Հայկական եւ ադրբեջանական մտավորականության այցը Ղարաբաղ, Երեւան եւ Բաքու հարկավոր էր եւ ավելի լավ է հիմա, քան երբեւէ

Նախագահ Իլհամ Ալիեւը ինչպես միշտ հավատարիմ մնաց իրեն, հայտարարելով, որ «հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա` Ղարաբաղին տրամադրելով ինքնավարության բարձր մակարդակ»

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ինչ-որ բան պետք է կատարվեր: Կամ պատերազմ, որն այդքան շահարկվում էր Ադրբեջանի կողմից, կամ ինչ-որ խաղաղ նախաձեռնություններ, որ չեն ազդի բանակցային գործընթացի վրա: Առաջինը տեղի չունեցավ, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների այցը ցնցեց հենց ադրբեջանական հանրությանը: Դատեք ինքներդ, Արկադի Ղուկասյանը ակնթարթորեն «անջատողականների առաջնորդից» վերածվեց «ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի» նախագահի:
PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին: Նույնիսկ եթե դուք Ղուկասյանին անջատողական անվանեք, նա հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարը եւ պետք է մասնակցի բանակցություններին: Դա զուտ իմ անձնական կարծիքն է: Որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ես գլխիկոր հեռացա Ղարաբաղից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ոչինչից չեմ ամաչում եւ ոչ ոքից չեմ վախենում, եւ միշտ ուղիղ առաջ եմ նայում: Իմ տեսակետն այսօրվա դրությամբ բխում է հենց այն գործողություններից, որոնք ես կատարում եմ, եւ ես անհրաժեշտ եմ համարում նման շփումները շարունակելը»,-ասել է Փ. Բյուլ-Բյուլ-օղլին, ինչպես պարզվեց, ադրբեջանական պատվիրակության ամենաազնիվ մարդը: Ի դեպ, նա հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ իր հոր կիսանդրին գնդակոծված է ինքնաձիգներից: Հավանաբար, Ղարաբաղ որքան հնարավոր է շատ ադրբեջանցիներ պետք է բերել, որ նրանք այնտեղ համոզվեն, թե ինչպես են նրանց ուղեղները լվանում ԶԼՄ-ների եւ Ակիֆ Նաղիի միջոցով:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլու նախաձեռնությունը դրական էր եւ ժամանակին: «Այդ այցը կարող է հիմք ծառայել ժողովրդների միջեւ վստահության վերականգնման համար, ինչի մասին բազմիցս խոսվել է բանակցություններում: Այցի կազմակերպման հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը առնչություն չունի: Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը դեսպանները դիմել էին այդ առաջարկով Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին, որոնք էլ ընդունել էին առաջարկը»,-ասել է Վ.Օսկանյանը:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի կարծիքով, պետք է երկխոսություն եւ վստահության մթնոլորտ հաստատել ժողովրդների միջեւ: «Դեսպանների նախաձեռնությունը կարող է առողջ եւ կառուցողական մթնոլորտ ձեւավորել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ»,-ասել է Ղուկասյանը` հաստատելով, որ արհեստականորեն սերմացվող անհանդուրժողականությունն ու պատերազմի կոչերը խոչընդոտում են խնդրի լուծմանը: Ըստ Ռ.Քոչարյանի, շփումներն ու դրանց միջոցով վստահության մթնոլորտի ձեւավորումը երկու երկրների հասարակությունների միջեւ էական ներդրում կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Անկախ գոյություն ունեցող իրողություններից, անհրաժեշտ է շփման ընդհանուր եզրեր գտնել եւ Հայաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինչպես միշտ հավատարիմ մնաց իրեն, հայտարարելով, որ «հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա` Ղարաբաղին տրամադրելով ինքնավարության բարձր մակարդակ»: Զերծ չմնացին Բաքվում նաեւ պատահարներից: Ոչ անհայտ Ակիֆ Նաղին փորձեց խափանել Ղարաբաղ եւ Հայաստան այցելած ադրբեջանցի մտավորականների մամլո ասուլիսը, սակայն ոստիկանությունը դահլիճից դուրս բերեց «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամներին:

Այցն անմիջապես առիթ հանդիսացավ տարբեր տեսակի մեկնաբանների համար, որոնք կարելի է ամփոփել այսպես` այցը հարկավոր էր եւ ավելի լավ է հիմա, քան երբեւէ: Էլդար Նամազովը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն ուղեւորության նպատակը` մոռանալով, որ Իլհամ Ալիեւը պարզաբանումներ տալիս է միայն այն ժամանակ, երբ դա հարկավոր է համարում անձնապես իր համար: Եվ բոլորովին անհասկանալի է Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումը: Դատեք ինքներդ, ըստ ԱԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Խազար Իբրահիմի, Փոլադ Բյուլ-բյուլ-օղլին եւ Արմեն Սմբատյանն այդ այցը կատարել են «իրենց անձնական նախաձեռնությամբ որպես Ադրբեջանի եւ Հայաստանի մշակույթների նախկին նախարարներ»: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող է դեսպանը, որին նշանակում է երկրի նախագահը, «անձնական նախաձեռնությամբ» այցելել այս կամ այն երկիր:

Հայաստանում այցը նորմալ ընկալվեց, ինչպես դա վայել է քաղաքակիրթ պետությանը: Ի դեպ, Հեյդար Ալիեւի օրոք Բաքու բավականին հաճախ էին այցելում հայ լրագրողներ, ՈԿԿ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ: Ամեն ինչ ավարտվեց Ալիեւ-կրտսերի օրոք, որը հույսը դնելով նավթի վրա, մտածեց, որ բոլոր հարցերը կարող է ինքնուրույն լուծել, չմտածելով այն մասին, որ համաշխարհային հանրությունը կարող է, ի վերջո, հրաժարվել Բաքվի նավթից, որը մեծ հաշվով հարկավոր է միայն Թուրքիային: Չէ որ համաշխարհային պաշարի 0,6 տոկոսը աշխարհում եղանակ չի ստեղծում: Դա շատ հեշտ է ապացուցել Ադրբեջանի նախագահին եւ ներկայիս այցը դրա ապացույցներից մեկն է:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---