Կովկասյան պլատֆորմն առանց Իրանի եւ ԱՄՆ-ի հովանու ներքո

Կովկասյան պլատֆորմի մեջ Իրանին չընդգրկելու հարցում ամենից շատ շահագրգռված է Իսրայելը, քանի որ այդ դեպքում Վաշինգտոնում հրեական լոբբիի գործունեությունը բավական կբարդանա

Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությունը գործնականորեն համընկավ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակվելու հերթական ասեկոսեների հետ: Տարածաշրջանային գերիշխանության համար պայքարն, ըստ էության, մտել է բացահայտ եւ, ով գիտի, վերջնական փուլ: Բնականաբար, այդ պայքարում ԱՄՆ-ն բացահայտ աջակցում է Թուրքիային: Ռուսաստանը միջին դիրք է գրավում. ոչ մեկին ակնհայտ գերադասություն չի տալիս:
PanARMENIAN.Net - Իսկ Հարավային Կովկասի երկրների դիրքորոշումը, երբ այդ ամենը, կարծես թե, հենց հանուն նրանց է ձեռնարկվել, ոչ ոք հաշվի չի առնում: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան քաղաքական հարցերի գծով ներկայացուցիչ Կամալ Զարեհի խոսքերով, «Հարավային Կովկասի երկրները գալիս են այն համոզմանը, որ սեփական խնդիրների լուծման համար չարժե հույսեր կապել ոչ տարածաշրջանային երկրների հետ»:

Բայց հենց դա էլ չեն ուզում ԱՄՆ-ն, Իսրայելն ու Թուրքիան: Կովկասյան պլատֆորմի մեջ Իրանին չընդգրկելու հարցում ամենից շատ շահագրգռված է Իսրայելը, քանի որ այդ դեպքում Վաշինգտոնում հրեական լոբբիի գործունեությունը բավական կբարդանա: Ճիշտ է, պետք է խոստովանել, որ Թուրքիան, այնուամենայնիվ, կարող է հակվել Իրանի եւ ոչ թե Իսրայելի կողմն այն պարզ պատճառով, որ մուսուլմանական երկրներն ավելի հեշտ են լեզու գտնում: Եւ հետո Էրդոգանի ղեկավարությունը այնքան էլ չի ցանկանում սպիտակ ագռավ երեւալ իր մուսուլման եղբայրների աչքում. բանը նրանում է, որ տարածաշրջանում միայն Թուրքիան եւ Եգիպտոսը դիվանագիտական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ: Այդ ամենը բարդացնում է առանց այն էլ անկայուն իրադրությունը Մերձավոր Արեւելքում: Եթե նայել ենթադրվող Մեծ Մերձավոր Արեւելքի քարտեզին, ապա պարզ է, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր Իսրայել կոչվող այդ փոքր կետը ուղղակի կդադարի գոյություն ունենալ: Հենց այդ պատճառով աշխարհը կարող է հայտնվել նոր տարածաշրջանային պատերազմի շեմին, որը, չընդօրինակելով Միխայիլ Սահակաշվիլիի «հնգօրյա պատերազմին», կարող է լրջորեն վերակազմել տարածաշրջանի քարտեզը:

