Արդյոք կստեղծվի՞ գազային կարտել եւ ի՞նչ պետք է սպասի Հայաստանը դրանից

ՆԱՏՕ-ի կարծիքով, գազային կարտելի նպատակը կլինի Ռուսաստանի կողմից էներգետիկ քաղաքականության օգտագործումը քաղաքական նպատակների հասնելու համար

Գազ արտահանող երկրների նախարարաների հանդիպումը Դոհայում` Կատարի մայրաքաղաքում, կարող է դառնալ գազային կարտելի ծննդյան վայրը, ՕPEC-ի նման, որը, ինչպես վախենում են գազի ներկրողները, կարող է թելադրել գները շուկայում: Երկրները, որոնց ներկայացուցիչները ժամանել էին Դոհա, վերահսկում են գազի համաշխարհային արդյունահանման 42 տոկոսը, նավթային շուկայում գրեթե նույնքան տոկոս ունեն OPEC-ի երկրները:
PanARMENIAN.Net - Էներգակիներ ունեցող պետությունները, կարծես, որոշել են ազդել Եվրոպայի վրա տնտեսական միջոցներով, ինչը հետագայում միշտ վերածվում է քաղաքականի: Գազային OPEC-ի ստեղծումը թելադրված է Իրանի ցանկությամբ, ինչպես նաեւ Ռուսաստանի` լինել առավել քիչ կախվածության մեջ ԱՄՆ-ից եւ լավագույն դեպքում Եվրապայի միջոցով, քանի որ հենց եվրոպացի սպառողները ծանր կացության մեջ կհայտնվեն կարտելի ստեղծման դեպքում: ՆԱՏՕ-ի կարծիքով, գազային կարտելի նպատակը կլինի Ռուսաստանի կողմից էներգետիկ քաղաքականության օգտագործումը քաղաքական նպատակների հասնելու համար, եւ առաջին հերթին սահմանամերձ պետությունների նկատմամբ` ինչպես Վրաստանն ու Ուկրաինան: Եվրոպայում հոյակապ հասկանում են, որ առանց ռուսական գազի տնտեսությունը պարզապես կդադարի աշխատել, սեփական պաշարները շատ քիչ են եւ դրանք շատ քիչ ժամանակով կբավականացնեն: Իսկ Ռուսաստանը հանդիսանում է հենց այդ գազի մատակարարը. Եվրոպան ստանում է բնական գազի անհրաժեշտ քանակության առավել քան 60 տոկոսը եւ նավթի 43 տոկոսը: Ֆորումին Ռուսաստանի մասնակցությունը` աշխարհում գազի մեծագույն պաշաներով, անհանգտսացնում է Եվրամիության երկրներից շատերին, որոնք առանց այդ էլ անհանգստացած են արեւելյան էներգակիրներից աճող կախվածությունով եւ դրանց հնարավոր դադարեցմամբ` Մոսկվայի եւ արեւելաեվրոպական երկրների միջեւ հակամարտությունների դեպքում: Բացի այդ, Արեւմուտքում հիշում են 1970-ականների նավթային էմբարգոն եւ զուգահեռները դա իրագործած նավթային կարտել OPEC-ի հետ ինքնըստինքյան բնական են:

Առաջին ասեկոսեները գազային կարտելի ստեղծման վերաբերյալ հայտնվել են 2006 թվականի նոյեմբերին: Այդ մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի ներքին զեկույցից, որն ստացել էր Financial Times-ը: Զեկույցի հայտնվելուց անմիջապես հետո ՌԴ նախագահի մամլո ծառայությունը դրա հեղինակի պնդումները լիովին անհիմն է անվանել: Սակայն 2007 թվականի հունվարին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Մոսկվայում պաշտոնական առաջարկություն արեց «գազային OPEC» ստեղծելու մասին: Վլադիմիր Պուտինը այդ առաջարկությունը հետաքրքիր գաղափար համարեց:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին նամակ է հղել գազային OPEC-ի ստեղծման հարցի վերաբերյալ: Դրանում պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Իլեանա Ռոզ-Լետինենը պահանջում է տեղեկացնել Ռուսաստանի կառավարությանն այն մասին, որ գազային կարտելի ստեղծումը ընդունվելու է որպես դիտավորյալ սպառնալիք ԱՄՆ-ին, իսկ ինքը` գազային կարտելը, որպես «շորթողականության եւ ռեկետի գլոբալ կազմակերպություն», գրում է Կոմերսանտը:

Թեեւ, փորձագետների շրջանում այլ կարծիք եւս տարածված է. ի տարբերություն նավթի, գազը վաճառվում է տասնյակ տարիների վերաբերող պայմանագրերով եւ դրա մեծ մասը մատակարարվում է խողովակաշարի միջոցով, այնպես որ ընդհանուր գլոբալ շուկայի փոխարեն կարելի է խոսել մի շարք տարածաշրջանային շուկաների մասին: Ճիշտ է նաեւ այն, որ նման կարտելի ստեղծման համար ժամանակ է պետք, ամենաքիչը մեկ կամ երկու տարի, որպեսզի բոլոր շահագրգռված կողմերը համաձայնության հանգեն:

Թե ինչպես այս գաղափարը կազդի Տրանսկասպից գազատարի վրա, որին ցանկանում է միանալ Հայաստանը, դեռ պարզ չէ: Սակայն շատ հնարավոր է, որ դա կարող է դառնալ հենց այն տարածաշրջանային նախագիծը, որում շահագրգռված կլինեն գազի մատակարար երկրները: Ճիշտ է, ամեն բան նորից հանգում է Ադրբեջանի դիրքորոշմանը, որը անկասկած չի համաձայնվի այս նախագծին Հայաստանի մասնակցության հետ: Սակայն հուսադրող գործոն է հանդսիանում այն, որ գազ արտահանող երկրների ֆորումի մասնակիցների թվում չկան Ադրբեջանն ու Թուրքիան, այլ կան Իրանն ու Ռուսաստանը, որոնք Հայաստանին ավելի բարեկամական են վերաբերվում:

Գազ արտահանող երկրների ֆորումը կազմվել է 2001 թվականին Ալժիրի, Բրունեի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալազիայի, Նիգերիայի, Ամանի, Կատարի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի կողից. երկրներ, որոնք վերահսկում են գազի համաշխարհային պաշարների ավելի քան 70 տոկոսը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---