ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հարավային Կովկասին նվիրված լսումների ընթացքում ոչ մի նոր բան չասվեց

Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն հայտարարեցին, որ Ադրբեջանում բռնապետություն է, որը շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել եւ կոչ արեցին ԱՄՆ վարչակազմին կանգնեցնել ադրբեջանական ռազմական մեքենան

Նավթի փոփոխական գներն ու անհանգիստ իրավիճակը Մեծ Մերձավոր Արեւելքում, որի մեջ ԱՄՆ-ն ներառում է նաեւ Հարավային Կովկասի երկրները, «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ» թեմայով լսումների պատճառ հանդիսացան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Փաստորեն ոչ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, ոչ հանձնաժողովի ղեկավար Հովարդ Բերմանը ոչ մի նոր բան չասացին:
PanARMENIAN.Net - «Ես կցանկանայի սկսել ապշեցուցիչ մի փաստից` Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, որ սկսվել է 1993թ., շարունակվում է մինչ օրս»,-այս խոսքերով կոմիտեի նախագահ, կոնգրեսական Հովարդ Բերմանը բացեց նիստը: «Այդ պատժիչ քաղաքականությունը արգելակում է Հայաստանի տնտեսական զարգացումը եւ դժվարացնում է նրա առեւտուրն այլ երկրների հետ: Թուրքիայի նման քաղաքականությունը հակասում է նրա շահերին, քանի որ Հայաստանի շրջափակումը թույլ չի տալիս Թուրքիայի արեւելյան հատվածի զարգացումը, ինչպես նաեւ չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին: Հազիվ թե Անկարայի քաղաքականությունը ստիպի Երեւանին զիջումների գնալՂարաբաղի հարցում: Միակ քաղաքական արդյունքը, որին այն արդեն իսկ հանգեցրել է, դա այն է, որ ծովազուրկ Հայաստանը ստիպված է դաշնակիցներ որոնել Թուրքիայի պատմական հակառակորդների թվում` Ռուսաստանի եւ Իրանի հետ: Այլ կերպ ասած, Կովկասում տարածաշրջանային հակամարտությունը հեշտությամբ կարող է վերածվել միջազգայինի: Եվ Հայաստանը դրա միակ օրինակը չէ»,-ասել է կոնգրեսական Բերմանը:

Կարեւոր հարցերից մեկն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Խոսելով խաղաղ կարգավորմանը այլընտրանք չլինելու մասին` Հովարդ Բերմանն ու Դենիել Ֆրիդը զգուշացրել են Ադրբեջանին ռազմատենչ կոչերից: «Մենք անընդհատ ռազմատենչ կոչեր ենք լսում Ադրբեջանի որոշ պաշտոնյաներից: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կենտրոնանալ հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Դա շահավետ կլինի տարածաշրջանային ինտեգրամն համար եւ Կովկասի տարածաշրջանում կայնություն ու բարգավաճում կհաստատվի»,-ասել է Ֆրիդը: Իր հերթին Հավորդ Բերմանն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, լուրջ մտահագություն են առաջացնում: «Մենք մտահոգված ենք նաեւ Ադրբեջանի ռազմական բյուջեի աճով, ինչնր արվում է նավթային ռեսուսրների հաշվին եւ 2008թ. մարտին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման փաստով, որի պատճառը ադրբեջանական կողմի սադրանքն էր»,-ընդգծել է կոնգրեսականը:

Իր հերթին կոնգրեսական Շերմանը լսումների ժամանակ հայտարարել է.«Մենք պետք է պայքարենք Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի շարունակվող շրջափակման դեմ, որը արդարցում չունի: ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն հայտարարեցին, որ Ադրբեջանում բռնապետություն է, որը շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել եւ կոչ արեցին ԱՄՆ վարչակազմին կանգնեցնել ադրբեջանակն ռազմական մեքենան: Ֆ.Փալոնեն կոչ է արել ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ շփումներ հաստատելու, ինչպես նաեւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Նա նաեւ մտահագություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի վրա` փորձելով խոչընդոտել ԱՄՆ-ի եւ Լեռնային Ղարաբաղի շփումներին:



Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Դ.Ֆրիդը խնդրի լուծման մի մաս է համարում հայ-թուրքական սահմանի բացումը: «Գոյություն ունեցող ստատուս-կվոն վնաս է երկու կողմերին էլ: Բարեբախտաբար, այս տարի որոշ առաջընթաց է նկատվում` սկսվել են Երեւան-Ստամբուլ կանոնավոր չվերթերը եւ չվերթեր դեպի Անթալիա, ավտոբուսային հաղորդակցություն է իրականացվում Վրաստանով, առեւտուրը եւս Վրաստանի միջոցով է արվում: Բոլոր երկրները շահում են միյանց հետ առեւտրի աճից եւ ընդլայնումից, միացնում են իրենց էլցանցերը: ԱՄՆ-ն եւս նպաստում է հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսությանն ու համագործակցությանը կոնֆերանսների, հանդիպումների եւ փոխանակման ծրագրերի միջոցով: Օրինակ, ԱՄՆ-ի աջակցությամբ կազմակերպվեցին Կոմիտասի անվան քառյակի համերգները Ստամբուլում եւ «Բոսֆորուս» քառյակի համերգներն Երեւանում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումը չափազանց զգայուն եւ ցավոտ հարց է: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության մութ էջերի հետ` Օսմանյան կայսրությունում միլիոն ու կես հայերի զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի համար: Դա դժվար է, ինչպես ԱՄՆ-ի համար էր ծանր, երբ ժամանակ էր պահանջվում սեփական պատմության մութ էջերը ճանաչելու համար: Իր հերթին, Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել սահմանները եւ տարածքային պահանջներ չներկայացնի ներկայիս Թուրքիային եւ կարռուցողական մոտեցում ցուցաբերի Թուրքիայի ջանքերի հանդեպ»,-ասել է Ֆրիդը:

Գլոբալ առումով ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում պարզ է նաեւ առանց լսումների` նրանց հարկավոր է ամբողջական եւ չվերահսկվող հասանելիություն կասպյան նավթին եւ գազին եւ որքան հնարավոր է շուտ: Ուստի գովասանքներ են հնչում Ադրբեջանի եւ Ի.Ալիեւի հասցեին, որը երկիրը տանում է դեպի «ժողովրդավարություն եւ եվրաատլանտյան արժեքներ: Ճիշտ է, ցույց տալու համար, որ ԱՄՆ-ն ամեն ինչ տեսնում է եւ ամեն ինչին իրազեկ է, Ֆրիդը հիշատակել է նաեւ կալանավորված լրագրողների, քաղաքական գործիչների հանդեպ ճնշումների մասին: Սակայն այնուամենայնիվ համոզվածություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունները հոկտեմբերին կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համաձայն: Սակայն հանձնաժողովի ղեկավար Հովարդ Բերմանը, հիշեցնելով Հայաստանում եւ Վրաստանում հետընտրական իրադարձությունների մասին, նշել է, որ նմանատիպ իրավիճակում կարող է ստեղծվել նաեւ Ադրբեջանում, որտեղ իշխանություններն արդեն իսկ փորձում են ճնշում գործադրել ընդդիմության եւ ԶԼՄ-ների վրա: Իսկ դա տեղի կունենա, անկասկած: Կասկած չկա նաեւ, որ ԱՄՆ-ն աչք կփակի զանգվածային խախտումների վրա, ինչպես դա արդեն եղավ Բաքվում 2003թ: Հետաքրքիր է, եթե Հաայստանն էլ նավթ ունենար, արդյո՞ք նման կոշտ գնահատականի կարժանանային 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները: Կարծում եմ, ոչ, թեթեւակի կհանդիմանեին եւ հանգիստ կթողնեին:

Ամերիկացի դիվանագետը երեք հարց է առանձնացրել, որոնք կարեւոր են ԱՄՆ-ի քաղաքականության համար տարածաշրջանում` դեպի ազատություն եւ ժողովրդավարություն ձգտող առաջընթացը, անվտանգությունը, ներառյալ հակաահաբեկչական գործունեությունն ու հակամարտությունների խաղաղ լուծումը, եւ էներգետիկան: «Առաջին ռազմավարական շահը նրանում է, որ ազատությունն ու ժողովրդավարությունը տարածվի Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով: Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկիր կարեւոր նվաճումներ ունի այդ հարցում, սակայն յուրաքանչյուրը պետք է դեռեւս շատ բան անի, որպեսզի մենք հասկանանք, որ ժողովրդավարությունն անշրջելի է: Մենք նաեւ աշխատում ենք Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, որոնք ԽՍՀՄ փլուզման արդյունք էին: Մենք նաեւ համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ, ներառյալ միջուկային եւ մանրէաբանական զենքը: Եվ, վերջապես, մենք համոզված ենք, որ եվրաատլանտյան ընկերակցությունը շահագրգռված է նրանում, որ կասպյան նավթն ու գազը որքան հնարավոր է շուտ հասնեն համաշխարհային շուկաներ, անկախ մենաշնորհներից եւ աշխարհագրական դիրքից»,-ասել է Դ.Ֆրիդը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---