ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՏԱՂԱՆԴ Է ԱՆՎԱՆԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻՆ

Վրացաբնակ ադրբեջանցիները չեն գնահատել նրա «շողոքորթությունները» եւ սպառնում են մասսայական բողոքի ցույցեր կազմակերպել նոր իշխանությունների դեմ:

Ավատվեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու առաջին պաշտոնական այցը Բաքու: Ադրբեջանի մայրաքաղաքում երկու պետությունների ղեկավարները ստորագրեցին երեք միջպետական համաձայնագիր եւ պայմանավորվեցին ստեղծել ընդհանուր տնտեսական միջավայր` միասնական դրույքաչափերով եւ մաքսային համակարգերով: Արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսում Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ պաշտոնական Բաքվի եւ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումները համընկնում են գրեթե բոլոր հարցերում, այդ թվում նաեւ «տարածքային մաբողջականության վերականգնման» հարցում: Նրա խոսքերով, Վրաստանը եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ եւ եղբայրական երկրներ են:
PanARMENIAN.Net - Միխայիլ Սաակաշվիլին նույնպես չխնայեց բարեխոսությունները: Հատկապես, երբ առիթ եղավ գովաբանել Ադրբեջանի նախագահին: «Ես եւ Իլհամ Ալիեւն իրար բավականաչափ համակրում ենք»,- հայտարարեց նա հենց նոր Բաքու վայրէջք կատարած ինքնաթիռի աստիճանաշարի մոտ: «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում Վրաստանի ղեկավարն առավել քաղցրահնչյուն խոսքերի է դիմել: «Ադրբեջանն Իլհամ Ալիեւի նման հիանալի ղեկավար ունի: Մոսկվայում գտնվելուս ժամանակ այս թեմայով ես զրուցել եմ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահը նույնպես հիացած է Իլհամ Ալիեւով..Ռուսաստանի ներկայիս դրական վերաբերմունքը, նրա խաղաղ տրամադրվածությունները Ադրբեջանի նոր ղեկավարի արժանիքների արդյունքն են: Նրա մասին բարձր կարծիքի են նաեւ Արեւմուտքում, եւ, կարծում եմ` շատերն են գիտակցում, որ Իլհամ Ալիեւի իշխանության գալով Ադրբեջանն ունեցավ երիտասարդ, բայց միեւնույն ժամանակ եւ փորձառու, ակտիվ եւ պրոֆեսիոնալ առաջնորդ»,- հայտարարել է Սաակաշվիլին: Նախագահի հանգուցյալ հոր մասին նա խոսեց ընդհուպ ինչպես Աստծո. «Հեյդար Ալիեւի ստեղծած հարեւանա րկրների հետ հարաբերությունների մոդելն աշխարհում չունի իր նմանօրինակը: Ես մշտապես մտածել եմ, թե ինչպես է այդ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ մարդը հասել դրան: Իլհամ Ալիեւը հաջողությամբ է շարունակում այդ գիծը, եւ ես փորձում եմ սովորել նրանից»:

«Հարեւան հիասքանչ երկրի» եւ «եղբայրական ժողովրդի» մասին Սաակաշվիլին նույնպես բավականաչափ սրտահալ խոսքեր ասաց: «Ես շատ եմ սիրում Ադրբեջանը», «Մենք օրինակ ենք վերցնում Ադրբեջանից», «Ես, ինչպես բոլոր վրացիները, պաշտում եմ Բաքուն», «Ես մշտապես մեծ հարգանք եմ տածել ադրբեջանցիների հանդեպ», «Ադրբեջանցիները վրացական պետության բնակչության ամենահավատարիմ մասն են».. Բերված մեջբերումները բավականին բնութագրական են: Սակայն, աչքի է զարնվում հակասությունը Սաակաշվիլու այսօրվա եւ ընդամենը մի քանի ամիս առաջ արտաբերած խոսքերի մեջ: Վրացաբնակ ադրբեջանցիների «Հեյրաթ» ազգային շարժման նախագահ Ալիբալ Ասկերովի խոսքերով, Վրաստանի նախագահն ընդամենը չորս ամիս առաջ, ելույթ ունենալով նախընտրական ցույցերում, ադրբեջանցի իր հայրենակիցներին անվանել է «անգրագետ ամբոխ, որը գործում է Բաքվի ցուցմունքներով»: Մինչ վերջերս Բաքվի թերթերը նույնպես խոսում էին Սաակաշվիլու մեկ այլ անզգույշ հայտարարության մասին: Ժամանակին նա իրեն թույլ էր տվել ադրբեջանցիներին անվանել «խղճուկ ազգ»: Այսօր միեւնույն թերթերը մեծ բավականությամբ մեջբերում են վրացական առաջնորդի «սիրո խոստովանությունները»:

