Եվրոպան լուրջ մտավախություն ունի մայրցամաքի «բալկանացման» վերաբերյալ

Կոսովոյի ինքնիշխանության զարգացմանը նպաստելու վերաբերյալ Բրյուսելի հայտարարությունից հետո, ԵՄ-ի մի շարք երկրներ անջատական տրամադրությունների ուժեղացումից մտահոգվելու առիթ ստացան

Կարծես թե, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը որոշել է մեկ տարուց էլ քիչ մնացած նախագահության ժամկետում լուծել բոլոր հակամարտությունները, հատկապես ձգձգված: Դա վերաբերում է առանց բացառության լարվածության բոլոր օջախներին ամբողջ աշխարհում, որտեղ ակնհայտորեն կամ անուղղակիորեն «մեղավոր է» ԱՄՆ-ն: Եվ եթե Կոսովոյի հակամարտությունը ըստ ժամանակի վերջիններից մեկն է, ապա մերձավորաեւելյան հակամարտություններն արդեն 60 տարեկան են, իսկ հետխորհրդային տարածքի հակամարտությունները` 20:
PanARMENIAN.Net - «Նոր» հակամարտություններին մենք դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ հիշենք ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի խոսքերը, որ նա ասաց մեկ շաբաթ առաջ Մերձավոր Արեւելք կատարած իր շրջագայությունից հետո: «Իսրայելը պատրաստ է ցավոտ զիջումների գնալ հանուն պաղեստինցիների հետ կայուն խաղաղության»,-ասել է Չեյնին: Ելույթ ունենալով Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ համատեղ մամլո ասուլիսում, Չեյնին կարծիք հայտնեց, որ պաղեստինցիները նույնպես պատրաստ են զիջումների գնալ, հաղորդում է BBC-ին: Ճիշտ է, որպեսզի նրա խոսքերը չհնչեին որպես հավատարիմ դաշնակցի դավաճանություն, նա անմիջապես խոստացավ, որ «ԱՄՆ կշարունակի սատարել Իսրայելին պաշտպանության ոլորտում եւ երբեք ճնշում չի գործադրի Իսրայելի վրա այն հարցերում, որոնք կարող են սպառնալ նրա անվտանգությանը»: «Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը հանգուցալուծվի, որպեսզի վերջ դրվի ահաբեկչությանը, որն այնքան տառապանքներ պատճառեց Իսրայելին, եւ ցանկանում ենք, որ նոր էջ բացվի Պաղեստինի ժողովրդի համար»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Փաստորեն, Չեյնին Իսրայելում հասկացրեց նույն Սերբիային, որ նա պետք է պատրաստ լինի զիջումների, եթե ցանկանում է ինչ-որ բան ստանալ ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից: Եվ որպես ամերիկյան նախաձեռնությունների հաստատում, Եվրամիության անդամ երկրների եւ Սերբիայի արտգործնախարարները առաջին բանակցությունները սկսեցին այն պահից ի վեր, երբ ԵՄ երկրների մեծամասնությունը ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը հանդիպեց ԵՄ-ի բոլոր 27 երկրների իր գործընկերների հետ Սլովենիայում, սակայն ակնկալվում է, որ նա չի մնա բալկանյան այլ երկրների, ներառյալ Կոսովոյի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Ո՞ր բանական մարդը կմտածեր, որ նա այդքան շուտ կնստի Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի հետ նույն սեղանի շուրջ»,-ասել է Սլովենիայի ներկայացուցիչը:

ԵՄ նախարարների մեծամասնության համար հանդիպումը Երեմիչի հետ, որն արեւմտամետ հայացքներ ունի, եղավ առաջին շփումը Սերբիայի հետ բարձր մակարդակով այն պահից ի վեր, ինչ երկիրը վրդովվեց այն բանից, որ ԵՄ ճանաչեց 2008թ. փետրվարի 17-ին հռչակված Կոսովոյի անկախությունը: ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հայտարարեց, որ այդ հանդիպումը շանս է ընդգծելու համար այն հեռանկարները, որ կստանա Սերբիան դաշինքին անդամակցելով, եւ կոչ արեց սերբերին ընտրություն կատարել Եվրոպայի հետ համատեղ ապագայի օգտին, հրաժարվելով «ինքնամեկուսացումից» եւ «ոչ մի տեղ չտանող ճանապարհից», հաղորդում է «Ռոյթերսը»:

Սակայն, բնականաբար, Եվրամիությունում Կոսովոյի կարգավիճակի հարցում միասնություն չկա եւ չի կարող լինել` բալկանյան սցենարի կրկնությունից են վախենում Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի, Ռումինիայի եւ Սլովակիայի իշխանությունները: Կոսովոյի անկախության ճանաչումը Եվրամիության առանցքային պետությունների կողմից նպաստեց Եվրոպայում այն ուժերի զարթոնքին, որոնք ձգտում են ստանալ լիակատար կամ ընդլայնել իրենց տարածաշրջանների մասնակի ինքնավարությունը: Կոսովոյի ինքնիշխանության զարգացմանը նպաստելու վերաբերյալ Բրյուսելի հայտարարությունից հետո, ԵՄ-ի մի շարք երկրներ անջատական տրամադրությունների ուժեղացումից մտահոգվելու առիթ ստացան:

Պետք չէ մոռանալ նաեւ Հյուսիսային Կիպրոսի թուրքերի սեփական պետություն ստեղծելու ցանկության մասին: Ստիպված են անջատողական տրամադրությունները զսպել նաեւ Բոսնիայի եւ Հերցոգովինայի ու Մակեդոնիայի իշխանությունները, որը 2001 թվականին խուսափեց այնտեղ բնակվող ալբանացիների եւ անվանական ազգության ներկայացուցիչների միջեւ քաղաքացիական պատերազմից միայն ԵՄ-ի միջամտության շնորհիվ: Մի խոսքով, եթե այսօր Եվրամիությունը, որի կազմում այժմ 27 երկիր է, ծանր կացության մեջ է հայտնվել, ապա կարելի է պատկերացնել, թե որքան կբարդանա խնդիրը, եթե նրա կազմում լինեն, օրինակ, 38 պետություններ: Եվ այն ժամանակ Մերձավոր Արեւելքը կարող է ոմանց թվալ անդորրի օազիս:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---