ԲԱՔՎՈՒՄ ՉԵՉԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԶԳՈՒՄ ԵՆ, ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ

Արդյո՞ք Մոսկվան կանխարգելիչ հարվածներ կհասցնի Ադրբեջանում գտնվող չեչենական ահաբեկիչների բազաներին:

Հյուսիսային Կովկասում հակահաբեկչական գործողությունների իրականացման շտաբի անդամ, գեներալ Իլյա Շաբալկինն օրերս հաստատել է, որ Ադրբեջանի սահմանին ձերբակալվել է Աբու-Մուսհաբ մականունով հայտնի արաբ ահաբեկիչ Քյամալ Բուրախլյան: Ձերբակալվածը խոստովանել է, որ ուղեւորվում էր Բաքու Չեչնիայում ստացած վերքը բուժելու նպատակով: Ռուս գեներալի խոսքերով` Բաքուն ոչ միայն փոխաբեռնման կետ է դարձել Չեչնիա ահաբեկիչներ ուղարկելու համար, այլեւ` գրոհայինների համար յուրօրինակ հոսպիտալ ու առողջարան: «Շատ չեչեն գրոհայիններ եւ վարձկաններ օգտագործում են Ադրբեջանը բուժման նպատակով»,- հայտարարել է Շաբալկինը:
PanARMENIAN.Net - Բաքվում հերքում են իրենց տարածքում ահաբեկիչների բուժման հնարավորությունը, քանի որ գիտակցում են, թե ինչպիսին կլինեն հետեւանքներն այն բանից հետո, երբ ռուսական հատուկ ծառայություններին հաջողվի ապացուցել, որ իսկապես Ադրբեջանում գործում են չեչեն գրոհայինների կառույցները: Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավր շտաբի ղեկավար Բալուեւսկին հայտարարել էր, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնել արտասահմանում գործող ահաբեկիչների բազաներին: Բացառված չէ, որ գեներալ Շաբալկինի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Մոսկվան մտադիր է լրջորեն զբաղվեկ չեչեն ահաբեկիչների ադրբեջանական հետքի հետախուզությամբ: Հենց սրանից են Բաքվում զգուշանում: Ակնհայտ է, որ եթե ահաբեկիչները կազմակերպված ձեւով փոխադրվում են Ադրբեջան, եւ այնտեղ իրականացվում է նրանց բուժումը, ապա այնտեղ նրանք բազաներ ունեն:

Մոսկվայի առաջին կանխարգելիչ քայլն արդեն արված է: Ռուսները փակել են սահմանը, որպեսզի կանխեն Ադրբեջանից ահաբեկիչների մուտքը: Հաջորդ քայլը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի, երբ ապացուցվի Ադրբեջանում չեչեն ահաբեկիչների բազաների գոյության փաստը: Չնայած այս փաստը երբեք էլ կասկածներ չի հարուցել Մոսկվայում: Պարզապես մինչ վերջերս ռուսական մայրաքաղաքում այդ փաստին այնքան էլ մեծ նշանակություն չէին տվել: Ընդհակառակը, Մոսկվային ձեռնտու էր, որ չեչեն գրոհայինները խմբավորվում էին հենց Ադրբեջանում եւ ոչ` որեւէ արաբական երկրում, որտեղ ռուսական հատուկ ծառայություններն ավելի քիչ լրտեսներ ունեն: Բաքվում հատուկ ծառայության լրտեսներին առավել հեշտ էր հետեւել չեչեն ահաբեկիչների առաջնորդներին եւ վերացնել նրանց, ինչպես անցյալ դարասկբին վարվում էին հայ վրիժառուները երիտթուրքերի առաջնորդների հետ: Վերջին հինգ տարիներին Ադրբեջանում հանելուկային պայմաններում սպանվել է ավելի քան 10 չեչեն առաջավոր գործիչ: Բերենք ընդամենը մի քանի անուն:

Վահա Իբրահիմով: Ջոհար Դուդաեւի մտերիմ համախոհը: Ղեկավարել է Զելիմհամ Յանդարբիեւի կառավարության մամլո ծառայությունը: Ավելի ուշ ստանձնել է Իչկերիայի զինված ուժերի մամլո քարտուղարի պաշտոնը: Հայտնի է, որ 1996թ.-ին չեչեն անջատողականների ղեկավարները հենց նրան էին հանձնարարել զենքի մատակարարման վերաբերյալ բանակցություններ վարել աֆղանական «Թալիբան» շարժման ղեկավարների հետ: Բաքվում զբաղվել էր խոշոր ստվերային բիզնեսով` Չեչնիա ուղարկելով սկու առեւտրից ստացված եկամուտը: Սպանվել է Բաքվում անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին:

Մահոմեդ Կարիեւ: Դաշտային հրամանատար: Ղեկավարել է արյունալի բազմաթիվ գործողություններ իրականացրած խումբը: 4 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Ապրել է Բաքվում մինչեւ այն պահը, երբ փոխոցում սպանվել է անհատ անձանց կողմից:

Հիզիր Թալհադով: Ասլան Մասխադովի անձնական թիկնապահն էր: Նրա խղճին բազմաթիվ արյունալի հանցագործություններ են նստած: Անհայտ անձանց կողմից գնդակահարվել է Բաքվում իր նոր տան դիմաց, կնոջ աչքերի առաջ:

Մահոմեդով Մահոմեդալի: Առավել հայտնի է Իբրահիմ եւ Ալաուրի մականուններով: Դաշտային հրմանատար էր: Էմիր Հաթթաբի համակիրն ու օգնականն էր: 2002թ.-ի մայիսին նրա դիակը գտնվել է Բաքվի փողոցներից մեկի մայթին:

Ցանկը կարելի է շարունակել: Եվ, ամենայն հավանականությամբ, այս ցուցակը կլրացվի նոր անուններով, քանի որ չնայած աճող ռիսկին` չեչեն ահաբեկիչները չեն շտապում իրենց բազաները տեղափոխել Ադրբեջանից: Միգուցե նրանք գիտակցում են, որ մեկ այլ երկրում տեղական իշխանությունները մեծ ջանքեր կգործադրեն իրենց գործունեությունը կասեցնելու համար: Անուղղակի ապացույցներ այն բանի, որ մինչ օրս Բաքվում են թաքնվում մասխադովյան թիմի շատ գործիչներ, հնչել են նաեւ Ադրբեջանում չեչենական համայնքի ղեկավար Մայրբեք Թարամովի խոսքերում: Իհարկե, նա կես ճշմարտությունն էր ասել` հավաստելով, թե «Բաքվում են ապրում Իչկերիայի չեչենական հանրապետության ներկայացուցիչների բարեկամները»: Իսկ ինչո՞ւ էին ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց բարեկամները Բաքուն ընտրել որպես նոր բնակավայր: Ինչո՞ւ Ասլան Մասխադովի ավագ որդի Անզորը որոշել էր այցելել ոչ թե, օրինակ, Ինդոնեզիա, Պակիստան եւ կամ Սուդան, այլ հենց Ադրբեջան: Սա հարց է, որի պատասխանն, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կտան ռուսական հատուկ ծառայությունները: Իսկ պատասխանին, ենթադրվում է, որ կհետեւեն գեներալ Բալուեւսկու խոստացած գործողությունները:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---