Ի դեպ, հատկանշական է, որ Սաակաշվիլու մեկնելուց մեկ օր առաջ Բաքու էր ժամանել վրացաբնակ ադրբեջանցիների առաջնորդներից Ալի Բաբաեւը, որը ղեկավարում է «Վրաստանը մեր հայրենիքն է» կազմակերպությունը: Նրա նպատակը հստակ էր. աննբարենպաստ միջավայր ապահովել նախագահի համար: Բաբաեւը կազմակերպել էր Սաակաշվիլուն վարկաբեկող արշավ: Վրաստանի նոր իշխանություններին նա մեղադրում էր ադրբեջանցիների հանդեպ խտրականությունների կիրառման քաղաքականություն վարելու մեջ: «Վրաստանի նոր իշխանությունը գիտակցաբար է գնում ներազգային իրավիճակի սրմանը»,- հայտարարել է Բաքու հատուկ առաքելությամբ ուղարկված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը: Միաժամանակ Բաբեւը հայտարարել է, թե Սաակաշվիլին հովանավորում է տեղի հայերին: Նա ամաթոբար ստել է, թե իշխող կուսակցության ցուցակում հինգ հայի դիմաց մեկ ադրբեջանցի է ներառված: Եւ սա այն դեպքում, երբ ցուցակի անցումային մասում ընդգրկված են երկու ադրբեջանցի եւ միայն մեկ հայ:

Բաբաեւը պնդում է, որ Սաակաշվիլին ադրբեջանցիներից վրեժ է հանում այն բանի համար, որ նրանք մինչ վերջին պահը պաշտպանում էին Էդուարդ Շեւարդնաձեին: «Մեզ հետ ոչ ոք չի ուզում խոսել: Վրաստանում ադրբեջանցիներն այլեւս ոչ ոքի պետք չեն»: Սա մեջբերում է «Էխո» թերթին տրված նրա հարցազրույցից: Ալի Բաբաեւն իր հայրենակիցներին կոչ է արել Սաակաշվիլու հետ հույսեր չկապել ժողովրդավարական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի իրակացման մեջ: «Տարբեր պաշտոնների նշանակումներն իրականացվում են «միայն յուրայինները» սկզբունքով: Նշանակվում են ընկերները, բարեկամները եւ այլն: Բացի իրենցից նրանք ոչ ոքի չեն ընդունում»,- պնդում է նա: Ինչ վերաբերում է սպասվելիք խորհրդարանական ընտրություններին, ապա, Բաբաեւի խոսքերով, դրանց արդյունքներն անխուսափելիորեն կեղծվելու են: Իսկ վերջում «առաքյալը» սպառնացել է Մառնեուլի ադրբեջանցիների մասսայական բողոքի ակցիա կազմակերպել:

Համաձայնեք, որ տարօրինակ է նման կոչեր լսել այն էթնիկ խմբի ներկայացուցչի շուրթերից, որը, Սաակաշվիլու խոսքերով, «վրացական պետությանն ամենանվիրված բնակչությունն է».. Իսկ միգուցե՞ նախագահը պարզապես թյուրմացության մեջ է:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---