«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈ՞ւՆ» ՎՐԱՍՏԱՆՈւՄ

Թբիլիսիի ազգայնականները երկրում քաղաքական ճգնաժամի սրումը բացատրում են «հայերի բանսարկություններով»:

Որոշակի ուժեր Թբիլիսիում շարունակվող իշխանության եւ ընդդիմության միջեւ հակամարտությանը փորձում են տալ ազգային նրբերանգ եւ հայերին ներկայացնել որպես լարված ճգնաժամի հիմնական մեղավորը: Եւ որպեսզի իրական խնդիրներից շեղեն ուշադրությունը, որոշ անբարեկիրթ քաղաքական գործիչներ արջի ծառայություն են մատուցում Էդուարդ Շեւերդնաձեին: Անձամբ նախագահն առիթ չի տվել կասկածելու, որ ինքը կիսում է ընդդիմության առաջնորդներին անբարո մեթոդներով վարկաբեկել փորձող մարդկանց կարծիքը: Միեւնույն ժամանակ, նա նաեւ ջանքեր չի գործադրել կանխելու իր հակառակորդների էթնիկական ծագումը սպեկուլյացիայի ենթարկելու փորձերը:
PanARMENIAN.Net - «Հայկական դավադրության» թեման առաջին ամիսը չէ, որ պտտեցնում է վրացիների գլուխները: Որոշ իշխանամետ քաղաքական գործիչներ հակված են Վրաստանի գլխին եկած բոլոր դժբախտությունները բացատրել հայերի բանսարկություններով: Սա խիստ վտանգավոր միտում է, որը բավականին տհաճ զգացողություններ է առաջացնում: Այն ինչ այսօր կատարվում է Թբիլիսիում, որոշ չափով հիշեցնում է Գերմանիան 30-ական թվականներին, երբ նացիստները սկսեցին հիմքեր ստեղծել հրեական ջարդերի համար: Հրեաներին վերագրվող դերն այսօր տրվում է հայերին: Ինչո՞ւ հենց հայերն են հայտնվել վրացական շովինիստների ուշադրության կենտրոնում: Հետաքրքրական է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխանամետ սոցիալիստական կուսակցության առաջնորդ Վախթանգ Ռչեուլիշվիլու այս առթիվ արված մեկնաբանությունը, որը, նկատենք, մեկ անգամ չէ, որ առանձնացել է իր հակահայկական հայտարարություններով: «Պետք է հաշվի առնել, որ ոչ թե հրեաները, այլ հենց հայերն են իրենց ձեռքը վերցրել Վրաստանում կապիտալիզմի զարգացումը»,- ասում է պարոն Ռչեուլիշվիլին,- «Հենց հայերն են Թբիլիսիում արտադրություն հիմնել, կառուցել թաղամասեր եւ երկիրը տարել կապիտալիստական ուղղությամբ: Վրացիների եւ հրեաների միջեւ անհանդուրժողականության բացակայությունը ես հակված եմ բացատրել հրեաների հանդեպ նախանձի բացակայությամբ, այն ժամանակ, երբ հայերը դարեր շարունակ երկրում տնտեսական բարեփոխումներ են իրականացրել: Սրանով էլ, ըստ երեւույթին, բացատրվում է վրացիների եւ հայերի միջեւ եղած հարաբերություններում բավականին նուրբ պահերի առկայությունը...»

Վրացական սոցիալիստի մեջբերումից հետեւում է, որ Վրաստանը շատ բանում պարտական է հայերին: Սակայն, դրանով հանդերձ, պարոն Ռչեուլիշվիլու եզրակացությունը, չգիտես ինչու, գրեթե արդարացնում է հայերի հանդեպ խտրականությունը: Իմիջիայլոց, նշենք, որ հենց Վախթանգ Ռչեուլիշվիլին էր ժամանակին մեղադրել խորհրդարանի էքս-խոսնակ Ժվանիային հայկական արմատներ ունենաու մեջ: Նա այսօր էլ չի հրաժարվում իր բառերից` նշելով, որ «նրա համար բավականին տխուր էր լսել Ժվանիայի երկժամյա բացատրությունը, որը փորձում էր ապացուցել, թե ինքը հայ չէ»: Հայկական ծագում ունենալը մեծ մեղք են համարում նաեւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդները: Կուսակցությունը ստեղծված քաղաքական իրադրությունում առավել մոտ է կանգնած իշխանությանը, քան ընդդիմությանը: Այդ կուսակցության առաջնորդներից մեկը օրերս հայտարարել է, որ Սաակաշվիլին, Ժվանիան եւ Բուրջունաձեն «Վրաստանում իրականացրին հայկական հեղափոխություն»: Նախկինում նմանատիպ արտահայտություններ էին իրենց թույլ տվել նաեւ մի շարք այլ վրացական քաղաքական գործիչներ: Այն անձինք, որոնց անվանում են «հայկական հեղափոխականներ», չգիտես ինչու փորձում են արդարանալ: Այն փաստը, որ թբիլիսյան քաղաքական գործիչները ստիպված են թաքցնել հայկական արյան առկայությունը, պատիվ չի բերում վրացական պետությանը: Սա, իմիջիայլոց, գիտակցում են շատ վրացական քաղաքական գործիչներ: «Քաղաքական օպոնենտներին էթնիկական արմատների վրա հիմնված վարկաբեկման փորձերն ամենեւին վայել չէ քաղաքակիրթ երկրին եւ գիտակից մարդկանց զայրույթն է առաջացնում Վրաստանում»,- ասում է Կովկասյան խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի խորհրդի նախագահ Գիա Նոդիան,-«կարծես թե իշխանությունները դժվար ժամանակներ են ապրում, եթե չեն խորշում նման մեթոդներից»:

