ՊՐԱՀԱՅԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ ՆՈՐ ՓՈՒԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում

Պրահայում սկսվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդատվության հերթական փուլը: Ինչպես եւ նախորդ երկու հանդիպումները, այնպես էլ այս մեկն անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությամբ: Վարդան Օսկանյանը եւ Էլդար Մամեդյարովը հուսով են, որ Չեխիայի մայրաքաղաքում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել բարձրագույն մակարդակով բանակցություններ վարելու համար:
PanARMENIAN.Net - Բանակցությունների բովանդակության մասին քիչ բան է հայտնի: Բաքվի լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը, հայտնում են, որ հանդիպումից առաջ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ոչինչ չհրապարակել: Սակայն, որոշակի տեղեկատվություն այնուամենայնիվ հայտնի է: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, Պրահայում քննարկվելու են կողմերի մոտեցումների «համաձայնեցման» մեթոդները: «Կարծես թե գծագրվում է դրանց համատեղման պատկերը»,- ասել է նախարարը: Շատ վերլուծաբաններ այս հայտարարությունը որակել են որպես որոշակի առաջընթացի վկայություն: Վարդան Օսկանյանը զգուշավոր լավատեսություն է ցուցաբերել` հույս հայտնելով, որ երրորդ հանդիպումը կդառնա բանակցությունների այս փուլի տրամաբանական ավարտը: Եթե նրա սպասելիքներն իրականանան, ապա հաջորդ հանդիպումը կընթանա երկու երկրների նախագահների միջեւ:

Ամենայն հավանականությամբ, «դիրքորոշումների համատեղման գծագիրն» էլ հենց եղել է միջնորդների վերջին առաջարկի հիմքը: Հիշեցնենք, որ նախկինում ռուս համանախագահ Նիկոլայ Գրիբկովը եւ ադրբեջանական նախարար Էլդար Մամեդյարովը հայտարարել են, որ քննարկման առարկան միջնորդների առաջարկած «նոր գաղափարներն են», որոնք ներառում են նախկինում քննարկված կարգավորման տարբերակների էլեմենտներ: Ըստ էության, խոսքը գնում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից հավանության արժանացած փաթեթային տարբերակի եւ Ադրբեջանի պնդած փուլային տարբերակի համատեղման մասին:

Առայժմ չեն հաստատվել տեղեկություններն այն մասին, թե «միջանկայլ» տարբերակով նախատեսվում է առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող «անվտանգության գոտու» երեք շրջաններ: Չի կարելի բացառել այն, որ Պրահայի հանդիպման ժամանակ կքննարկվի նաեւ այս գաղափարը: Ինչպես հայտնի է, միջնորդները Երեւանի եւ Բաքվի հետ չեն համաձայնեցրել հանդիպման օրակարգը: Ինչպես եւ նախորդ անգամ, յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հանդես գալ ցանկացած նախաձեռնությամբ: Այնպես որ, երեք շրջանների վերադարձի հարցը կարող է առաջարկվել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջնորդների կողմից: Սակայն դա դեռեւս չի նշանակում, որ այդ հարցը կդառնա լուրջ քննարկման առարկա:

Օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը անուղղակիորեն հաստատեց պաշտոնական Բաքվի հետաքրքրությունը Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մաննին վերագրվող գաղափարի հանդեպ: Մամեդովի խոսքերով, Բաքվում ճիշտ են համարում այն, որ տարածքային հարցերն աստիճանաբար լուծվեն: «Տրաբանական է սկսել առաջին, երկրորդ, երրորդ շրջանների ազատագրումից»,- ասել է Ալիեւի վարչակարգի բարձրաստիճան աշխատակիցը` միաժամանակ չմասնավորեցնելով, թե փոխարենը ինչ կստանա ղարաբաղյան կողմը: Մամեդովի խոսքերից կարելի է ենթադրել, որ առաջին փուլում Ադրբեջանը կցանկանար վերահսկողություն հաստատել երեք «գրավված շրջանների հանդեպ, երկրորդ փուլում` եւս չորսի, իսկ երրորդում` ամբողջ Ղարաբաղի:

Ղարաբաղի մասին խոսակցությունն առանձին է եւ կտարվի կարգավիճակի հստակեցման շրջանակներում: Այստեղ հատկանշական է մեկ այլ մանրամասնություն: Մամեդովի հավաստմամբ, պաշտոնական Բաքուն յոթ գրավված տարածք է հաշվարկում: Միաժամանակ, հայտնի է, որ ղարաբաղյան զինված ուժերը հսկում են ԼՂՀ-ից դուրս վեց շրջան: Դրանք են Ֆիզուլին, Ջեբրաիլը, Զանգելանը, Աղդամը, Քելբաջարը եւ Լաչինը: Դժվար չէ գլխի ընկնել, որ յոթերորդ գրավված տարածքի մասին խոսելիս` Նովրուզ Մամեդովը նկատի ունի Շուշին: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը չի էլ պատրաստվում քննարկել ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի, ինչպես նաեւ նրանց կողմից զավթած Հադրութի եւ Մարտունու շրջանների եւ Հայաստանի Տաուշի մարզի Արծվաշենի ազատագրման ժամկետները:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---