ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈւԹՅԱՆ ՄԵՋ Է ՄՏՆՈւՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

ԵԽԽՎ-ի պահանջներին հակառակ, Թալիշ-Մուհանական չճանաչված պետության հիմնադիրը կրկին դատապարտված է ցմահ բանտարկության:

Անցյալ շավաթվա վերջին Ադրբեջանի իշխանությունը ձեռնարկեց մի քայլ, որը կարող է վճռական լինել Եվրոպայի Խորհրդի կողմից պատժամիջոցների կիրառման նպատակահարմարության հարցում: ԵԽԽՎ-ի պահանջներին եւ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ստանձնած պարտավորություններին հակառակ, ադրբեջանական իշխանավորները կասեցրել են քաղբանտարկյալ Ալիքրամ Գումմատովի հանդեպ կայացրած դատավճիռը: Գումմատովը ձերբակալվել էր տաս տարի առաջ սարքովի քրեական գործով: Միջազգային կազմակերպությունների պնդմամբ Վճռաբեկ դատարանը վերանայել է գործը, սակայն ուժի մեջ է թողել նախկին վճիռը` ցմահ բանտարկություն: Գումմատովի փաստաբանները մտադիր են դատավճիռը բողոքարկել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:
PanARMENIAN.Net - Ալիքրամ Գումմատովը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ընդգրկված տարածքում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված թալիշական չճանաչված հանրապետության հիմնադիրն է: Թալիշական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը դաժանորեն ճնշվեց, իսկ Թալիշ-Մուհանական հանրապետության նախագահը ձերբակալվեց եւ դատապարտվեց գնդակահարության: Հետագայում դատավճիռը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Եվրոպական բոլոր կազմակերպությունները Գումմատովին ճանաչել են քաղբանտարկյալ: Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Ադրբեջանին ժամանակ էր տրվել ազատել բոլոր «խղճի բանտարկյալներին»: Ցուցակում հատուկ տողով նշված էր երեք քաղբանտարկյալների անունները` Իսկանդեր Համիդով, Ռահիմ Գազիեւ եւ Ալիքրամ Գումմատով: Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ-ի զեկուցող Ժորժ Կլերֆայտի վերջին զեկույցում պահանջվում է անվերապահորեն ազատել Գումմատովին: Պարտավորության իրականացման համար Ադրբեջանին մինչեւ սեպտեմբեր ժամանակ է տրվել: Հակառակ դեպքում ԵԽԽՎ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել: Այսօր արդեն ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն չի կատարել իր պարտավորությունը: Այսպիսով, գրեթե կասկածներ չկան, որ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն:

Ինչու՞ Ադրբեջանի ղեկավարներն այսքան սկզբունքային են Գումմատովի հարցում: Ինչու՞ նրանք պատրաստ են վերջինիս ճաղերի ետեւում պահել նույնիսկ պատժամիջոցների գնով: Միթե՞ նա այդչափ վտանգավոր է Ադրբեջանի համար: Ամենայն հավանականությամբ` այո: Չէ որ նրա ազատման դեպքում Ադրբեջանի բնիկ ժողովրդների ազգային-ազատագրական շարժման նոր ալիք կբարձրանա: Գումմատովը կասկածի առիթ չի տալիս այն բանում, որ նա մտադիր է շարունակել պայքարը Թալիշստանի ազատության համար: Այս միտքը նա հաստատել է մասնավորապես Եվրոպայի Խորհրդին հասցեագրված իր վերջին հայտարարությունում: Մեկուկեսամսյա հացադուլից հետո Ալիքրամ Գումմատովը հավաստել է, որ պնդելու է ճանաչել տալու1993թ.-ին հայտարարված հանրապետության անկախությունը եւ միջազգային կազմակերպություններից պահանջելու է «դադարեցնել մեկուկես միլիոնանոց թալիշական ժողովրդի ցեղասպանոթյունը եւ ձուլումը»: Փաստաթղթում կասկածի տակ է առնվում ադրբեջանական պետության գոյության իրավական հիմքը: Գումմատովը նշում է` «պատմականորեն այս հողի վրա ապրել են թալիշները, քրդերը, լեզգիները եւ այլ ազգություններ, եւ միայն 12-րդ դարից են այստեղ եկել թուրքալեզու ցեղերը», որոնք զավթել են ուրիշի հողերը, իրենց ձեռքն են վերցրել իշխանությունը: Գումմատովի խոսքերով, «սկսվել է հազարամյակներ շարունակ այդ հողում բնակվող եւ դրա իրական տերերը համարվող բոլոր ոչ թուրքալեզու ժողովուրդների ձուլման գործընթացը»:

Մուհանական դաշտավայրի բնիկները մինչ այժմ ադրբեջանիզացիայի են ենթարկվում: «Ազգային-էթնիկական խտրականությունը, ոչթուրք ժողովուրդների ճնշումները եւ նրանց ձուլումը, նրանց տարրական քաղաքացիական իրավունքների ոտնահարումը Ադրբեջանում հասել է պաշտոնական պետական քաղաքականության մակարդակի: Այս պայմաններում ոչթուրք ժողովուրդների ներկայացուցիչները ստիպված են թաքցնել իրենց ազգային պատկանելիությունը: Երկրում տիրող անսանձ պանթյուրքիզմը վերջնականապես բաժանեց ազգը եւ հանգեցրեց Ադրբեջանի ժողովուրդների միջեւ ընդդիմադրի հակամարտությունների: «Այս պայմաններում է թալիշ ժողովուդը ելել ազգային-ազատագրման պայքարի»,- գրում է Գումմատովը: «Եթե պետությունն այդպես լկտիորեն խախտում է իր քաղաքացիների իրավունքները, զրկում է նրանց բիզնեսով, քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից, ապա ինչու՞ մենք իրավունք չպետք է ունենանք պայքարել նման պետության դեմ»,-հարցնում է Թալշստանի առաջնորդը: Հետաքրքրական է, որ Ալիքրամ Գումմատովը ցմահ բանտարկության է դատապարտված «հայրենիքի դավաճանության» համար: Եվրոպայի Խորհրդում բոլորն են գիտակցում, որ Գումմատովն իր հայրենինիքին` Թալիշստանին հավատարիմ է, ինչպես ոչ ոք: Հարցը միայն այն է, թե ինչից ելնելով են ադրբեջանցիները Գումմատովի հայրենիքը Ադրբեջանը համարում: Որպեսզի այս հարցը միջազգային ասպարեզում քննարկման առարկա չդառնա, պաշտոնական Բաքուն շարունակում է Գումմատովին ճաղերի ետեւում պահել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---