ԿՈՎԿԱՍ-ՓՈԹԻ ԾՈՎԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ Է

Ռուսաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնված է, սակայն այն լուծում է խնդրի մի մասը միայն:

Ռուսական Կովկաս նավահանգստից վրացական Փոթի նավահանգիստ են առաքվել Հայաստանի համար առաջին բեռները: Ամենայն հավանականությամբ, 18 վագոն ցորենը Երեւան կհասնի երեքշաբթի: Նավահանգստային ճանապարհը հնարավորություն տվեց վերականգնել 14 տարի առաջ դադարեցված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործող երկաթուղային հաղորդակցությունը: Հիշեցնենք, որ Կովկասի եւ Փոթու միջեւ ճանապարհը շահագործվեց մարտի 25-ին: Առաջին բեռը նախատեսված էր Վրաստանի համար:
PanARMENIAN.Net - Կարելի է ասել, որ հաջողվել է բացել Հայաստանի երկաթուղային շրջափակումը: Սակայն միաժամանակ անհրաժեշտ է մեկ կարեւոր հանգամանք հաշվի առնել: Իսկապես, նոր հաղորդակցության շնորհիվ բեռնված վագոնները ընդամենը երկու օրում Ռուսաստանից կհասնեն Հայաստան: Սա 15-ից 25 տոկոսով կկրճատի տրանսպորտացիայի ինքնարժեքը: Ընդ որում, տրանսպորտային ծախսերը կկազմեն այնքան, որքան եթե շահագործվեր երկաթգծի աբխազական հատվածը: Սակայն մեկ խնդիր կա: Այն կապված է ծավալների հետ, որոնք ի վիճակի է ընդունել Կովկաս նավահանգիստը: Բանն այն է, որ վրաց-ռուսական համաձայնագրով սկզբնական շրջանում տրասպորտացիայի ծավալները ավելի քան համեստ պետք է լինեն: Մեկ շաբաթվա ընթացքում բեռնվելու է ընդամենը մեկ նավ: Ընդ որում, առաջնային կլինեն իհարկե Վրաստանի համար նախատեսված բեռները: Այսինքն, լավագույն դեպքում մենք կարող ենք հուսալ շաբաթվա մեջ մեկ երթի: Մեկ անգամվա համար բեռնանավը կարող է տեղափոխել առավելագույնը 25, իսկ միջինը 18 վագոն: Միամիտ կլիներ կարծել, թե ամսվա մեջ 70-80 վագոնները ի վիճակի են ապահովել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքափոխադրման ամբողջ ծավալները:

Փորձագետների գնահատականներով Կովկաս-Փոթի նավահանգստային բեռնափոխադրման առավելագույն շրջանառությունը կարող է կազմել տարեկան 500 հազար տոննա: Նավահանգստի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ընդունել առավելագույնը 130 մետր երկարությամբ, 14 մետր լայնությամբ եւ 5 մետր խորությամբ բեռնանավեր: Այնինչ, ծանր երկաթուղային վագոններ տեղափոխող բեռնանավերը ունեն 9 մետր խորություն: Սա նշանակում է, որ Կովկաս նավահանգստում անխուսափելի են «հերթերի» կուտակումները: Արդեն այժմ Կովկասում հաջորդ երթուղուն են սպասում Հայաստանի համար նախատեսված 11 բեռնավագոններ:

Ժամանակին քննարկվում էր Կովկաս նավահանգստում նոր կայարանի շինարարության հարցը, որն ի վիճակի կլիներ ընդունել բազմաքանակ բեռներով նավերին: Խոսքը հայ-ռուսական համատեղ ընկերության ստեղծման մասին էր: Երեւանն ու Մոսկվան պայմանավորվածությունն էին ձեռք բերել հիմնադրի հավասար իրավունքներով կոնսորցիումի ստեղծման մասին: Հաշվարկված էր, որ ծրագրի իրականացման համար պահանջվելու էր 5 միլիոն դոլար: Իրեն բաժին ընկնող հատվածի մի մասը Հայաստանի կառավարությունը պատրաստ էր նախատեսել 2000 թվականի բյուջեով: Մյուս մասը խոստացել էին ներդնել հայ գործարարները: Սակայն հետագայում պարզվեց, որ ծրագրի իրական արժեքը ոչ թե հինգ միլիոն է, այլ` հարյուրից ավել: Սկսվեցին նոր դոնորների որոնումները: Ծրագրով հետաքրքրվեց իսպանական «Santader» բանկային ընկերությունը, որը պատրաստակամություն էր հայտնել 120 միլիոն եվրո արժողությամբ ներդրումներ անել նավահագստային կայարանի շինարարության մեջ: Սակայն այդպես էլ գործն առաջ չգնաց: Անցած տարի Ռուսաստանն ու Վրաստանը որոշեցին բավարարվել նրանով ինչ կա: Հունվարի 10-ին ստորագրվեց համապատասխան համաձայնագիր:

Այժմ Հայաստանն օգտվում է ռուսական բեռնանավերից: Սակայն ժամանակին քննարկվում էր երկու բեռնանավի ձեռք բերման հարցը: Դրանց գնման բանակցությունները տարվում էին բուլղարների եւ ռուսների միջեւ: 3 միլիոն դոլարի վարկը խոստացել էր տրամադրել Առեւտրի Սեւծովյան բանկը: Գուցե այժմ արժե հիշել ժամանակին ձեռք բերված նախնական պայմանավորվածության մասին: Օգտագործած բեռնանավի ձեռքբերման գումարները ետ կգան 3-4 տարի հետո, իսկ այնուհետեւ նավը կաշխատի եկամտով: Ինչ վերաբերում է Փոթի նավահանգստի վարձակալմանը, ամենայն հավանականությամբ, այդ թեմայով խոսակցություններն արդեն անցյալում են:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ անկասկած նավային հաղորդակցության շահագործումը կօգնի թեթեւացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող տրանսպորատային շրջափակման դժվարությունները: Որոշակի հիմքեր կան հուսալու, որ հաջորդ քայլը կլինի երկաթգծի աբխազական հատվածի շահագործումը, որից հետո առավել արդիական կդառնա Կարս-Ախալքալաք հատվածի վերաշահագործման հարցը:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---