ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՉՈՐՍ ՏԱՐԻՀԵՏՈ ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ ՈՉ ՄԻ ՀԱՅ ՉԼԻՆԻ

Ընտրական համակարգի նախատեսվող բարեփոխումները թույլատրում են սա:

Կարծես թե իրականանում են այն կանխատեսումները, համաձայն որոնց, Վրաստանի հայկական համայնքի ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա կարող է թուլանալ: Եւ կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների, եւ միաժամանակ անցկացված պատգամավորների թվի կրճատման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները վկայում են հենց այդ մասին: Ակնհայտ է, որ խորհրդարանի նոր կազմում հայերի թիվն ավելի քիչ կլինի, քան նախկինում: Իսկ հաջորդ խորհրդարանի կազմում հայեր կարող են ընդհանրապես չլինել:
PanARMENIAN.Net - Առայժմ համարձակորեն կարելի խոսել պատգամավորական մանդաթներ ձեռք բերած միայն երեք հայի մասին: 90 տոկոսից ավելին հայերով բնակեցված Ախալքալաքի շրջանում հաջողության է հասել Համլետ Շաղբեկյանը, որին աջակցում էր իշխանամետ «Հանուն նոր Վրաստանի» ընտրադաշինքը: Նա ավելի շատ ձայներ է հավաքել, քան իր չորս մրցակիցները: Նինոցմինդայի շրջանում երկու հայերի «մրցությունը» ավարտվել է ձեռներեց Հենզել Մկոյանի հաղթանակով, որը նույնպես ներկայացնում է իշխանամետ կուսակցությունը: Կանխատեսելի էր նաեւ Ցելսկի շրջանում Հայկ Մելքոնյանի տարած հաղթանակը: Այստեղ, սակայն, հայերը մեծամասնություն չեն կազմում: Նա հավաքել է գրեթե երկու անգամ ավելի ձայն, քան վրացի-թեկնածուն: Հայ-թեկնածուները, ինչպես եւ սպասվում էր, պարտություն են կրել Ախալցխայի, Մառնեուլի եւ Բորժոմիի շրջաններում:

Ինչ վերաբերում է համամասնական կարգով առաջադրված հայերին, ապա պատգամավորական մանդաթներ ձեռք բերելու նրանց հեռանկարներն առայժմ մշուշոտ են: «Բուրջունաձե եւ ժողովրդավարներ» դաշինքի անսպասելի ցածր ցուցանիշը (7-8 տոկոս) թբիլիսցի Հենրիխ Մուրադյանին եւ ախալքալաքցի Մելիք Ռաիսյանին թույլ չի տալիս հուսալ անցումային տեղեր: Կուսակցական ցուցակում նրանք ներկայացված էին 24-րդ եւ 29-րդ տեղերում: (Մուրադյանը ղեկավարում է Վրաստանի Հայերի միությունը, իսկ Ռաիսյանը ներկայիս խորհրդարանի պատգամավոր է): Առայժմ շանսեր ունեն իշխանամետ ցուցակներում ընդգրկված հայերը: Թբիլիսիի հայկական համայնքի առաջնորդ Առնոլդ Ստեփանյանը Շեւերդնաձեի կողմնակիցների ցուցակում զբաղեցնում է 54-րդ տեղը, իսկ պատգամավոր Գիվի Շուգարովը` 60-րդ: Իշխանության կուսակցությունը հավաքել է ձայների մոտ 22 տոկոսը, որը թույլ է տալիս ակնկալել մոտ 30-35 մանդաթ: Եթե նախագահի ղեկավարած դաշինքը կարողանա ինքնուրույն ձեւավորել կառավարությունը, եւ նախարարների պաշտոնները զբաղեցնեն ցուցակի առաջին 20 հոգին, ապա Ստեփանյանը եւ Շուգարովը կարող են հուսալ, որ կհայտնվեն խորհրդարանում: Չնայած Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի ղեկավարած «Ժողովրդավարական վերածննդի միության» հաջողությանը, ցուցակում 40-րդ տեղը զբաղեցնող բաթումցի Արմեն Գեւորգյանի շանսերի մասին իզուր է խոսելը:

Այսպիսով, վրացական խորհրդարանում, լավագույն դեպքում, կլինի 4-5 պատգամավոր: Այն դեպքում, երբ այժմ խորհրդարանում հայկական համայնքի շահերը պաշտպանում են 6 օրենսդիրներ: Սակայն, բացառված չէ, որ չորս տարի անց վրացահայերը մեծ հաջողություն կարող են համարել այն, երբ կարողանան խորհրդարան անցկացնել թեկուզ մեկ ներկայացուցիչ: Բանն այն է, որ հանրաքվեում Վրաստանի քաղաքացիները կողմ են քվեարկել պատգամավորական տեղերի զգալի կրճատման նախաձեռնությանը: Այսուհետ խորհրդարանը կազմված կլինի ոչ թե 235, այլ` 150 պատգամավորից: Ընդ որում, կկրճատվի թե համամասնական, եւ թե մեծամասնական կարգով ընտրվող պատգամավորների թիվը: Սա նշանակում է, որ ընտրատարածքները կձեւավորվեն նորից: Այդ «ձեւափոխման» արդյունքում հնարավոր է` ցաքուցրիվ լինեն Ջավախքում եւ այլ շրջաններում խիտ բնակեցված հայերի ձայները: Ոչ մի երաշխիք չկա, որ Թբիլիսիում չեն որոշի բաժանել Նինոցմինդան եւ Ախալքալաքը առանձին ընտրատարածքների: Արդյունքում, երկուսում էլ հայկական բնակչության թիվը կկազմի 50 տոկոսից պակաս: Այդ պարագայում հայերը կզրկվեն խորհրդարանում նույնիսկ մեկ ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից:

Սա վատթարագույն դեպքում: Ցանկություն կա հավատալու, որ սպասվող նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ հայտնված ուժերը չեն գնա նման քայլի: Սակայն, որքան էլ զգույշ լինեն ընտրական համակարգի բարեփոխողների քայլերը, ակնհայտ է, որ Ախալցխայի, Մառնեուլի եւ Ցելսկի շրջաններում բնակվող հայերի ձայները լսելի չեն լինի: Բարեփոխումների արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ կկորցնեն ընտրական գործընթացի վրա ազդելու իրական մեխանիզմների հնարավորությունը: Նոր պայմաններում վրացական քաղաքական էլիտայի համար ամենեւին էլ պարտադիր չի լինի հաշվի նստել նրանց կարծիքի հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---