ԱՄՆ-ն կարող է ստիպել Գյուլին ժամանել Երեւան, իսկ Ալիեւին` խաղաղ պայմանագիր կնքել Ղարաբաղի հետ

Եթե Թուրքիան համաձայնվի բանակցություններին, որի արդյունքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները եւ որպես հետեւանք, կբացվի հայ-թուրքական սահմանը, ապա Բաքուն կզրկվի իր միակ դաշնակցից

Հավանաբար, ամերիկյան դիվանագիտությունն առաջին հաջողություններն է արձանագրում Հարավային Կովկասում` բանակցություններ են սկսվել, ճիշտ է, առայժմ գաղտնի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Ինչպես սովորաբար, տեղեկատվության արտահոսք եղավ թուրքական մամուլից, ինչն ավելորդ անգամ հաստատում է, որ Անկարան, չնայած սեփական քաղաքականություն վարելու իր իրավունքի մասին հայտարարություններին, այնուամենայնիվ, լսում է ԱՄՆ-ին:
PanARMENIAN.Net - Առայժմ: Եվ դա իր բացատրությունն ունի: Օգոստոի 12-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը կհրապարակի իր որոշումը գլխավոր դատախազի Արդարության եւ զարգացման կուսակցության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ: Դա նշանակում է, որ սեպտեմբերի 6-ին Թուրքիայի այժմյան նախագահ Ա.Գյուլը կլինի կամ բանտում, կամ Երեւանում` երրորդ լուծում չկա: Իսկ Վաշինգտոնը եթե չի էլ կարող միջամտել Թուրքիայի ՍԴ-ի գործողություններին, ապա առնվազն, կարող է ազդել Գլխավոր շտաբի վրա, որն արդեն շուրջ 70 տարի է, ինչ որոշում է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունը:

Սակայն, այն, որ գաղտնի բանակցություններն ընթանում են, վաղուց է հայտնի: Դեռեւս տարեսկզբին տեղեկություններ հայտնվեցին Վիեննայում հայ եւ թուրք դիվանագետների հանդիպման մասին, որը ոչ ՀՀ ԱԳՆ-ն, ոչ Թուրքիայի ԱԳՆ-ն չմեկնաբանեցին: Սակայն հիմա, ըստ դիվանագետների, եկել է ժամանակը աշխատել ավելի բաց: Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը, վերջին երեք ամսում Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները բանակցությունների երկու փուլ են անցկացրել: Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մայիսին, երբ թուրքական պատավիրակությունը գլխավորում էր Թուրքիայի փոխարտգործնախարար Էրթուգրուլ Ապականը: Հուլիսի 8-ին կայացած բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր նրա տեղակալ Ունալ Չեւիքոզը: Բանակցությունների երկու փուլն էլ անց է կացվել Բեռնում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, այդ շփումները շատ կարեւոր են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու առումով: «Մինչ այժմ խնդիրներ եւ տարաձայնություններ կան 1915թ. իրադարձությունների շուրջ, սակայն մենք հավանություն ենք տալիս կառուցողական մոտեցմանն ու երկխոսությանը` խնդիրները հաղթահարելու նպատակով»,-նշել է նա:

Հաղորդագրությունները Գյուլի կողմից Երեւան այցելելու հնարավորության մասին, տառացիորեն խուճապ առաջացրեցին հարեւան Ադրբեջանում: Դա հասկանալի է` եթե Թուրքիան համաձայնվի բանակցություններին, որի արդյունքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները եւ որպես հետեւանք, կբացվի հայ-թուրքական սահմանը, ապա Բաքուն կզրկվի իր միակ դաշնակցից: Թեեւ պետք է ասել, որ ոչ այնքան հուսալի դաշնակցից: Անկարային պետք է ադրբեջանական նավթի ու գազի տարանցումը, իսկ հեռավոր հեռանկարում` Մեծ Թուրանի ստեղծումը, որտեղ Բաքուն ամենեւին էլ առաջին կամ նույնիսկ երկրորդ դերը չի ստանձնելու: Իսկ առայժամ ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանում են Գյուլի Երեւան մեկնելու հնարավոր հետեւանքները: Քաղաքագետ Ռասիմ Աղաեւի խոսքերով, այժմ արդեն ամբողջ ուժով հարց է արծարծվում` կհամաձայնվի՞ Թուրքիան «փոխանակել» Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնվի հրաժարվել աշխարհով մեկ Հայոց ցեղասապանության ճանաչման արշավից, գտնում է ադրբեջանցի քաղաքագետը: «Ըստ իս, Թուրքիայի ներկայիս կառավարությունը կարող է գնալ այդ սակարկությանը: Սակայն դա սխալ կլինի Թուրքիայի կողմից: Քանի որ, ղարաբաղյան հարցում զիջումից հետո, անպայման զիջումներ կարվեն Հայաստանին նաեւ ցեղասպանության հարցում, իսկ դա նշանակում է, զիջումներ կարվեն նաեւ զոհերին փոխհատուցում տալու եւ Թուրքիայի հանդեպ Հայաստանի կողմից տարածքային պահանջների հարցում»: ԱՊԱ-ի թուրքական բյուրոյի համար Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագետների գաղտնի հանդիպումը մեկնաբանած Թուրք պատմաբանների ասոցիացիայի հայկական հետազոտությունների բաժնի վարիչ Քեմալ Չիչեկը նշել է, որ թուրքերն ու հայերը հանդիպում են Եվրոպայի քաղաքներում տարբեր նախաձեռնությունների շրջանակներում` Օսլոյում, Զալցբուրգում: «Մենք առաջարկեցինք համատեղ հանձնաժողով ստեղծել պատմական իրադարձությունների հետազոտման նպատակով, սակայն դեռեւս դրական պատասխան չենք ստացել: Նաեւ մենք չենք կարողանում հասնել նրան, որ բացվեն դաշնակցական արխիվները Բոստոնում: Այսօրվա դրության այդ հանդիպումներն անարդյունք են: Թող մեր ադրբեջանցի եղբայրները չմտահոգվեն` ոչ մի հանդիպման ժամանակ խոսք չի կարող լինել Ադրբեջանի շահերին հակասող գործողության մասին: Անհանգստանալու պատճառ չկա: Այդ հանդիպումները կարելի է գնահատել նաեւ որպես հայերի վրա մեր պահանջներով ճնշում գործադրելու միջոց»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԱՊԱ-ի հարցերին պատասխանում էր, ոչ թե թուրք գիտնական, այլ ադրբեջանցի: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական ԶԼՄ-ները իրենց օգտին խեղաթյուրում են լրատվությունը:

