Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել Իրանին ու Ռուսաստանին

Անհասկանալի է, թե բազում չլուծված քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունեցող երկրի ինչին է պետք ավելորդ գլխացավանքը

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում վերջերս որոշակի լարվածություն է նկատվում, կապված Իրանի հետ, իսկ ավելի ճիշտ Բուշերի ԱԷԿ-ի համար սարքավորումների առաքման հետ: Իրանի առաջին ԱԷԿ-ի համար նախատեսված ջերմամեկուսիչ սարքավորումները մոտ մեկ ամիս առաջ կասեցվեցին Ադրբեջանում: Մարտի 29-ին ադրբեջանցի մաքսավորները Աստարա անցակետում արգելափակեցին Իրանի Բուշերի ԱԷԿ-ի շինարարության համար նախատեսված ջերմամեկուսիչ սարքավորումներով ռուսական ավտոշարասյունը: «Ռոսատոմի» ներկայացուցիչների բանակցությունները Ադրբեջանի կառավարության հետ բեռների ճակատագրի մասին դեռեւս արդյունք չեն տվել:
PanARMENIAN.Net - Սկզբում Թեհրանը որոշել էր չմիջամտել, հայտարարելով, որ իրավիճակը պետք է կարգավորի կայանի կառուցման գլխավոր կապալառուն` ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Հոսեյնիի խոսքերով, ռուսական կողմը իր լիազորությունների շրջանակներում ձգտում է որքան հնարավոր է շուտ լուծել այդ խնդիրը: «Մեր հերթին, մենք պահանջեցինք Թեհրանում Ադրբեջանի դեպսանից նույնպես քայլեր ձեռնարկել, որպեսզի սարքավորումները հասցվեն Իրան: Այդ բեռը տեղափոխվում է Իրան միջազգային նորմերի շրջանակներում եւ նրա առաքման համար ոչ մի խոչընդոտ լիենլ չի կարող,-ասել է իրանցի դիվանագետը:

Իրանում Ադրբեջանի դեսպան Աբբասալի Հասանովին կանչել են Իրանի ԱԳՆ այդ բեռների արգելափակման հարցի կապակցությամբ: Իրանի ԱԳՆ-ն դեսպանին է հաղորդել բողոքը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախօրեին Թեհրանը պահանջել է Բաքվից թույլ տալ, որ Բուշերի ԱԷԿ-ի համար նախատեսված բեռները հատեն ադրբեջանա-իրանական սահմանը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Ռուսաստանը անհրաժշետ փաստաթղթեր չի ներկայացրել, որոնք կպարզաբանեն Բուշերի ԱԷԿ-ի համար առաքվող հատուկ սարքավորումների բնույթը: Ռուսական կողմն, իր հերթին, նշում է, որ բեռը ամբողջությամբ անցել է արտահանման հսկողությունը եւ չի վերաբերում Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի պատժամիջոցների պահանջներին` Բուշերի կառույցը զերծ է պատժամիջոցներից: Ավելի վաղ իրավիճակին լավատեղյակ աղբյուրը Մոսկվայում հայտարարել էր ՌԻԱ «Նովոստիին», որ Բուշերի ԱԷԿ-ի համար նախատեսված ոչ միջուկային սարքավորումների համար հարուցած արգելքները հանրապետության իշխանությունների քաղաքական որոշումն է:

Սարքավորումների արգելափակումից հետո «Ատոմստրոյէքսպորտը» պաշտոնական հարցապնդում չի ստացել Ադրբեջանից, ասել են ընկերությունում: Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարեց, թե հանրապետությունը հարցապնդումով դիմել է ՌԴ-ին բեռների մասին տեղեկատվության պահանջով:

«Ադրբեջանը կոչ է անում Իրանին զերծ մնալ կտրուկ հայտարարություններից, որոնք հակասում են դիվանագիտական նորմերին: Ոչ մի երկիր իրավունք չունի խոսել Ադրբեջանի հետ վերջնագրի ձեւով: Դա հակասում է Իրանի հետ հարաբերություններին, այդ թվում նաեւ դիվանագիտական եւ էթիկայի նորմերին: Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր օրենսդրության եւ միջազգային կանոնների շրջանակներում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը որոշում կկայացնի ռուսական կողմից իր հարցապնդման պատասխանը ստանալուց հետո:

Ակնհայտ է, որ սկանդալը մեծ արձագանք է ստանում, ստիպելով միջամտել ԱՄՆ Պետդեպարտամենտին: Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մըքքորմակի խոսքերով, մարտի 29-ին ադրբեջանա-իրանական սահմանում արգելափակված բեռների թողարկման հարցը պետք է լուծեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի կառավարությունները: «ԱՄՆ-ն հիմքեր չունի կասկածելու, թե արգելափակված բեռները տեղափոխվում են, խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը»,-ընդգծել է նա:

Պաշտոնական Բաքվի քայլերը հստակ տեղավորվում են Իլհամ Ալիեւի քաղաքականության մեջ, որն իր երկիրն այնքան ինքնուրույն է համարում, որ կարող է իր պայմանները թելադրել եթե ոչ ամբողջ աշխարհին, ապա Ռուսաստանին ու Իրանին: Ճիշտ է, հասկանալով, որ ոչ մի լավ բանի բեռների կասեցումը չի հասցնի, Բաքուն անմիջապես սկսեց արդարանալ եւ մեղքը գցել ռուսական կողմի վրա, որը համապատասխան փաստաթղթեր չի տրամադրել: Մյուս կողմից, կարելի է հասկանալ նաեւ Ալիեւին` նա ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը Իրանի հանդեպ ռազմական հարձակման դեպքում: Մեկ բան հաշվի չի առել Բաքուն` միջազգային կանոնները պարտադիր են բոլորի համար եւ ոչ մի ռազմական բյուջե ու նավթ չեն փրկի երկիրը պատժամիջոցներից: Անհասկանալի է, թե բազում չլուծված քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունեցող երկրի ինչին է պետք ավելորդ գլխացավանքը: Չէ որ, որքան էլ պնդեն ադրբեջանական ԶԼՄ-ները, չափազանց դժվար է ապրել նավթով եւ գազով հարուստ երկրում: Հազիվ թե Իրանի տարբերակով վտարանդի երկրի վիճակը ձեռնատու լինի պաշտոնական Բաքվին, սակայն ժամանակ առ ժամանակ ցանկություն է հայտնվում խաղացնել մկանները: Մյուս կողմից էլ Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ի համար Ադրբեջանը պլացդարմի վերածելը բացասաբար կընկալվի իսլամական աշխարհում, եւ առաջին հերթին, Իրանում եւ Թուրքիայում, որի հետ Ալիեւին շահավետ չէ փչացնել հարաբերությունները:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---