ՎՈՒԱՄ-ը հիմնված է Ադրբեջանի եւ Միխաիլ Սահակաշվիլու հավակնությունների վրա

Ադրբեջանն ու Վրաստանը, կարծես պայմանավորվելով, գրեթե սինխրոն են գործում կարգավորման հարցերում

Ահագնացող էներգետիկ ճգնաժամի պայմաններում, որը կապված է նավթի եւ գազի կտրուկ թանկացման, ինչպես նաեւ Արեւմուտքում տնտեսական անկման հետ, ՎՈՒԱՄ-ի երկրները որոշել են ակտիվացնել իրենց քաղաքական գործունեությունը, հերթական անգամ «սաեռցված հակամարտությունների» մասին բանաձեւ ներկայացնելով ՄԱԿ: Բնականաբար, դա արվեց Ադրբեջանի հրահրմամբ, որը կազմակերպությունում առաջին դերն է ստանձնել բացառապես իր հումքային հարստությունների շնորհիվ: Վրաստանն ու Ուկրաինան կարող են տարանցիկ երկրներ դառնալ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի առաքման համար, իսկ Մոլդովան...Մոլդովայի հարցը մի փոքր այլ է:
PanARMENIAN.Net - Հադսոնի ինստիտուտի ավագ փորձագետ Ռոբերտ Վեյտցի կարծիքով, ՎՈՒԱՄ-ի երկրների կենտրոնական աշխարհագրական դիրքը Կասպից, Սեւ եւ Բալթիկ ծովերի միջեւ ամրապնդում է նրանց էներգետիկ ներուժը: «Չնայած ՎՈՒԱՄ-ի դերի բարձրացմանը էներգետիկայում, կազմակերպությունը տառապում է մի քանի թուլություններից, որոնք շարունակում են սահմանափակել նրա ներուժն այդ եւ մյուս ոլորտներում: Անդամ երկրների կառավարությունների առաջին խնդիրն է դիմակայել փաստացի եւ պոտենցիալ անջատողական շարժումներին, որոնք բարդացնում են դեպի եվրաատլանտյան միավորումներն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, առաջ ընթանալու նրանց ջանքերը: Երկրորդը` ռուսական պաշտոնյաները չեն սիրում ՎՈՒԱՄ-ը, այն դեպքում, երբ ԵՄ բազում երկրներ շարունակում են անտեսել այդ հակակրանքը: Երրորդը, ՎՈՒԱՄ երկրները կամ չափազանց մեծ կախում ունեն ռուսական էներգիայից կամ, ինչպես Ադրբեջանի դեպքում, հույսները դնում են ռուսների կողմից կառավարվող խողովակաշարերի վրա նրանց նավթի եւ գազի մի մասի արտահանման համար: Չորրորդ խնդիրն այն է, որ ՎՈՒԱՄ-ի անդամները խոցելի են մնում էներգիայի ռուս առաքողների եւ ռազմաքաղաքական միավորումների ճնշումների համար, որոնք կապեր ունեն տարածաշրջանային անջատողականների հետ: Եվ, վերջապես, կազմակերպությունը տառապում է բազմաճյուղ ներքին եւ արտաքին քաղաքականությունից»,-գրում է Վեյտցը:

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա այն փաստը, որ նախագահ Վլադիմիր Վորոնինը բաց է թողնում արդեն թվով երրորդ գագաթնաժողովը եւ բանակցություններ է սկսում Ռուսաստանի հետ Մերձդնեստրի կարգավիճակի մասին, որոշակի մտորումներ է առաջացնում: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովի խոսքերով ՎՈՒԱՄ-ն ի սկզբանե արհեստական կազմակերպություն է եղել: «Ներկայումս Մոլդովան գնալով ավելի է հակվում Ռուսաստանի կողմը: Ուկրաինայում լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են փոխել նրա արտաքին քաղաքականությունը: Մնում են Ադրբեջանն ու Վրաստանը, որոնց ոչինչ չի միավորում: ՎՈՒԱՄ-ի կողմից ես լուրջ վտանգ չեմ տեսնում Ռուսաստանի համար, դա զուտ քարոզչական ակցիա է: Կազմակերպությանն անդամակցող պետություններին հակամարտությունների կարգավորումը ամենաքիչն է հետաքրքրում»,-ասել է Ալեքսանդրովը: Իրոք ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չեն կարող կարգավորել իրենց հակամարտությունները, հույսները դնելով միայն սպառազինության աճի վրա, հավելելով սպառնալիքներն ու շանտաժն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ համաշխարհային հանրության հասցեին: Ավելին, Ադրբեջանն ու Վրաստանը, կարծես խոսքները մեկ անելով, գրեթե համանման են գործում կարգավորման հարցերում: Ճիշտ է, ի տարբերություն Թբիլիսիի, Բաքուն ջանում է պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի ու Արեւմուտիք միջեւ: Թե որքան դա կտեւի, անհայտ է: Հավանական է, որ մինչեւ հոկտեմբեր Իլհամ Ալիեւը «բարձրագոչ» հայտարարություններ կանի այն մասին, որ Ադրբեջանը ոչ մեկի եւ ոչնչի կարիքը չունի եւ նրա միակ նպատակն է լուծել Ղարաբաղի խնդիրը, ընդ որում ուրիշի ձեռքերով:

Կա եւս մեկ տարբերություն ՎՈՒԱՄ-ի մյուս գործընկերներից` ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի, Ադրբեջանը դեռեւս չի հայտարարում ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին: Բաքվում հուսով են, որ Մոսկվան, զիջելով Իլհամ Ալիեւի ճնշմանը, կստիպի Հայաստանին ետ կանգնել Լեռնային Ղարաբաղից: Սակայն, ըստ Միխաիլ Ալեքսանդրովի, եթե Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից մեկն է, ապա Հայաստանի հետ ՌԴ-ն ռազմաքաղաքական դաշինք ունի: Եվ, ինչը պակաս կարեւոր չէ, հենց Հայաստանը կարող է նպաստել ռուսական ներկայության ամրապնդմանը Կովկասում:

Դե իսկ ՎՈՒԱՄ-ի ապագան լրջորեն կախված կլինի նրանից, թե որքան տեւական կլինի հասանելիությունը ադրբեջանական էներգակիրներին: Եվ եթե Մոլդովայի հեռանալով կազմակերպությունում քիչ բան կփոխվի, ապա եթե Բաքուն հրաժարվի անդամակցությունից, ՎՈՒԱՄ-ի ապագան բավականին անհեռանկարային կլինի: Դեռեւս կազմակերպությունը պետք է Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներին թեկուզ այն բանի համար, որ նրա անունից բանաձեւեր ներկայացնեն ՄԱԿ եւ այլ միջազգային կազմակերպություններ իրենց հակամարտությունների վերաբերյալ: Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակը չափազանց բարդ է` այնտեղ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են երկրի կուրսը փոխել դեպի Ռուսաստան: Քիչ հավանական է թվում, սակայն դա հնարավոր է:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---