ԱՏԿԻՆՍՈՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

Բաքվում պատրաստ են համակերպվել այն մտքի հետ, որ Ղարաբաղի մասին զեկույցում որոշակի փոփոխություններ կմտցվեն:

Հայտարարվել է հունվարի 24-ից 28-ը կայանալիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագիծը: Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Դեվիդ Ատկինսոնի կազմած զեկույցի քննարկումը նշանակված է հունվարի 25-ին: Այս հարցը նիստի օրակարգի առաջին կետն է լինելու: Քննարկումները կսկվեն առավոտյան ժամը տասին:
PanARMENIAN.Net - Զեկույցն անցել է գրեթե բոլոր ատյանները: Դրա վրա աշխատել է երկու զեկուցող: Երեք նախնական լսում է տեղի ունեցել Քաղաքական հանձնաժողովում, որից հետո նոյեմբերի 17-ին Ատկինսոնի առաջարկած փաստաթղթում ուղղումներ եւ լրացումներ են մտցվել: Դեկտեմբերի 15-ին զեկույցը քննարկվեց ԵԽԽՎ բյուրոյի նիստում: Վերջին ատյանը Վեհաժողովի պլենար նիստն է, որով էլ եւ վերջակետ կդրվի: Իսկ մինչ ձմեռային նիստը ոչ ոք` ոչ զեկուցողն ինքը, ոչ քաղհանձնաժողովը, ոչ ԵԽԽՎ ղեկավարությունն իրավասու չէ ինչ-որ բան փոխել: Այդ իսկ պատճառով ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի ղեկավարությունը նամակներով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսին եւ ԵԽԽՎ նախագահ Փիթեր Շիդերին` զեկույցի քննարկման կասեցման եւ կամ դրանում փոփոխություններ անելու խնդրանքով, չեն կարող համապատասխանել իրականությանը:

Հայաստանին միայն մնում է ետվարագույրյան աշխատանք տանել ինչպես անհատական մակարդակով առանձին պատգամավորների, այնպես էլ ԱԳՆ մակարդակով գործընկեր պետությունների հետ: Կարեւոր է նաեւ դաշինքների դիրքորոշումները, որոնց հետ եւս աշխատանք է տարվում: Հույս կա նաեւ, որ Վեհաժողովի պլենար նիստում զեկույցի քննարկման ժամանակ կհաջողվի որոշ ուղղումներ մտցնել զեկույցի տեքստում:

Քաղաքական հանձնաժողովում Հայաստանը 5 փոփոխություն էր առաջարկել, որոնցից 3-ը մերժվեց: Դրանց թվում էին մեզ համար ամենասկզբունքայինները: Հայկական պատվիրակության անդամները կփորձեն հասնել ներկայիս տեքստում տեղ գտած այն ձեւակերպումների փոփոխությանը, որոնցից են օրինակ` «անջատողականների կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղ» եւ «բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների քաղաքական շրջանակները»: Երկու ձեւակերպումներն էլ մեզ համար խիստ անընդունելի են: Եվս մեկ անցանկալի առաջարկ հնարավոր եղավ տեքստից դուրս հանել զեկույցի քննարկման վերջին փուլում: Այնտեղ խոսքը գնում էր Հաագայի Միջազգային դատարան դիմելու անհրաժեշտության մասին այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Հայաստանի գործողությունները զավթողական են: Սակայն բացառված չէ, որ այս նախաձեռնությոնը կրկին երեւան կգա ձմեռային նիստի ժամանակ ադրբեջանական պատգամավորների մատուցմամբ:

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են համակերպվել այն փաստի հետ, որ հայկական պատվիրակությանն ամեն դեպքում կհաջողվի որոշ փոփոխություններ մտցնել զեկույցի տեքստում: Սա նկատելի է ադրբեջանական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Սամեդ Սեիդովի տրամադրվածությունից: Օրերս տեղական մամուլին տրված հարցազրույցում նա հնարավոր է համարել, որ « զեկույցի քննարկման ընթացքում կարող են լրացումներ մտցվել»: «Մեզ համար կարեւոր է, որ այդ լրացումները չփոխեն զեկույցի սկզբունքային նշանակությունը»,- հայտարարել է Սեիդովը` շեշտելով, որ փաստաթղթի ներկայիս տեքստը լիովին բավարարում է Ադրբեջանին: «Մենք ուզում ենք, որ պարոն Ատկինսոնի զեկույցն հաստատվի ինչպես որ կա»,- ասել է Սամեդ Սեիդովը:

Սակայն, չնայած այս պնդմանը` Վեհաժողովի նստաշրջանի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է գրավել անբավարարվածի դիրք: Որպեսզի կանխեն հայերի կողմից առաջադրած փոփոխությունների ներառումը, ադրբեջանցիները կդիմեն փորձարկված տակտիկական մեթոդին: Նրանք նույնպես փոփոխությունների առաջարկով հանդես կգան, որոնք առավել կսրեն Հայաստանին չբավարարող ձեւակերպումները: Խնդիրը մեկն է` գործընկերների մոտ ստեղծել այն տպավորությունը, թե ներկայիս զեկույցը փոխզիջումային է, եւ ներկայիս ձեւով նրա հաստատումը թույլ կտա պահպանել հաշվեկշիռը: Սակայն ԵԽԽՎ պլենար նիստում Ադրբեջանն իր շահերը լոբբի անելու համար ավելի քիչ ռեսուրսներ ունի, քան Քաղաքական հանձնաժողովում, որտեղ պաշտոնական Բաքուն կարողացավ հաջողության հասնել: Նիստին ներկա են պատգամավորներ, ովքեր առավել քիչ են կախված իրենց երկրների իշխող վերնախավերի քաղաքական շահերից: Սա սահմանափակում է Ադրբեջանի նավթային դիվանագիտությունը եւ հիմք է տալիս հուսալու, որ զեկույցի վերջնական տարբերակն ավելի քիչ կանխակալ կլինի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---