Ադրբեջանցի քաղաքագետներից ամենասթափը Զարդուշտ Ալիզադեն էր, որը հայտարարեց, թե Ադրբեջանը չպետք է ողբերգություն սարքի հայ-թուրքական սահմանի բացման հարցից: «Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե եթե սահմանը բացվի, Ադրբեջանը կզիջի Ղարաբաղը, կարող եմ ասել, որ դա սուտ է: Ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել Ադրբեջանի արդյունավետ քաղաքականության շնորհիվ: Ոչ ոք մեզանից բացի չի լուծի այդ հարցը»,-ասել է նա:

«Թուրքիան վաղուց պետք է բացեր բոլոր սահմանները Հայաստանի հետ, ստեղծեր բոլոր պայմանները նրա համար, քանի որ այդ դեպքում այդ երկրի տնտեսությունը վաղուց արդեն կախում կունենար ոչ թե ռուսական, այլ թուրքական կապիտալից: Այդ դեպքում Թուրքիան Հայաստանի, հայկական հասարակական կարծիքի եւ հայկական տնտեսության վրա ազդելու հզոր լծակ կունենար: Ես գտնում եմ, որ Թուրքիան հսկայական ռեսուրսներ ունի Հայաստանի վրա ազդելու համար: Ավելին, այդ հանգամանքը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Իրավիճակը տարածաշրջանում, եւ ընդհանուր առմամբ աշխարհում փոխվում է, միայն մեր իշխանությունները չեն ցանկանում դա տեսենլ: Աշխարհում ամեն ինչ չէ, որ նավթադոլարներն են լուծում: Երբեմն պետք է շուրջը նայել եւ իրատեսորեն գնահատել իրավիճակը: Արեւմուտքը ստիպեց Թուրքիային մերձեցման գնալ Հայաստանի հետ, կստիպի նաեւ Ադրբեջանին: Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը եւս կբացի իր սահմանները Հայաստանի հետ: Սակայն դրա համար հայերը եւս պետք է հրաժարվեն իրենց սխալ քաղաքականությունից եւ դադարել ապրել առասպելներով»,-նշել է Զ.Ալիզադեն, հաղորդում է 1news.az-ը: Հասկանալի է, Ալիզադեն ընդդիմության մեջ է եւ կարող է թույլ տալ իրեն ճշմարտությունն ասել, կամ կիսաճշմարտությունը, ինչը չես ասի մյուս ադրբեջանցի քաղաքագետների մասին:

Մինչդեռ, The Californian Courrierի խմբագիր Հարութ Սասունյանն ընդգծում է, որ նույնիսկ եթե կողմերը հաղթահարեն հիմնական տարաձայնությունները, անվերջանալի վեճեր կսկսվեն հայ-թուրքական հանձնաժողովի կազմի, մասնակիցների ընտրության, հետազոտությունների ծավալի, ժամանակային շրջանակների, բյուջեի եւ նույնիսկ սեղանի ձեւի վերաբերյալ, որի շուրջ ընթանալու են բանակցությունները: «Եվ, անշուշտ, այն կողմը, որը ավելի լավ կկարողանա վարել այդ վեճը, կհաղթի PR պատերազմում եւ կմեղադրի հակառակ կողմին հանձնաժողովի տապալման մեջ»,-գրում է Սասունյանը` կրկին հիշեցնելով, որ Հայաստանի նախագահը խոսում էր համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո, այլ ոչ թե մինչ այդ, ինչպես դա ներկայացվում է մամուլում:

«Եթե նախագահը կամ Թուրքիայի առաջնորնդերից մեկը սեպտեմբրի 6-ին հայտնվի ՀՀ մայրաքաղաքում, ապա Հայաստանի իշխանությունները պետք է հետեւեն պաշտոնյաների համար սահմանված արարողակարգին, որի մեջ նտնում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի այցելություն եւ ծաղկեպսակի տեղադրում: Հարցը նրանում է, դա տեղի կունենա, թե ոչ: 1993թ. ապրիլի 21-ին ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելեց Անկարա եւ, ինչպես դա պահանջում էր արարողակարգը, այցելեց Աթաթուրքի դամբարան: Ցավոք, Հայոց ցեղասպանության չափազանց զգայուն հարցը վերածվել է քաղաքական ֆուտբոլի: Ոչ ոք իրավունք չունի քաղաքական գործարք կնքել այդ զազրելի ոճրագործության ճանաչման պայմանների շուրջ: Հայկական հարցը չպետք է դառնա շահարկումների առարկա ոչ թուրքերի, ոչ հայերի, ոչ էլ որեւէ մեկի կողմից»,-ասել է Սասունյանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---