւ թե այդ մասին Հեյդար Ալիեւին է հայտնել հենց ինքը` Ջորջ Բուշը վերջերս Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Ալիեւն ինքն այդ մասին բավականին անորոշ է խոսում: Նրա խոսքերով, միջնորդներն իրոք պատրաստում են «ինչ-որ փոփոխություն», որոնց էությունը, սակայն, իրեն հայտնի չէ: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը, մեկնաբանելով ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, հայտարարել է` «Դժվար է ասել, թե նոր առաջարկներով կգան համանախագահները եւ որքանով դրանք ընդունելի կլինեն Ադրբեջանի համար: Անձամբ ես այդ այցից ոչ մի անսովոր բան չեմ սպասում»:

Իրենք` միջնորդներն առայժմ ձեռնպահ են մնում նոր առաջարկներին վերաբերող հայտարարություններ անելուց: Վերջերս լրագրողների հետ զրույցում ռուսական համանախագահն արտահայտեց մի քանի հերթապահ նախադասություն, որոնցից, չգիտես ինչու, Ադրբեջանում եզրակացրին, թե հաշտարարները կարգավորման նոր մոդել են պատրաստել: Նա պարզապես հերթական անգամ ասաց, որ «Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է ոչ թե պետական սահմանների փոփոխմանը, այլ` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»:

Հայ դիվանագետների տեղեկությունների համաձայն, ոչ մի նոր առաջարկի մասին կարիք չի լինի խոսելու: Կարգավորման նոր սխեմայի պատրասման մասին տեղեկությունը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանն անվանեց չափազանցված: «Հնարավոր ենք համարում, որ համանախագահները նոր փաստաթուղթ կարող են պատրաստել, սակայն լավագույն դեպքում, այն հին առաջարկի թարմացված տարբերակը կլինի` հիմնված նախկին սկզբունքների վրա»,- հայտարարել է նախարարը: Նրա խոսքերով, համանախագահներից պետք է սպասել «Քի-Վեսթյան հանդիպումից հետո շարունակվող բանակցություններում քննարկվող սխեմայի ձեւափոխված տարբերակը»: Այսպիսով, օրակարգում նախկինի պես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից հավանության արժանացած տարբերակի «վերաձեւումն է», որը ենթադրում է հորիզոնական կապերի հաստատում Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ:

Այս մտքին են հակված նաեւ ադրբեջանական շատ քաղաքական գործիչներ: Օրինակ, «Մուսավաթ» կուսակցության նախագահի տեղակալ, քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին պնդում է, որ «Մինսկի խմբի առաջարկների գլխավոր ելակետը մնում է ընդհանուր պետության գաղափարը», որը ենթադրում է «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կոնֆեդերատիվ հարաբերությունների ստեղծում»: «Հնարավոր փոփոխությունները վերաբերում են լոկ երկրորդային հարցերին»,- համոզված է քաղաքագետը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---