ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉԻ ԱՍՈՒՄ

Նախագահի թեկնածուի մամլո քարտուղարը հերքում է թուրքական ԶԼՄ-ում տպագրված հրապարակման ճշմարտացիությունն այն հարցում, թե Ջոն Քերրին հրաժարվել է հայկական ցեղասպանության ճանաչմանն հասնելու մտադրությունից:

«Ես չեմ խոստացել, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչեմ հայերի ցեղասպանության փաստը»,- թուրքական «Զաման» թերթին տրված հարցազրույցում հայտարարել է դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոն Քերրին: Եթե նա իսկապես նման արտահայտություն է իրեն թույլ տվել, ապա պետք է նկատել, որ այն հակասում է Ամերիկայի հայկական համայնքին ուղղված բազմաթիվ ելույթների բովանդակությանը:
PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների առաջնորդներն իրադրությունը պարզաբանելու խնդրանքով անմիջապես դիմել են դեմոկրատների ընտրական շտաբի ղեկավարներին: Ջոն Քերրիի մամլո քարտուղար Մարկ Քիթչենսը հերքել է «Զաման» թերթում հրապարակված տեղեկությունը: ««Զամանում» տպագրված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,- պնդում է պարոն Քիթչենսը,- «Սենատում եւ ընտրական քարոզարշավում կատարած Ջոն Քերրիի ողջ գործունեությունը վկայում է հայկական ցեղասպանությանն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությանն աջակցելու հետեւողականության մասին: Տարիներ շարունակ Ջոն Քերրին զբաղվել է ամերիկահայերին հուզող հարցերով, որոնց աջակցությամբ նա հպարտանում է»:

Այնուհանդերձ, բոլոր կասկածները չեն փարատվել: Բանն այն է, որ Ջոն Քերրին հերքում տպագրելու պահանջով չի դիմել «Զաման» թերթի խմբագրություն: Ընտրական շտաբը խոսում է թերթում տպագրվածի սխալ լինելու մասին, սակայն չի պնդում, որ հարցազրույցի ժամանակ Քերրին չի ասել այդ բառերը: «Զամանն» իսկապես թույլ է տվել սուբյեկտիվ ենթադրություններ: Սակայն Քերրիի հետ հարցազրույցի մեջբերումներն ինքնին շատ բան են ասում: Օրինակ, ահա ինչպես է Քերրին պատասխանել «հայկական ցեղասպանության բանաձեւի ընդունմանը հասնելու» մասին տրված Քերրիի խոստմանը վերաբերող հարցին: «Վերջին տաս տարիների ընթացքում ես նման բան չեմ ասել»: Ինչո՞ւ միայն վերջին տաս տարիների ընթացքում: Որովհետեւ Քերրին ընդունում է, որ 1990թ.-ին աջակցել է «Հայկական բանաձեւի» ճանաչման գաղափարը: Սակայն դրանից հետո, ինչպես երեւում է «Զամանին» տրված նրա հարցազրույցի տեքստից, նա վերանայել է իր մոտեցումները: Լիովին ակնհայտ է, որ Քերրին որեւէ մեկին ինչ-որ բան լրիվ չի ասում: Քանի որ ամենեւին դժվար չէ համոզվել, որ դեմոկրատների առաջնորդը վերջին կես տարում մոտ տասն անգամ կողմ է արտահայտվել Օսմանական Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ընդունմանը: Բերենք մի քանի օրինակ Ամերիկայի հայերին ուղղված նրա ելույթներից.

«Ես միանում եմ ԱՄՆ-ի հայկական համայնքին, որպեսզի հայկական Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշեմ եւ աշխարհի կառավարություններին եւ ժողովուրդներին կոչ եմ անում պաշտոնապես ընդունել այդ ողբերգությունը...»:
«Նշելով Ցեղասպանության զոհերի օրը` ԱՄՆ-ի հայկական համայնքը հիշեցնում է մեզ նման ողբերգությունների կանխման մեր պարտավորությունը: Ես հպարտանում եմ ԱՄՆ-ի հայերի հետ իմ համագործակցությամբ, որն ուղղված է հայերի Ցեղասպանության ճանաչմանը...»:
«Եթե նախագահ դառնամ, ապա կշարունակեմ պայքարել հայկական Ցեղասպանության մերժման դեմ...»:
«Իմ վարչախումբն ընդունում է 2005թ.-ի ապրիլի 24-ը որպես այդ բարբարոսության 90-ամյակ եւ կձգտնի, որ հետագայում մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունները չկատարվեն...»:
«Օսմանյան Թուրքիայի ղեկավարները մեղավոր են 1915-1923թթ.-ին 1.5 միլիոն հայերի սպանության կամ դեպորտացիայի մեջ` վարելով ազգային մաքրագործման քաղաքականություն...»:

Սրանք Քերրիի հայտարարություններից բերված մեջբերումներ են, որոնցից, ի դեպ, նա չի հրաժարվում: Այսինքն, դեմոկրատների թեկնածուն կամ չափազանցեցնում է հայերի հանդեպ տածած իր համակրանքը, կամ թուրքերից թաքցնում է իր իսկական մտադրությունները: Այնուհանդերձ, մի բանում «Զաման» թերթը ճիշտ է: Վերջին տարիների ընթացքում Քերրին հստակորեն չի արտահայտվել, թե խոստանում է կոնգրեսում վերանայել հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւը: Հաճախ նա բավարարվում էր դիվանագիտորեն ձեւակերպված արտահայտություններով, որոնք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Միամիտ կլիներ նախագահի թեկնածուից հստակություն ակնկալել նման խնդրահարույց հարցում: Չէ որ ԱՄՆ-ում քիչ չեն թուրք ընտրողները: Դատապարտելի ոչինչ չկա, որ Ջոն Քերրին ձգտում է կանխել երկրի թուրքական եւ ադրբեջանական ծագման ընտրողների հոսքը դեպի իր մրցակիցը: Եթե սա դեմոկրատներին կօգնի հաղթանակել ընտրություններում, ապա արդյունքում ԱՄՆ-ի հայերը հաղթանակած դուրս կգան: Եթե Քերրիի «մեղքը» միայն նրանում է, որ թեթեւակիորեն խուսանավում է` փորձելով երկու աթոռներին նստել, ապա մեր հայրենակիցները պատրաստ են նրան ներել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---