ԱՄՆ-ն նպաստում է Հայաստանի մեկուսացմանը, հավանություն տալով ՀՀ-ն շրջանցող միջտարածաշրջանային նախագծերին

Լինելով 1920թ. իր գոյությունը դադարեցրած ԱԺՀ-ի իրավահաջորդը, ներկայիս Ադրբեջանն ոչ մի իրավունք չունի Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի հանդեպ, քանի որ այդ շրջանները ԱԺՀ-ի կազմում երբեք չեն եղել

ՆԱՏՕ-ում, Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում ակնհայտ անհաջողություններից հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնամուխ է եղել ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Այդպես, առնվազն, կարելի է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի վերջին հայտարարությունը: «ԱՄՆ-ն շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գծով բանակցությունների ակտիվ մասնակիցը: ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, իսկ նրա ղեկավարությունը ճանաչված չէ միջազգային մակարդակով կամ ԱՄՆ-ի կողմից:
PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագան կողմերի միջեւ բանակցությունների հարց է, որի նպատակն է հասնել խնդրի տեւական եւ համապարփակ քաղաքական լուծման: ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանը»,-ասվում է Ռայսի հայտարարության մեջ: Այստեղ այնքան էլ հասկանալի չէ, թե հատկապես ինչը նկատի ունի Ռայսը` անդրադառնալով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» եւ «խնդրի խաղաղ կարգավորմանը»: Կրկնենք եւս մեկ անգամ` լինելով 1920թ. իր գոյությունը դադարեցրած ԱԺՀ-ի իրավահաջորդը, ներկայիս Ադրբեջանն ոչ մի իրավունք չունի Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վրա, քանի որ այդ շրջանները ԱԺՀ-ի կազմում երբեք չեն եղել: Եվ ինչպես կարելի է խոսել խնդրի «խաղաղ կարգավորման» մասին, երբ մի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթը մեկ անգամ ասում է, որ «ժողովրդի համբերությունն անսահման չէ եւ Ադրբեջանը կվերադարձնի իր հողերը», իսկ մյուս կողմից կա Արցախի ժողովուրդը, որը պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել անկախությունը: Թեեւ կարող է պատահել, որ նման «մանրունքները» հաշվի չեն առնվում, ինչպես մենք դա տեսնում ենք Բալկանների եւ Պաղեստինի օրինակով:

Պետդեպարտամենտի կայքում բերվում է նաեւ հակամարտության ամերիկյան տարբերակը, որտեղ ԱՄՆ-ն փորձում է օբյեկտիվ լինել. «Զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում տեւել է 1990-1994թթ. Երբ 1994թ. ուժի մեջ մտավ զինադադարը, Հայաստանի Զինված ուժերը վերահսկում էին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի մեծ մասը, ինչպես նաեւ մերձակա ադրբեջանական տարածքների զգալի մասը: Մարտական գործողությունները, ինչպես նաեւ հայերի բռնագաղթն Ադրբեջանից եւ ադրբեջանցիներինը` Հայաստանից, հանգեցրեց շուրջ 1 միլիոն փախստականների եւ տեղահանված անձանց առաջացման: Շուրջ 100 հազար ադրբեջանցիներ մնում են այսօր փախստականների համար նախատեսված ճամբարներում` ահավոր պայմաններում: Թուրքիան փակել է իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ եւ մինչ այժմ չի բացել այն: ԱՄՆ-ն հումանիտար օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժածներին: Կողմերը պահպանում են զինադադարը 1994թ. ի վեր»: Կարծես թե ամեն ինչ ճիշտ է, սակայն չգիտես ինչու այդ հաղորդագրության մեջ չկան ոչ հակամարտության ծագման պատճառները, ոչ հիշատակումներ Հայաստանի խիստ մեկուսացման ռեժիմի մասին, որին, ի դեպ, ԱՄՆ-ն անմիաջականորեն նպաստում է, հավանություն տալով Հայաստանը շրջանցող միջտարածաշրջանային նախագծերին:

Սակայն շարունակենք Պետդեպարտամենտի տեղեկանքի ընթերցումը: «1999թ. ի վեր, նախագահներ Հեյդար Ալիեւն ու Ռոբերտ Քոչարյանը երկխոսություն սկսեցին երկկողմ հանդիպումների ձեւաչափով: Ալիեւն ու Քոչարյանը հանդիպում անցկացրեցին Քի Վեսթում, 2001թ. ապրիլին: Կողմերը լուրջ առաջընթացի հասան, սակայն չկարողացան համաձայնության գալ համապարփակ կարգավորման շուրջ: Նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը հանդիպեցին բազմակողմ հանդիպման շրջանակներում 2001թ. վերջում եւ 2002թ. օգոստոսին, սակայն չկարողացան հարթել տարաձայնությունները: Նախագահ Հեյդար Ալիեւը վախճանվեց 2003թ., եւ բանակցությունների տեմպը դանդաղեց, քանի որ երկու երկրներում անցնում էին նախագահական ընտրություններ: 2004թ. միջնորդները նախաձեռնեցին մի շարք հանդիպումներ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների միջեւ: Պրահայի գործընթացը կոչված էր կյանքի կոչել երկխոսությունը երկու կողմերի միջեւ: Առաջարկված հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները շարունակվել են 2005 եւ 2006 թվականներին: ԵԱՀԿ կառավարությունների ղեկավարների խորհրդի Մադրիդում կայացած նիստի շրջանակներում 2007թ. նոյեմբերին երեք միջնորդ կողմերի ներկայացուցիչներ` Նիկոլաս Բերնսը, Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը պաշտոնապես ներկայացրեցին կարգավորման հիմնական սկզբունքները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներին իրենց նախագահներին փոխանցելու համար եւ պահանջեցին ընդունել առաջարկներն ու դրանց հիման վրա նախապատրաստել խաղաղ պայմանագրի նախագիծը: Միջնորդները մտադրություն են հայտնել շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ նաեւ 2008թ. եւ հասնել դրանց շուտափույթ ընդունմանը երկու նախագահների կողմից»,-ասվում է փաստաթղթում: Տարօրինակն այն է, որ «հիմնարար սկզբունքները», որոնց շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, չգիտես ինչու լռության են մատնվում, թեեւ հենց դրանք են, ավելի կոնկրետ մեկն է հանդիսանում բանակցությունների առարկա: Դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Ըստ Ադրբեջանի վարկածի, որը հավանաբար ստանում է ԱՄՆ-ի հավանությունը, ԼՂՀ-ին ենթադրվում է տալ «լայն ինքնավարության» կարգավիճակ: Բնական է, որ հայկական կողմը համաձայն չէ: Ուստի բանակցություններն ընթանում են, եւ դեռ երկար կընթանան: «Պետք է ի նկատի ունենալ, որ կարգավորման գործընթացը եւ բուն հակամարտությունը տարբեր բաներ են: Բուն հակամարտությունը կախված է ուժերի բալանսից: Այն ներառում է դիմակայության կողմերի ոչ միայն ռազմական հզորությունը, այլ նաեւ տնտեսությունը, քաղաքականությունը, լոբբինգի մակարդակը տարբեր միջազգային կառույցներում եւ երկրներում: Սակայն ուժերի բալանսի հիմնական բաղադրիչը Լեռնային Ղարաբաղն է, որ գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ»,-գտնում է հայ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---