ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԿԱ

Իրականությանը չի համապատասխանում թուրք դիվանագետի այն հայտարարությունը, թե պատրաստվում է ստորագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ:

ԵԱՀԿ Թուրքիայի նախկին դեսպան Յալիմ Էրալի սենսացիոն հայտարարությունը չհանգեցրեց սկանդալի, քանի որ տարօրինակ հաղորդագրության հերքումը հնչեց անմիջապես: Հիշեցնենք, որ «CNN-Turkey» հեռուստատեսությամբ ելույթ ունենալով` թուրք դիվանագետը հայտարարել էր, որ մայիսի 10-ին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր: Դեսպանի տվյալներով, այդ համաձայնագրի հիմքում ընկած պետք է լիներ կարգավորման փուլային տարբերակը:
PanARMENIAN.Net - Ոչ Երեւանում, ոչ էլ Բաքվում ոչ մի հիմք չգտնվեց վստահելու Էրալի տվյալներին, քանի որ չափազանաց անճշմարտացի էր նրա շարադրած տարբերակը: Եվ Մինսկի խմբի համանախագահները, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, որ բանակցություններն այժմ այն փուլում չեն, որ կարելի լինի խոսել որեւէ փաստաթղթի ստորագրման մասին: Ի դեպ, նկատենք, որ թուրք դիվանագետը չի հստակեցնում, թե մայիսի 10-ին կոնկրետ ովքեր պետք է ստորագրեն փաստաթուղթը: Եթե նա նկատի ունի նախագահներին, ովքեր միաժամանակ գտնվելու են Մոսկվայում, ապա նրանց տեսնվելու առիթը ոչ թե մայիսի 10-ին է, այլ` 9-ին: Սակայն Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը կասկած չի թողնում, որ Հաղթանակի 60-ամյակի տոնակատարությունների շրջանակում նա մտադիր չէ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելին, նրա ցուցադրական դեմարշից հետո հարցականի տակ է դրվում նաեւ նախագահների հանդիպումը Վարշավայում, ուր մայիսի 15-ին երկու երկրների ղեկավարները կմեկնեն մասնակցելու Եվրախորհրդի անդամ-պետությունների գագաթաժողովին մասնակցելու համար:

Իսկ եթե ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախկին դեսպանը հնարավոր է համարում այդ փաստաթղթի ստորագրումը արտգործնախարարների կողմից, ապա այդ տարբերակը եւս աբսուրդային է: Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները դեռեւս չեն հասցրել տեղեկացնել Վարդան Օսկանյանին վերջերս Էլմար Մամեդյարովի հետ իրենց հանդիպման բովանդակության մասին: Այնպես որ, եթե ենթադրենք, որ ֆրանկֆուրտյան հանդիպումի ընթացքում իսկապես որոոշակի առաջխաղացումներ են տեղի ունեցել, այնուհանդերձ Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ ոչ ոք ոչ մի մանրամասն չի համաձայնեցրել: Այդ դեպքում ո՞վ է ստորագրելու փաստաթուղթը, եթե ոչ նախագահները, ոչ էլ արտգործնախարարները այդ մասին տեղյակ չեն:

Թուրք դիվանագետի հայտարարության մեկ այլ հանգամանք եւս խիստ տարօրինակ է ներկայանում: Պաշտոնաթող դեսպանի խոսքերով, նախապատրաստվող փաստաթղթի հիմքում ընկած է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: Հիշեցնենք, որ Երեւանը եւ Ստեփանակերտը երկու անգամ մերժել են փուլային տարբերակը: Այնուհանդերձ, միջնորդները շարունակում են կողմերին ներկայացնել կարգավորման տարբեր սխեմաներ, որոնք ենթադրում են կողմերի փոխզիջումների մի քանի փուլեր: Սակայն Յալիմ Էրալի տարբերակն այլ է: Նա պարզաբանում է, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` հայկական կողմը Ադրբեջանին է զիջելու իր կողմից վերահսկվող անվտանգության գոտու 7 շրջաններից հինգը, սակայն նա չի նշում, թե ադրբեջանական կողմն ինչ զիջումներ է անելու: Սա եւս մեկ ապացույցն է այն բանի, որ Էրալի տեղեկությունները հեռու են իրականությունից: Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների վերջին հայտարարությունները հաստատում են, որ Երեւանը բացառում է միակողմանի զիջումների մասին խոսակցությունների հնարավորությունն անգամ:

Մնում է միայն ավելացնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հազվագյուտ համախմբվածություն ցուցաբերեցին թուրք դիվանագետի տարածած տեղեկությունների հերքման հարցում: Ափսոս, որ Երեւանի եւ Բաքվի դիրքերն առայժմ համընկնում են միայն նման հարցերում:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---