ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿԻԲԵՐ-ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ԹԱԼԱՆՈւՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ

Պաշտոնական Բաքուն ոչինչ չի ձեռնարկում կրեդիտ քարտերի ջարդմամբ զբաղվող հաքերների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ:

«Նյու-Յորք Թայմս» թերթի տվյալներով, ՀՖԲ-ն (Հետաքննական ֆեդերալ բյուրոն) սկսել է հետաքննել ԱՄՆ-ի քաղաքացիների կրեդիտ քարտերը ադրբեջանցի հաքերների կողմից գողանալուն առնչվող գործը: Հայտնի է, որ Ադրբեջանում գործող կիբեր-հանցագործները գնորդներ էին գտնում չաթերի միջոցով: Փոքր գումարի դիմաց հաքերները տրամադրում էին իրենց կողմից գողացված քարտերի համարները: Սայթերը, որտեղ գործում էին նրանք, նույնպես ադրբեջանական էին: Դրանք տեղադրված են Բաքվում գրանցված սերվերների վրա: Հետաքննական ֆեդերալ բյուրոյի մամլո-քարտուղար Բիլ Մարրին օրերս հաստատել է, որ իր գերատեսչությունը «ներկայումս իրականացնում է մի քանի գաղտնի օպերացիաներ` ուղղված IRC-չաթերի միջոցով իրականացվող կրեդիտների գողացմամբ զբաղվող խուլիգաններին հայտնաբերելուն եւ վնասազերծելուն»: Ինչպես նշում է «Նյու-Յորք Թայմսը», միայն անցյալ տարում հաքերներն ամերիկացիներից գողացել են ավելի քան 850 միլիոն դոլար: Հայտնի չէ, թե այդ գումարի որ մասն է գողացված ադրբեջանցի հաքերների կողմից:
PanARMENIAN.Net - Ադրբեջանում այնպիսի պահվածք են ընդունել, կարծես չեն նկատում խնդրի ողջ լրջությունը եւ չգիտեն, որ երկրի կառավարությունը պատասխանատու է վիրտուալ միջավայրում կատարված անպատժելի հանցագործությունների համար: Ավելին, Բաքվի փորձագետները փորձում են հերքել կրեդիտ քարտերի գողացմանը ադրբեջանցիների մասնակցության փաստը: «Բացառված չէ, որ ադրբեջանական սերվերով աշխատող հաքերը գտնվի այլ երկրում»: Նման ենթադրությամբ է հանդես գալիս մասնավորապես Բաքվի «Էխո» թերթը: Միեւնույն ժամանակ, դժվար թե ՀՖԲ-ն չճշտված տեղեկություն տրամադրեր: Նման դեպքերում ադրբեջանական ԶԼՄ-ները սովորաբար ակնարկում են «հայկական հետքի» հնարավորությունը: Հենց այսպես եղավ անցյալ աշնանը, երբ ադրբեջանական հաքերները զանգվածային հարձակում կատարեցին մի շարք արաբական տեղեկատվական սայթերի վրա, որոնք փորձել էին կասկածի ենթարկել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարի շինարարության հեռանկարները: Հատկանշական է, որ «վարակն» ուղարկվել էր «Մայքրոսոֆթ» ընկերության անունից: Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ ամերիկյան ընկերության անունից հանդես եկող կիբեր-հանցագործության իրականացնողները գտնվում էին Ադրբեջանում:

Արաբական «Maktoob.com» տուժած սերվերի եւ «Մայքրոսոֆթ» ընկերության փորձագետները առանց մեծ ջանքերի գտել էին հետքը, որը բերել էր Ադրբեջան: Իսկ Բաքվում փորձում էին այդ ամենը հայերի վրա գցել, որոնք իբրեւ թե իրենց ադրբեջանցու տեղ են ներկայացնում: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական ռեսուրսների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Էլմիր Վելիզադեն երկու շատ համարձակ հայտարարություն արեց` իբրեւ հայերը թաքնվում են ուրիշի IP հասցեով, կամ էլ նրանք ջարդել են ադրբեջանական սայթը, որից էլ եւ իրականացրել են արաբների վրա հարձակումը: Հենց դա էլ արել էին սաուդյան եւ ամերիկյան մասնագետները, որի արդյունքում էլ համոզվել էին, որ հանցագործությունը կատարել են ադրբեջանցի հաքերները:

Ժամանակին ադրբեջանցի կիբեր-հանցագործները փորձել էին գործել նաեւ Համացանցի (Ինտերնետի) հայկական տիրույթում: Սակայն Երեւանից տրված հակագրոհները թույլ չտվեցին նրանց պայքարի մեջ մտնել հայ մասնագետների հետ: 2000թ.-ի հունվարին գրեթե 2 տասնյակ հայկական սայթերի վրա հարձակմանն ի պատասխան, «Լիազոր» մասնագիտական խումբը պատժի յուրօրինակ ակցիա իրականացրեց: Նախեւառաջ շարքից հանվեցին հարձակման կազմակերպիչների սայթերը, այնուհետեւ մի գիշերվա ընթացքում հսկողության տակ վերցվեցին մի քանի տասնյակ ադրբեջանական կարեւորագույն սայթեր: Դրանց թվում էին նաեւ` համացանց-մատակարարող ընկերությունների էջերը, որոնց ծառայություններից օգտվում էին ադրբեջանցի հաքերները: Վերցված բոլոր սայթերի վրա տեղադրվել էր հետեւյալ գրությունը` «Մի արթնացրու չարին, քանի դեռ նա հանգիստ է»: Հաքերներին պատժելով` «Լիազոր» խումբը, բարի կամք դրսեւորելով, վերադարձրեց բոլոր դոմեյնները:

Կիբեր-տարածությունում օրինականության պահպանման համար ադրբեջանցի պատասխանատու անձինք չեն կարող չգիտակցել, թե երկրի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ համակարգչային ավազակությունը: Հաքերությունն ամբողջ աշխարհում խստորեն դատապարտվում է: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները ընդունել են «կիբերհանցագործության դեմ պայքարի» մասին կոնվենցիան, որը պատժամիջոցների կիրառում է նախատեսում այն երկրների հանդեպ, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկի «արտաքին ագրեսիայով» զբաղվող հաքերների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ: Ի դեպ, Հայաստանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց անմիջապես հետո միացել է այդ կոնվենցիային: Ադրբեջանը մինչ օրս հետաձգում է այդ փաստաթղթի ստորագրումը: Եվ ոչ` պատահականորեն: Ենթադրվում է, որ ժամանակն է, որ հապատասխան միջազգային կառույցները առաջադրեն ընդունված կաննոները խախտող երկրի` ԵԽ-ին անդամագրվելու թույլտվության հարցը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---