Առանձին հարց է այն, թե արդյո՞ք կարելի է հայ համարել այն մարդուն, որն ամաչում է այն փաստից, որ վրացի չեն եղել իր բոլոր նախնիները: Գուցե հենց ոչ զտարյուն ծագման հետ կապված հոգեբանական բարդույթներն են ստիպել մեղադրվող Միխայիլ Սաակաշվիլուն արհամարհել 400 հազարանոց հայկական էլեկտորատը: Ընդ որում, նշենք, որ հայկական ծագում ունեցող ընտրողների հետ աշխատելուց հրաժարվելը, նրան այդպես էլ հավելյալ ձայներ չբերեց, քանի որ նրա հեռավոր նախնիների հայրենակիցները նրա օգտին չէին էլ քվեարկի: Հայաբնակ Ջավախեթիայում Միխայիլ Սաակաշվիլու ղեկավարած դաշինքը ձայների մեկ տոկոսն էլ չէր հավաքել, այն դեպքում, երբ արմատական ընդդիմադրի առաջադրած թեկնածուն գրեթե հաղթանակ տարավ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի շրջանում: Հատկանշական է, որ հայերը մեծ հաճույքով քվեարկել էին «զտարյուն» վրացի Ջումբեր Փաթիաշվիլու օգտին, որը «վնասակար ծագման» հետ կապված բարդույթներ չունի: Վրացական ՍՍՀ-ի կենտկոմի նախկին առաջին քարտուղարի ղեկավարած «Էրթոբա» (Միասնություն) կուսակցությունը Ջավախեթիայում երրորդ տեղն է գրավել` զիջելով միայն Շեւերդնաձեի եւ Բուրջանաձեի դաշինքներին: Եւ սա շատ բան է ասում: Հոկտեմբերի 28-ին Սամցխե- Ջավախեթիայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը կոչ արեց այդ շրջանի հայ բնակչությանը քվեարկել «Էրթաբոյի» օգտին, քանի որ Փաթիաշվիլին այն միակ վրացական քաղաքական գործիչն էր, որ տվել էր հստակ հավաստումներ այն մասին, որ պատրաստ է ուշադրություն հատկացնել հայկական համայնքի խնդիրներին:

Ըստ երեւյթին, սա ինչ-որ մեկին դուր չի եկել, քանի որ Թբիլիսիում անմիջապես քայլեր ձեռնարկվեցին Փաթիաշվիլուն հայերի աչքի առաջ վարկաբեկելու համար: Ինչ-որ մեկը սկսեց տարածել լուրեր այն մասին, որ Փաթիաշվիլին իբրեւ թե հրապարակայնորեն համաձայնել է «հայկական հեղափոխության» մասին արտահայտվողների հետ: «Ես չէի կարող համաձայնել նմանատիպ հիմար կարծիքի հետ»,-ասում է Փաթիաշվիլին,- «Ես սիրում եմ եւ կշարունակեմ սիրել հայ ժողովրդին: Ես ինձ հայերի ազնիվ բարեկամն եմ համարում եւ դեմ եմ արտահայտվում այն բոլոր հայտարարություններին, որոնք հակահայկական են..» Բարեբախտաբար, Վրաստանում դեռեւս քիչ չեն այն մարդիկ, որոնք իվիճակի են առանց կեղծավորության նման խոսքեր արտասանել...

Դժվար է ասել, թե արդյո՞ք Վրաստանի այդ շրջանի պատմությունը գրող տարեգիրներն այն կանվանեն «հայկական հեղափոխություն», սակայն նշենք, որ ոչ մի լուրջ պատմաբան «վրացական հեղափոխություն» չանվանեց ԽՍՀՄ-ի արյունահեղ այն շրջանը, երբ ղեկավարում էին Իոսիֆ Ջուգաշվիլին եւ Լավրենտին Բերիան:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---