ՎՐԱՑԻՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ԿՈՂՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈւՄ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՄԱՆԸ

Այս մասին են վկայում ամերիկացիների անցկացրած սեցիոլոգիական հարցումների արդյունքները:

Վերջերս Թբիլիսիում հրապարակվեցին Վրաստանի քաղաքացիների մեջ անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները: Այն իրականացրել էր ԱՄՆ-ի միջազգայաին հանրապետական ինստիտուտը ամերիկյան միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Հարցումն ուղղված էր պարզելու վրաց ընտրողների իշխող տրամադրվածությունները սպասվելիք խորհրդարանական ընտրություններին: Հրապարակված արդյունքները անսպասելի էին եւ հիասթափեցրին հարեւանների հետ հակամարտությունների ռազմական լուծման կողմնակիցներին: Գլխավոր անակնկալն այն էր, որ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Վրաստանը եւ Հայաստանը Ռուսաստանին կապող աբխազական երկաթուղային ճանապարհի վերականգնմանը:
PanARMENIAN.Net - Նշենք, որ միամիտ կլիներ կասկածի տակ առնել արդյունքների օբյեկտիվությունը, քանի որ դրանք այնքան էլ հաճելի չէին հենց սոցիոլոգիական հարցման պատվիրատուների համար: Ուսումնասիրությունն իրկանացվել է ամերիկացի հարկատուի միջոցներով, որին դժվար թե ուրախացնի այն փաստը, որ աբխազական երկաթգծի վերականգման Մոսկվայի նախաձեռնությունը Վրաստանում շատ կողմնակիցներ ունի: Հայտնի է, որ Կրեմլի ծրագրերի իրականացումը կհանգեցնի Ռուսաստանից Վրաստանի կախվածությանը: Այսինքն, ակնհայտ է, որ տվյալ դեպքում թվերի «սրբագրման» մասին խոսք լինել չի կարող: Պատահական ընտրության սկզբունքով հարցվել են 1500 մարդ երկրի 10 շրջաններում: Այսպիսով, այսօր արդեն կարելի է հաստատապես ասել, որ Վրաստանի քաղաքացիների շուրջ 70 տոկոսը իսկապես կողմ է Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի բացմանը:

Ուշադրություն դարձնենք հաղորդակցության վերականգնման կողմնակիցների փաստարկներին: Նրանք, գտնում են, որ սա կնպաստի երկրի տնտեսական վիճակի բարելավմանը եւ կվերականգնի Ռուսաստանի հետ ունեցած երբեմնի բարիդրացիական հարաբերությունները: Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության նպատակահարմարությունն առավել կարեւորվում է` նկատի ունենալով այն, որ հարցվողների 54 տոկոսի կարծիքով, վերջին տարիներին Վրաստանի տնտեսական վիճակը վատթարացել է: Հատկանշական է, որ հարցվողների 80 տոկոսը աբխազական խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով, եւ միայն 14 տոկոսն է հնարավոր համարում ուժի կիրառումը, այն էլ խիստ անհրաժեշտության դեպքում:

Հրապարակված թվերը հաստատում են, որ աբխազական ճանապարհի վերականգնման գաղափարից հրաժարվելու կոչերով հանդես եկող վրացական քաղաքական գործիչներն իզուր են հենվում համերկրացիների աջակցության վրա: Մասնավորպես խոսքը վերաբերում է Թամազ Նադարեիշվիլուն, որը Աբխազական ավտոնոմիայի Գերագույն Խորհրդի նախագահն էր: Պարոն Նադարեիշվիլին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Վրաստանի շահերը բացառում են Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհների բացումը մինչեւ չլուծվի աբխազական հարցը: Ավելին, ճանապարհի բացման դեպքում Աբխազիան լքած վրացի փախստականների առաջնորդը սպառնում է, որ կդրդի համերկրացիներին ուժային գործողությունների: «Եթե ճանապարհը բացվի, մենք այն կկանգնեցնենք: Անմիջապես կակտիվանան պարտիզանական խմբերը: Մինղրելիի ողջ տարածքով կավելանա լարվածությունը: Փախստականները կփակեն երկաթուղային ճանապարհը»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է Նադարեիշվիլին:

Մինչ վերջերս վրացական արմատականներին հաջողվում էր հասարակությանը թյուրիմացության մեջ գցել` հայտարարելով, թե երկրում մեկուկես միլիոն քաղաքացի պատրաստ է պայքարել աբխազական ճանապարհի վերականգնման դեմ: Ամերիկացիների անցկացրած սոցհարցումը թույլ տվեց պարզել իրական պատկերը: Եթե մինչ այժմ կարելի էր խոսել աբխազական վրացիների առաջնորդների եւ պաշտոնական Թբիլիսիի կոչերի հակասությունների մասին, ապա այժմ արդեն ակնհայտ է, որ Նադարեիշվիլիի հայացքները չի համակրում նաեւ վրացի ընտրողների գերակշիռ մեծամասնությունը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---