Վաշինգտոնը սկսել է փոխարինող որոնե՞լ Սահակաշվիլիի համար

Ամերիկացիներին հեռավոր Վրաստանը, որը նրանք առաջին օրերին շփոթում էին սեփական Ջորջիա նահանգի հետ, շատ ավելի քիչ է հուզում, քան բանկերի սնանկացումը

Միխաիլ Սահակաշվիլիի «հնգօրյա պատերազմից» 40 օր անց աշխարհում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք կարող են հիմք ծառայել պետությունների միջեւ նոր կապերի հաստատման եւ հին հարաբերությունների վերանայման համար: Ընդ որում ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ մասշտաբով: Ամենակարեւորը, ինչին «հասավ» Վրաստանի նախագահը, դա Թուրքիայի կտրուկ ակտիվացումն է, որը իրեն ներկայացնում է արդեն որպես ուժեղ տարածաշրջանային խաղացող եւ դեպքերի հաջող դասավորության դեպքում կարող է հավակնել իսլամական աշխարհի գերտերության տեղին:
PanARMENIAN.Net - Հասկանալի է, որ Իրանը կփորձի թույլ չտալ դեպքերի նման զարգացում, սակայն Թուրքիան այժմ ավելի շատ հաղթաթղթեր ունի եւ ամենակարեւորը դրանցից, որքան էլ ծեծված լինի այս միտքը, «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքն է: Սակայն թուրքական կառավարությունը երբեք չի մոռանա Թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատգամը. «Կգա մի օր, երբ Ռուսաստանը կկորցնի այն ժողովրդների հանդեպ վերահսկողությունը, որոնց նա այժմ ամուր ձեռքերում է պահում: Աշխարհը նոր մակարդակի վրա դուրս կգա: Այդ պահին Թուրքիան պետք է իմանա, թե ինչ անի»:

Միանգամայն հավանական է, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը Նյու Յորքում կարող էր եւ չլինել, եթե չլիներ հարավօսական հակամարտությունը: Թեեւ տարածաշրջանային հարաբերությունների զարգացման տրամաբանությունը վաղ թե ուշ կհանգեցներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի եւ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ: Ուղղակի այժմ այս գործընթացն ավելի արագ առաջ գնաց եւ այստեղ կարող է ավելորդ դառնալ ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ն, այլ նաեւ որեւէ միջնորդ: Մեկ բան կարելի է հստակ ասել` ազգամիջյան հակամարտությունների ուժային լուծում գոյություն չունի եւ Վրաստանի նախագահը սա փայլուն կերպով ապացուցեց:

«Հարավային Օսեթիան եւ Աբխազիան վերադարձնելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու» մասին Սահակաշվիլիի չմտածված որոշումից ամենից շատ տուժեցին ամերիկա-ռուսական հարաբերությունները: ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի վերջին ելույթն, ըստ էության, դիվանագիտական պատերազմ է հայտարարում ՌԴ-ին: Եթե հաշվի առնենք Ամերիկայում ծավալված ֆինանսական եւ բանկային ճգնաժամերը, ապա անմիջապես զուգահեռ է առաջանում Հարավային Օսեթիայի համար պատերազմի, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների եւ նույն ճգնաժամի միջեւ: Մեկ բան միայն հաշվի չառավ Վրաստանի բռնկուն եւ անզուսպ նախագահը` Ամերիկացիներին հեռավոր Վրաստանը, որը նրանք առաջին օրերին շփոթում էին սեփական Ջորջիա նահանգի հետ, շատ ավելի քիչ է հուզում, քան բանկերի սնանկացումը:

Ճիշտ է, Մարշալի հիմնադրամում ունեցած իր ելույթում Ռայսը հայտարարել է, թե «Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա ապացուցեց միայն այն, ինչ հայտնի էր` Ռուսաստանը կարող է օգտագործել իր հզոր ռազմական ներուժը, հարեւան փոքր երկրի վրա հարձակվելու համար: Սակայն Վրաստանը տոկաց: Նրա ժողովրդավարությունը դիմացավ փորձությանը: Նրա տնտեսությունը կվերականգնվի: Նրա անկախությունը կապահովվի: Ժամանակի հետ կվերածնվեն նրա զինված ուժերը: Եվ մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, թե երբ կվերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով»:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է նաեւ, որ Վրաստանին կհատկացվի նաեւ ֆինանսական օգնություն, ինչն, առնվազն տարօրինակ է հնչում ճգնաժամի մեջ գտնվող երկրի համար...«Մենք եւ մեր եվրոպացի դաշնակիցները կմնանք Վրաստանի վերականգնմանն ուղղված օգնության միջազգային ջանքերի առաջին դիրքերում` ջանքերի, որոնք արդեն իսկ հրաշալի արդյունքներ են տվել: ԱՄՆ-ն Վրաստանին է հատկացրել մեկ միլիարդ դոլարի տնտեսական օգնության փաթեթ: Եվրամիությունը խոստացել է հատկացնել 500 մլն եվրո»,-ընդգծել է Ռայսը:

Մինչդեռ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ կշտամբում է ԱՄՆ պետքարտուղարին հակամարտության պատմությունը չիմանալու եւ Միխաիլ Սահակաշվիլուն սատարելու համար: «Ք.Ռայսը պնդում է, թե կովկասյան ճգնաժամի պատճառները Խորհրդային Միության փլուզման հետ են կապված: Իրականում մասնագետներին հիանալի հայտնի է, որ դրանք շատ ավելի խորն են, երբ Աբխազիան ու Օսեթիան դարձան Ռուսաստանի մի մասը առանց Վրաստանի: Եթե խոսենք ԽՍՀՄ փլուզման շրջանի մասին, ապա 1991թ. Վրաստանի նախագահ Զ.Գամսախուրդիան հայտարարեց. «Այժմ անհրաժեշտ է, առաջին հերթին, արտաքսել օսերին Ռուսաստան, կրճատել այն տարածքը, որի վրա բնակվում են աբխազները, վերացնել Աջարիայի ինքնավարությունը: Ողջ տարածքը պատկանում է վրացիներին, նրանք պետք է ապրեն իրենց բնիկ հողերում, որտեղ տեղ չկա այլ ժողովրդների ինքնավարությունների համար»: Հայտարարությամբ նա չսահմանափակվեց եւ պատերազմ սկսեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի դեմ, որը հաջողվեց կասեցնել բազում մարդկային կյանքերի գնով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ի դեպ, հաճախակի են դարձել վրաց ընդդիմության այցելությունները ԱՄՆ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Վաշինգտոնը սկսել շտապ փոխարինող որոնել Սահակաշվիլու համար, որն իր գործողություններով կանգնեցրեց աշխարհը նոր դիմակայության սպառնալիքի առջեւ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---