Ո՞վ է Հայաստանի համար քրիստոնյա Վրաստանը

Վրաստանը, հավասար հեռավորության վրա գտնվելով Հայաստանից ու Ադրբեջանից, կարող է իր դերը կատարել Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում

Հայ-վրացական հարաբերությունները նոր փուլում են: Չի կարելի ասել, թե դրանք վատացել են, ուղղակի` այլ են: Վրաստանի բացահայտ ձգտումը մասնակցել տարածաշրջանի բոլոր նախագծերին, անտեսելով, որ դա բազում հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, որից ամենակարեւորը հետեւյալն է` ո՞վ է մեզ համար քրիստոնյա Վրաստանը, բարեկամական երկիր թե ոչ: Հասկանալի է, որ քաղաքականության մեջ չկան հավիտենական բարեկամներ կամ թշնամիներ, կան հավիտենական շահեր:
PanARMENIAN.Net - Եթե Վրաստանի շահը նրանում է, որ, ազատվելով Մոսկվայից, ընկնի թուրքերի գիրկը, ապա ամեն ինչ պարզ է: Սակայն հազիվ թե ամեն ինչ այդպես միանշանակ լինի: Հայաստանն ու Վրաստանը պետք են միմյանց: Եվ առաջին հերթին պանթուրքիզմին դիմակայելու համար: Սակայն Վրաստանի ներկայիս ղեկավարությունը բացահայտորեն ղեկավարվում է րոպեական շահով: Մինչդեռ հարկ է նշել, որ Թուրքիայի հետ բաց սահմանի պատճառով վրացական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել:

Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ եւ դա, սկզբունքորեն, վատ չէ Հայաստանի համար: Սակայն եթե հանկարծ Ադրբեջանն էլ մտադրվի անդամակցել Դաշինքին, Երեւանը այնքան էլ շահեկան վիճակում չի հայտնվի: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, եթե Ադրբեջանն անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ Հայաստանը ոչ, դա կնպաստի նոր բաժանարար գծերի առաջացմանը եւ կխախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: «Ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում դիտվում են զարգացման երկու միտումներ` մեկն ուղղված է տարածաշրջանի ժողովրդների պառակտմանը, երկրորդը` միավորմանը: Հայաստանը պետք է ընտրի երկրորդ ուղին, ինչը բխում է համազգային եւ պետական շահերից: Այդ դեպքում մենք կարող ենք դիմակայել մարտահրավերներին»,-նշել է Ռուստամյանը:

Վրաստանը, հավասար հեռավորության վրա գտնվելով Հայաստանից ու Ադրբեջանից, կարող է իր դերը կատարել Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում: Ճիշտ է, չլուծված հակամարտությունները եւ բավական լարված իրավիճակը հայաբնակ Ջավախքում որոշակի դժվարություններ են ստեղծում այդ դերի համար: Ոչ պակաս մտահոգիչ է նաեւ Թբիլիսիի պետական քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հարցում եւ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությունը: Այս ամենը չի կարող բացասական ֆոն ստեղծել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Սակայն կան նաեւ հուսադրող գործոններ:

Սակայն դեռեւս, հոկտեմբերի վերջին տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հիմնարկեքի արարողությունը: Միջոցառումը տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ: Թուրքիայի տրանսպորտի նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երկաթուղու շինարարության համար մրցույթն արդեն հայտարարվել է, ընդ որում թենդերային առաջարկների ընդունումը կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջը: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կապահովի Մետաքսի մեծ ճանապարհի անխափան գործունեությունը եւ դուրս կբերի Թուրքիան 21-րդ դար,-նշել է Յըլմազը:-Երկաթուղին, որը կհասնի մինչեւ Կարս, հնարավոր կլինի միացնել Էրզրումի գծին, ինչը թույլ կտա բեռնափոխադրումներ կատարել Մարմարայի կառամատույցից մինչեւ Լոնդոն», հաղորդում է Day.az-ը:

Հետաքրքիր է, որ թուրք նախարարի հայտարարության մեջ ոչ մի բառով չի հիշատակվում Վրաստանը, առանց որի տվյալ նախագծի իրագործումն անհնար կլիներ: Սակայն Բաքվում եւ Անկարայում գտնում են, որ եթե Վրաստանին գրեթե անհատույց 200 մլն դոլար է հատկացվել, ապա նրա կարծիքի հետ կարելի է հաշվի չնստել: Սկզբունքորեն, այդպես էլ կա: Նոր «Արեւելյան ճեպընթացը» ավելի երկար եւ շահավետ կլինի բոլորի համար, բացի Հայաստանից: Եվ Վրաստանն այդ առումով մեր դեմ է գործում: Ի դեպ, սա առաջին անգամը չէ` բավական է հիշել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազատարը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---