ԻԼՀԱՄ ԱԼԻԵւԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԵՐԻՆ

Երեւանը եւ Ստեփանակերտը հուսով են, որ Ալիեւ-կրտսերի ընտրությամբ կշարունակվի խաղաղ բանակցությունների գործընթացը:

Ադրբեջանի նորընտիր նախագահի անունն արդեն հայտնի է: Ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը, ինչպես եւ սպասելի էր, վկայում են Իլհամ Ալիեւի համոզիչ հաղթանակի մասին: Սա իհարկե չի նշանակում, թե Ալիեւ-կրտսերն իրոք հավաքել է ձայների մեծամասնությունը: Տվյալ դեպքում ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես է իրականում քվեարկել ընտրողը: Կարեւորն այն է, որ մեծ տերությունները «հավանություն են տվել» իշխանության ինքնավերարտադրությանը: Կարծես թե, եւ Արեւմուտքին, եւ Ռուսաստանին, եւ տարածաշրջանի երկրներին ձեռնտու է, որ իշխանության ղեկը մնա այժմյան ղեկավար կլանի ձեռքում: Ի հավելումն սրա, անհրաժեշտ է նշել, որ թե Երեւանը, եւ թե Ստեփանակերտը սկզբունքորեն հետաքրքրված են նրանում, որ Ադրբեջանում նեոմենատիրական սցենարն անցնի առանց ավելորդ էքսցեզների:
PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների մի շարք արտահայտություններից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երեւանը կգերադասեր գործ ունենալ հենց Իլհամ Ալիեւի հետ: Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարեց, որ Իլհամ Ալիեւի ընտրությունը թույլ կտա շարունակել Ղարաբաղի հարցով բանակցությունները: «Համոզված եմ, որ Իլհամ Ալիեւը ծանոթ է նրա հոր սեղանի վրա դրված ամենավերջին փաստաթղթի բովանդակությանը: Այդ ամենը մեզ հիմք է տալիս խոսելու այն մասին, որ նախագահի բոլոր թեկնածուներից հենց նա ունի ամենամեծ հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները շարունակել այն նույն ընթացքով, որով ընդհատվել էր»,- հայտարարել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: «Կարծում եմ, նախագահի բոլոր թեկնածուներից միայն Իլհամ Ալիեւն ունի նման մտադրություն: Նրա առավելությունն այն է, որ ի վիճակի է բանակցություններում հաջորդականություն ապահովել, ինչը շատ կարեւոր հանգամանք է Հայաստանի համար»,- կարծում է Օսկանյանը:

Նրա գնահատականները կիսում է նաեւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Նեզավիսիմայա գազետային» տրված հարցազրույցում Իլհամ Ալիեւին նա անվանել է «առողջ դատող քաղաքական գործիչ»: «Համոզված եմ, որ նա տեղյակ է բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին եւ կարող է ապահովել դրա շարանակականությունը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նույնպես Ալիեւի ընտրության հետ է կապում հրադադարի ռեժիմի պահպանումը: Նույնիսկ Հայաստանի ընդդիմադիր ուժերը համոզված են, որ Երեւանը պետք է շահագրգռված լինի նախիջեւանյան իշխանական կլանի պահպանմամբ: Նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Արամ Կարապետյանը, մեկնաբանելով այն խոսակցությունները, թե «պաշտոնական Երեւանը ոչ բացահայտորեն աջակցում է Իլհամ Ալիեւին», հայտարարել է` «շատ ճիշտ է: Լինելով ընդդիմադիր քաղաքական գործիչ` ես հավանություն եմ տալիս այդ որոշմանը»:

Լեռնային Ղարաբաղի իշխանություններն Ալիեւի մասին ավելի քիչ են խոսում: Նրա անձի վերաբերյալ արված քիչ թե շատ որոշակի արտահայտություններից կարելի է առանձնացնել ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանի հայտարարությունը: «Իլհամ Ալիեւը դրականորեն կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխըմբռնելի ճանապարհների որոնման գործում»,- նշել է նա: Դիվանագիտական լեզուն առավել ուղղակիություն չի թույլատրում:

Նկատենք, որ սոցհարցումների արդյունքների համաձայն, ԼՂՀ-ի քաղաքացիները նույնպես դեմ չեն, որ հարեւան երկրում ղեկավարի ներկայիս առաջնորդի ժառանգը: «Ժողովրդավարական բարեփոխումներ եւ մարդու իրավունքների պաշտպանության» կազմակերպության անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, ղարաբաղցիների 63 տոկոսը համոզված է, որ եթե Իլհամ Ալիեւը դառնա նախագահ, ապա զինադադարը կպահպանվի: Աստված տա, որ նրանք չսխալվեն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---