Երկակի չափանիշների օգտագործումը գերտերությունների մենաշնորհն է

«Նախադեպ» տերմինը հիմնավոր կերպով ընդգրկվեց դիվանագետների եւ քաղաքական գործիչների բառապաշարում Կոսովոյի անկախության ճանաչումից անմիջապես հետո

Կշտամբելով Արեւմուտքին երկակի չափանիշների կիրառման համար, մենք երբեմն նույնը չենք անում Ռուսաստանի դեպքում, որը կարծես թե Հայաստանի դաշնակիցն է: Իրականում ցանկացած տերություն օգտագործում է այդ սկզբունքը իրենց համեմատ առավել թույլ ու փոքր պետությունների հանդեպ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը դրա ուղղակի ապացույցն է: «Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը նախադեպ չի ստեղծում Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի համար»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
PanARMENIAN.Net - «Նախադեպ» տերմինը հիմնավոր կերպով ընդգրկվեց դիվանագետների եւ քաղաքական գործիչների բառապաշարում Կոսովոյի անկախության ճանաչումից անմիջապես հետո եւ, հավանաբար, դեռեւս երկար կկիրառվի տեղին ու անտեղի: Այս դեպքում, Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակադրումը Հարավային Օսեթիային ու Աբխազիային, իսկ ավելի վաղ` Կոսովոյին, ուղղակի անընդունելի է: Պատճառը շատ պարզ է` ոչ Ղարաբաղ, ոչ Մերձդնեստր Ռուսաստանն իր զորքերը մտցնել չի կարող իրենից անկախ տարբեր պատճառներով: Հաշվի է առնվում նաեւ այն, որ ԼՂՀ-ի եւ Մերձդնեստրի բնակչությունը չի ցանկանում լինել որեւէ մեկի հովանավության տակ, լինի դա Հայաստանը, թե Մոլդովան: Սակայն Ռուսաստանին ակնհայտորեն դուր է եկել միջամտությունը համաշխարհային քաղաքականությանը եւ որոշեց, որ կարող է իր պայմանները թելադրել: Թեեւ այդ ցանկության մեջ նա միայնակ չէ` նույն կերպ է վարվում ԱՄՆ-ն: Միակ բանը, որտեղ համընկնում են գերտերությունների կարծիքները, դա «նախադեպի անթույլատրելիությունն է», որը եղել է միշտ եւ ամենուր, այլ ոչ միայն 21-րդ դարում: Կարելի է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին նախադեպը սահմանների անխախտելիության մասին Յալթայում ստորագրված պայմանավորվածության խախտումն էր, որոնք 1991թ. բոլորովին չէին համապատասխանում 1945թ. մոդելին: Հետպատերազմյան Եվրոպայի սահմանները, որ գծված էին ըստ ազդեցության գոտիների եւ ուղղակի քմահաճույքի, ընդհանուր ոչ մի բան չունեին իրական վիճակի հետ: Այդ սահմանները միայն ամրագրեցին Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակը: Նույնը կարելի է ասել ԽՍՀՄ ներքին սահմանների մասին` կամայական կերպով գծված, դրանք դարձան ներկա եւ գուցե ապագա հակամարտությունների աղբյուր հետխորհրդային տարածքում: Իսկ եթե դա այդպես է, ապա ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարինը, ոչ այլ ինչ են քան խորամանկություն եւ կեղծավորություն:

«Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի ԱՊՀ տարածքի բոլոր հակամարտությունների լուծմանը` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հարգման, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, հակամարտության մեջ ներքաշված կողմերի միջեւ համաձայնության որոնման հիման վրա: Պատասխանատվորեն կիրագործենք մեր միջնորդական առաքելությունը բանակցային գործընթացում, դա լիովին վերաբերվում է Մերձդնեստրին ու Լեռնային Ղարաբաղին: Ամենուրեք կան իր առանձնահատկությունները, միջնորդության սեփական ձեւաչափերն ու մեխանիզմները: Սակայն հարավօսական ճգնաժամը նրանց համար ոչ մի նախադեպ չի ստեղծում»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ելույթ ունենալով Դաշնության Խորհրդում:

Հավանաբար, Լավրովի հայտարարությունները թելադրված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած վերջին այցով: Ճիշտ է, հազիվ թե Մոսկվան ռեվերանսներ անի Բաքվի կողմը, սակայն հավելյալ աջակցությունը երբեք ավելորդ չէ: Առավել եւս, որ Ադրբեջանն իր խնդիրները որպես հաղթաթուղթ է օգտագործում սակարկության համար: Ըստ ռուս վերլուծաբանների, Բաքուն սառը ընդունելություն է ցույց տալիս ամերիկացիներին, հասկացնելով, որ իր բարեհաճության գինն աճել է: Նա ուշադիր հետեւում է հայ-թուրքական մերձեցմանը, եւ նրան ձեռնատու են Թուրքիայի փորձերը` լցնել այն դատարկությունը, որն արդեն շատ տարիներ է ինչ մարմնավորում է ԵԱՀԿ ՄԽ-ն, նույնիսկ առանց հաջողության: Եվ Բաքուն հիանալի գիտի, որ իրավիճակի իր տեսլականը չափազանց հետաքրքրական է Մոսկվայի համար:

«Ադրբեջանը տարածաշրջանում անորոշության հիմնական գործոններից մեկն է, եւ Բաքվի չեզոքությունից բացի, ավելինի ոչ ոք չի էլ հավակնում: Ընդ որում բոլորը, առաջին հերթին Բաքուն, հիանալի գիտեն, որ չեզոքությամբ եւս կարելի է բավական հաջող եւ տեւական ժամանակ սակարկություն անել»,-նշում է gzt.ru-ն:

Մինչդեռ, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսի խոսքերով, ԱՄՆ-ն մտադիր է կրկնապատկել ջանքերը` Հարավային Կովկասում լարվածության նվազեցման եւ հակամարտությունների կարգավորման համար: «ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, կոչ անելու համար ղարաբաղյան հակամարտության կողմերին հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունն հայտնելու համար: «Մենք կանենք հնարավորը ղարաբաղյան հակամարտության արդարացի եւ վերջնական լուծման համար»,-ընդգծել է պետքարտուղարի տեղակալը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:

Այս ամենի մեջ միակ դրականն այն է, որ, ինչպես մենք բազմիցս ընդգծել են, ԼՂՀ ժողովրդին ոչ մի «արդարացի» կարգավորում հարկավոր չէ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---