Հետեւելով «նեոպահպանողականների» քաղաքականությանը, որը վերջերս Ամերիկային բերում է նոր ցնցումների` Հանրապետական կուսակցության առաջադրած ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, Ալյասկայի նահանգապետ Սառա Պեյլինը հայտարարել է. «ԱՄՆ-ն պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Թեհրանը չկարողանա մասսայական ոչնչացման զենք ստանալ եւ չպետք է զսպի իրանական միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու Իսրայելի որոշումը: Ես գտնում եմ, որ քանի դեռ Իրանի ղեկավարը Ահմադինեջադն է, միջուկային զենքը նրա ղեկավարության ձեռքում ծայրահեղ վտանգավոր է այս մոլորակի ցանկացած մարդու համար»,- համոզված է Պեյլինը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Իրանի դեմ հարձակման նախապատրաստումը գտնվում է ավարտական փուլում: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը շտապ խորհրդակցություններ է անցկացրել պաշտպանության նախարար Էհուդ Բարակի եւ արտգործնախարար Ցիպի Լիվնիի հետ Իրանի խնդրի վերաբերյալ: Միաժամանակ Միջերկրական ծով է ուղղվել «Թեոդոր Ռուզվելտ» ամերիկյան ավիակիրը, որը կատարելու է «ծովում անվտանգության պահպանման» առաքելությունը: Այդպիսով, ԱՄՆ-ի ավիակիրների քանակը Իրանի շուրջ` Միջերկրական եւ Արաբական ծովերում ու Պարսից ծոցում հասել է չորսի: Անցած շաբաթվա վերջում սկսված Իրանին սահմանակից Պակիստանի ռմբակոծումը ամերիկյան ավիացիայի կողմից, նույնպես տարածաշրջանի ապակայունացման եւ ԱՄՆ-ի համար անհաճո ռեժիմի տապալման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի մի մասն է կազմում: Պարսից ծոցի գոտում լրացուցիչ ռազմածովային ուժեր են սկսել կուտակվել շուրջ մեկ ամիս առաջ: ԱՄՆ-ի կողմից «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրից բաից այդ արշավին մասնակցեց «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը, ինչպես նաեւ ուղղաթիռակիր «Իվոդզիման», Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից` «Արկ Ռոյալ» ավիակիրը, մի քանի ֆրանսիական ռազմածովային նավեր, ինչպես նաեւ «Ամետիստ» ատոմային սուզանավը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների մարտական ծովային միավորների ընդհանուր քանակն Իրանի շուրջ գերազանցեց 40, ընդ որում դրանցից մի քանիսը միջուկային զենք կրող սուբմարինաներ են:

Այդ միջոցին հայ իրնագետ Թադեւոս Չարչյանը գտնում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի` Իրանի վրա հնարավոր հարձակման հայտարարությունները անլուրջ են: «Ապատեղեկատվություն է այն, որ Իրանի շուրջը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծովային միավորների թիվը գերազանցում է 40, ընդ որում` սուբմարիններից որոշները` միջուկային զենքով: «Բոլոր այդ հայտարարություններն արվում են, որպեսզի շոշափեն Իրանի հնարավոր արձագանքը կամ էլ նրան հրահրեն կոպիտ հակաիսրայելական հայտարարությունների: Մինչդեռ, եթե Իրանի ղեկավարությունն իր շուրջը կատարվող ամեն ինչը հանգիստ ընդունի, ԱՄՆ-ին եւ Իսրայելին չի հաջողվի Ահմադինեջադին ցայտնոտի մեջ գցել: Այժմ ընթացքի մեջ է այսպես կոչված ենթադրությունների ճշտումը: Բայց ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա. նրա կոկորդում ոսկորի պես կանգնած է Իրաքը: Իսկ Իրանն ավելի հզոր երկիր է»,- ընդգծել է հայ փորձագետը:

Իսկ ինչ վերաբերում է հռչակավոր «Կովկասյան պլատֆորմին», ապա Թուրքիան արդեն ստացել է ԵՄ հավանությունը. նա խիստ ուներ դրա կարիքը: «Եվրամիության Խորհրդի ղեկավարությունն իր հետաքրքրությունն է արտահայտում «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնության հանդեպ»: Դա Թուրքիայի կողմից զգալի ներդրում կլինի Վրաստանի հակամարտության կոնտեքստում նոր իմաստ ստացող տարածաշրջանային կայունության հաստատման, անվտանգության եւ զարգացման գործում»,- հաղորդում է ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Իրանական դիրքորոշումը հետեւյալն է. տվյալ նախաձեռնության մեջ Իրանի չմասնակցելը նրան ոչ լիարժեք է դարձնում: «Թուրքիայի գաղափարը, եթե չասենք, որ չափազանց շուտ է ներկայացվել, ապա, առնվազն, կարող ենք ասել, որ անկեղծորեն չի ներկայացված, քանի որ տարածաշրջանային խնդիրների լուծման համար պետք է առավել ակտիվացնել տարածաշրջանային համագործակցությունը, եւ անհնար է, այսպես ասած, տարածաշրջանային ուժերի հավասարակշռության ապահովման համար ուղղակի չնկատել Իրանին»,- ընդգծել է Կամալ Զարեհը, ավելացնելով, որ լավագույն տարբերակը կլինի 3+3 տարբերակը` Հարավային Կովկասի 3 հանրապետություն, Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---