ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ադրբեջանի խորհրդարանում քննարկվում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու հարցը:

Օրերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները քննարկեցին Քաղաքացիական համերաշխություն կուսակցության նախաձեռնությունը, որը ենթադրում է տարածքային պահանջատիրություն Հայաստանից: Օրենսդիրներին առաջարկվել է քննարկել Հայաստանի Սյունիքի մարզի տարածքների, ինչպես նաեւ Երեւանի նկատմամբ Ադրբեջանի սուվերենիտետի տարածման հարցը: Իսկ այս զառանցանքային գաղափարը ներկայացվել է բավականաչափ հետաքրքրական ձեւով: Պրովակացիայի նախաձեռնող, պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլիի կարծիքով, միլի մեջլիսը «Զանգեզուրը Հայաստանին տալու եւ Երեւանը որպես մայրաքաղաք զիջելու մասին»` 1918 եւ 1920 թ.թ.-ին Ադրբեջանի ազգային խորհրդի որոշումները պետք է չեղյալ համարի :
PanARMENIAN.Net - Հատկանշական է, որ այս աբսուրդ առաջարկը քննարկվել է ամբողջ լրջությամբ: Ավելին, նիստը նախագահող, խորհրդարանի փոխխոսնակ Արիֆ Ռագիմզադեն համաձայնել է, որ անհրաժեշտ է մշակել որոշման կոնկրետ նախագիծը եւ միլի մեջլիսի ղեկավարությանը հանձնարարել է այս հարցն ընդգրկել հաջորդ նստաշրջանի օրակարգ: Եթե խորհրդարանական արձակուրդները չլինեին, Ռագիմզադեն դեմ չէր լինի Երեւանը միացնել Ադրբեջանին արդեն այս նստաշրջանում: Սակայն իր օրինական արձակուրդը սրա համար նա չհամարձակվեց վտանգի տակ դնել` կարեւոր նախաձեռնությունը հետաձգելով մինչեւ աշուն:

Հարցի պատմությունն իսկապես խիստ հետաքրքրական է: 1918 թ.-ի մայիսի 29-ին, այսինքն Ադրբեջանի անկախության հայտարարման հաջորդ օրը, երիտասարդ պետության խորհրդարանն ընդունեց մի փաստաթուղթ, որում նշված էր, որ Ադրբեջանը հարեւան երկրից որեւէ տարածքային պահանջ չունի: Ազգային ժողովի որոշման մեջ նշված էր, որ Ադրբեջանը ճանաչում է հարեւան երկրի իրավունքները Արարատյան դաշտավայրի նկատմամբ: Երկու տարի անց արդեն խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության գլխավոր կոմիտեն որոշում ընդունեց ճանաչելու Հայաստանի ինքնավարությունը Զանգեզուրի նկատմամբ (այժմյան Սյունիքի մարզը): Իսկ արդեն կես տարի անց Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Նարիման Նարիմանովը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջներ ներկայացնելուց: Այնուհետեւ, Մոսկվայից ստացված ազդակները ստիպեցին նրան հրաժարվել վերջին որոշումից, եւ շուտով Բաքուն կրկին սկսեց վերահսկողություն պահանջել Ղարաբաղի նկատմամբ:

Այժմ հարեւանները զղջում են, որ չեն հրաժարվել նաեւ առաջին երկու որոշումներից էլ: Նրանց համոզմամբ, 1918 եւ 1920 թ.թ.-ին ընդունված որոշումները «ազատ կամքի դրսեւորումներ էին», որը հայերը չգնահատեցին: Իբրեւ թե, այդ պատճառով էլ նրանք իրավունք ունեն հրաժարվել իրենց իսկ որոշումից: Այսինքն, պետք է ենթադրել, որ այս գաղափարի նախաձեռնողները մտադիր են Երեւանը միացնել Ադրբեջանին: Հետաքրքրական է: Իսկ ի՞նչ կլիներ, եթե անցյալ դարասկզբին ադրբեջանցիները որոշում ընդունեին ճանաչել Իսպանիայի ինքնիշխանությունը Կատալոնիայի նկատմամբ կամ Իտալիայինը` Սիցիլիայի: Այդ որոշումներից հրաժարվելը կնշանակեր արդյո՞ք այն, որ Կատալոնիան կամ Սիցիլիան ադրբեջանական հողեր են..

«Ես այս հարցը բարձրացրել եմ, որպեսզի ուղղեմ Ադրբեջանի պատմական սխալը»,- հայտարարել է պատգամավոր Ֆ. Իբրահիմլին,-«Այժմ աշխարհում բոլորը կիմանան, որ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է Ադրբեջանի տարածքում»: Տարօրինակ տրամաբանություն է: Իրականում, կարծում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում բոլորը կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի քաղաքականության ագրեսիվ էությունը, որի չի բավարարվում Ղարաբաղի պահանջով, առաջ է շարժվում դեպի Հայաստանի մայրաքաղաքը: Միջազգային հանրությունը պարտավոր է համապատասխան գնահատական տալ Բաքվի տիրակալների մեծացող ախորժակին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---